Մատչելիության հղումներ

Հայաստանում մոտ 300 երեխա դպրոց չի գնում սոցիալական վատ պայմանների պատճառով


Կրթության և գիտության նախարարությունում ասում են, որ զբաղվում են այս երեխաներով և փորձում են դպրոց վերադարձնել:

Որդուն այս սեպտեմբերին՝ մեկ տարի ուշացումով դպրոց ուղարկած կինը, ով չցանկացավ ներկայանալ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի կարողացել տղային տարեկիցների հետ դպրոց ուղարկել սոցիալական խնդիրների պատճառով:

«Երեխան այսօր գնացել է դպրոց ու շատ ծանր հոգեբանական սթրես է տարել: Եկել է, հարցնում է, ասում է՝ մամա, ո՞նց ա եղել, որ իմ մանկապարտեզի ընկերը հիմա երկրորդ դասարան է գնում, ես՝ առաջին: Ի՞նչ պատասխան տամ երեխային, որ կոշիկ, շոր չունեիր», - անկեղծացավ 7-ամյա տղայի մայրը:

Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Արտակ Պողոսյանն ասում է, որ չունեն վիճակագրություն այն երեխաների վերաբերյալ, որոնք երբևէ դպրոց չեն հաճախել, սակայն կա վիճակագրություն այն երեխաների մասով, որոնք այս կամ այն պատճառով դադարել են դպրոց գնալ: Վերջին տվյալներով այդ երեխաների թիվը մոտ 570 է: Առաջին տեղում որպես պատճառ նշվում են սոցիալ-տնտեսական պայմանները:

«Այս պահին ամբողջ Հայաստանում 275 աշակերտ սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով անավարտ է թողել ուսումը դպրոցում: Վիճակագրությունն ամփոփելուց հետո մենք դիմում ենք նախարարին, նա գրություններն ուղարկում է բոլոր այն դպրոցների մարզպետարաններ, որտեղ նշվել է, որ կա ուսումն անավարտ թողած աշակերտ, և զբաղվում ենք այդ աշակերտով և վերադարձնում դպրոց», - ասաց Պողոսյանը:

«Ազատության» զրուցակից մայրը, սակայն, նշում է, որ էական օգնություն չեն ստացել ո՛չ թաղապետարանից, ո՛չ էլ Կրթության և գիտության նախարարից, ում նամակով դիմել են․ - «Ինձ պատասխանեցին, որ՝ տարեք դպրոց երեխային, գրքերով կապահովենք: Բայց միայն գրքերով ես չէր կարող երեխային դպրոց տանել: Հարևանները օգնեցին․ փոքրացած շոր էր, կոշիկ էր, անգամ իրենք էին ասում՝ մի բան արա, էդ երեխուն դպրոց ուղարկի: Տեսան, որ չեմ կարողանում, իրենք օգնեցին»:

Կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ իսկապես հիմնականում դպրոց չեն հաճախում անապահով ընտանիքների երեխաները․ նրանք համապատասխան հագուստ չունեն և դասարանում որպես կանոն սիրված չեն:

«Սկսած նրանից, որ էդ երեխայի վրայից կարող է վատ հոտ գալ կամ հագուստը նորմալ չլինի: Էսպիսի հարցեր կան, որ էդ երեխաներին քիչ-քիչ մեկուսացնում են մյուսներից», - «Ազատությանը» փոխանցեց Սերոբ Խաչատրյանը:

Փորձագետի խոսքով՝ անապահով ընտանիքների երեխաները արդեն միջին դասարաններում աշխատում և օգնում են իրենց ծնողներին՝ բաց թողնելով դասերը․- «Եթե ընտանիքը ունի սնվելու խնդիր, պահանջմունք, ապա կրթության պահանջմունքը արդեն մղվում է երկրորդ պլան»:

Խնդիրը լուծելու համար փորձագետն առաջարկում է նման ընտանիքների երեխաներին ավելի շատ ֆինանսավորում տրամադրել:

Իր տղային առաջին դասարան ուշացումով ճանապարհած մայրն ասում է, թե համոզված չէ, որ, օրինակ, ձմռանը կամ հաջորդ տարի կշարունակի երեխային դպրոց տանել․ - «Եթե չկա սապոգ․․․Ոնց որ մանկապարտեզ էի տանում, երեխան մրսում, հիվանդանում, գալիս էր տուն, ջերմում էր, հաստատ չեմ ուղարկի: Ավելի լավ ա տանը մնա, չմրսի, քան կոշիկով դողացնելով գնա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG