Մատչելիության հղումներ

Կրեմլը հերքել է Կիևի հետ հրադադար կնքելու մասին տեղեկատվությունը


Ռուսաստան -- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստան -- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը սեպտեմբերի 3-ին հերքել է տեղեկատվությունը, թե Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն համաձայնության են հանգել Ուկրաինայի արևելքում հրադադար կնքելու մասին:

Դմիտրի Պեսկովը նման հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Պորոշենկոյի գրասենյակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ երկու առաջնորդները այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում համաձայնության են եկել Ուկրաինայի արևելքում «մշտական հրադադար» կնքելու շուրջ: Պեսկովը ասել է, որ Պուտինն ու Պորոշենկոն «իսկապես քննարկել են այն քայլերը, որոնք կօգնեն հրադադարի հաստատմանը», սակայն հավելել է, թե՝ «Ռուսաստանը չի կարող հրադադարի մասին համաձայնագիր կնքել, քանի որ այն հակամարտության կողմ չի հանդիսանում»:

Պորոշեկնոյի կայքում հրապարակված հաղորդագրությունն ավելի ուշ փոխվել է: Նոր հաղորդագրությունում նշված է, որ երկու նախագահների միջև համաձայնություն է ձեռք բերվել Դոնբասում «հրադադարի ռեժիմի» վերաբերյալ:

Ավելի վաղ նախագահ Պուտինի խոսնակը՝ Դմիտրի Պեսկովը, ռուսաստանյան գործակալություններին հայտնել էր, որ Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել և ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ նրանց մոտեցումները «հիմնականում համընկնում են»:

Հիշեցնենք՝ Պուտինն ու Պորոշենկոն անցած շաբաթ Մինսկում հանդիպում ունեցան, սակայն այդ հանդիպումից հետո ռազմական գործողությունները էլ ավելի մեծ թափ ստացան:

Ապրիլ ամսից Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել:

Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինա զորք մտցնելու մեջ, սակայն Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները՝ չնայած Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ներկայացրած փաստերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG