Մատչելիության հղումներ

Հունաստանում կարող է օրենքով արգելվել Հայոց ցեղասպանության ժխտումը


Հունաստան -- Խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ

Հունաստան -- Խորհրդարանի նիստերի դահլիճը, արխիվ

Հունաստանի խորհրդարանում երեքշաբթի օրը քննարկումներ են սկսվել մի օրինագծի շուրջ, որի ընդունման դեպքում հնարավոր է արգելվի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը:

«Ասոշիեյթեդ փրեսը» հաղորդում է, որ շրջանառության մեջ դրված նախագիծը արգելում է ժխտել Հոլոքոստը, ինչպես նաև ընդլայնում է դատախազության լիազորությունները այլատյացության, ազգային պատկանելության դրդապատճառներով հանցագործությունների դեմ պայքարում:

Սակայն Հայոց ցեղասպանությունը ժխտելը արգելելու հարցում պահպանողականների գլխավորած կառավարությունը հանդիպում է ձախակողմյան ընդդիմության և որոշ օրենսդիրների դիմադրությանը: Վերջիններս չեն ցանկանում, որ նման կետ ընդգրկվի օրինագծում:

«Դեռ վստահ չենք, բայց երևի Հայոց ցեղասպանությանը ժխտումը պիտի դատապարտվի», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Հունաստանում Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Ավագյանը: - «Շատ հավանական է, որ այլևս Հունաստանի մեջ պիտի օրենք լինի, որ ով որ մերժի Հայոց ցեղասպանությունը, պիտի ենթարկվի դատական պատասխանատվության»:

Օրինագիծը նախատեսվում է քվեարկության դնել շաբաթավերջին:

«Կարծում եմ, ուրբաթ օրը ուրախ լուր կունենանք Հունաստանից», - մեզ հետ զրույցում ասաց Հունաստանում Հայ դատի հանձնախմբի ատենապետը:

«Ասոշիեյթեդ փրեսը» նշում է, որ այս օրինագիծը ներկայացնելու պատճառներից մեկը Հունաստանի ծայրահեղ աջ «Ոսկի Արշալույս» կուսակցության անդամների տասնյակ հարձակումներն են ներգաղթյալների վրա: Հարձակումները ակտիվանում են, մյուս կողմից ծայրահեղականները ստանում են նաև հանրության աջակցությունը:

Օրինագիծը իրավապահներին թույլատրում է հետաքննություն վարել նաև առանց տուժողների բողոքների:

Երեքշաբթի օրը Հունաստանի արդարադատության նախարարը խորհրդարանում պարզաբանումներ է տվել նոր օրինագծի վերաբերյալ:

«Մենք արդեն օրենք ունենք ռասիզմի դեմ, բայց այն չենք կարողանում լիարժեք կիրառել, քանի որ, օրինակ, հարձակումների ենթարկված ներգաղթյալները վախենում են հայտնել հանցագործությունների մասին, քանի որ համապատասխան ճանապարհորդական փաստաթղթեր չունեն, այստեղ ապրում են անօրինական կերպով և վախենում են արտաքսվելուց», - ասել է նախարարը:

Հունաստանի Օմբուդսմենն էլ հայտնել է, որ 16 ամիսների ընթացքում այլատյացության դրդապատճառներով կատարված հարձակումների մասին 281 հաղորդագրություն է ստացել: Նշված ժամանակահատվածում 4 մարդ սպանվել է, 135-ը՝ վիրավորվել:

XS
SM
MD
LG