Մատչելիության հղումներ

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ուշ երեկոյան պաշտոնական այցով ժամանեց Բաքու:

«Իմ այս այցի ընթացքում ես պարոն Ալիևի հետ կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մասնավորաբար` Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված հիմնարար լուծումների հնարավորությունը», - Ադրբեջան մեկնելուց առաջ` Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հատուկ նշեց թուրքական հանրապետության ղեկավարը: - «Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարօրության հաստատումն է», - հավելեց Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Բաքվում նախատեսված բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև երկկողմ տնտեսական` նախևառաջ էներգետիկ ծրագրերին վերաբերող հարցերը:

Բանակցությունների օրակարգում առանձին կետով է ընդգրկված նաև Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն ավարտին հասցնելու հարցը:

Բաքու մեկնող թուրքական պատվիրակությունը պատկառելի կազմ ունի, դրանում ընդգրկված են կառավարության մի շարք անդամներ՝ այդ թվում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

Սակայն Էրդողանի այս այցը մեկնարկում է թուրք-ադրբեջանական հարաբերություններում նկատվող որոշակի սառնության ֆոնին: Բաքվի և Անկարայի հարաբերություններում խնդիրներ ի հայտ եկան այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին` հրավիրելով մասնակցել Էրդողանի պաշտոնամուտի արարողությանը: Իսկ երբ հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը ոչ միայն չի մերժում թուրքական կողմի հրավերը, այլև պատրաստվում է արտաքին գործերի նախարար Նալբանդյանի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Թուրքիայի 12-րդ նախագահի երդմնակալության արարողությանը` Բաքվի դիրքորոշումն է՛լ ավելի կոշտացավ: Չնայած Իլհամ Ալիևին ուղարկված հրավերին` Ադրբեջանի նախագահը Անկարա չմեկնեց` փոխարենը թուրքական մայրաքաղաք ուղարկելով քաղաքական որոշումների վրա բավական թույլ ազդեցություն ունեցող վարչապետ Արթուր Ռասիզադեին:

Էրդողանի` Բաքու ժամանելուց հաշված ժամեր առաջ էլ երկկողմ հարաբերություններում նոր սկանդալ ծագեց: Ադրբեջանական մամուլում տեղեկություններ ի հայտ եկան, որոնց համաձայն Բաքուն սեպտեմբերից 1-ից խստացրել է վիզային ռեժիմը Թուրքիայի հետ:

Yeni Musavat թերթի պնդմամբ, Ադրբեջանը միակողմանիորեն հրաժարվել էր Թուրքիայի քաղաքացիներին մեկ տարի ժամկետով մուտքի վիզաների տրամադրման պրակտիկայից: Ադրբեջանական թերթի տեղեկությամբ, այս նորամուծության գլխավոր թիրախը երկու երկրների միջև փոխադրումներով զբաղվող բեռնատարների վարորդներն էին, ինչը բավական լուրջ հարված կարող էր դառնալ թուրք-ադրբեջանական տնտեսական կապերի զարգացման համար:

Հարկ է նկատել, որ այս քայլը թուրքական կողմի համար բավական ցավոտ հարված էր նաև այն պատճառով, որ Անկարան Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է տարիներ առաջ, սակայն մինչ օրս Ադրբեջանի համարժեք արձագանքին չի արժանացել:

Սակայն երեկ՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` հերքելով վիզային ռեժիմի խստացման մասին լուրերը:

«Նման տեղեկությունների տարածումը, այն էլ Էրդողանի այցից առաջ, քաղաքական սադրանք է», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը:

XS
SM
MD
LG