Մատչելիության հղումներ

Պուտինի և Սոլժենիցինի տեսլականների զարմանալի համընկնումը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրող Ալեքսանդր Սոլժենիցինի տանը, 2007 թվական։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրող Ալեքսանդր Սոլժենիցինի տանը, 2007 թվական։

Սելիգերում իշխանամետ երիտասարդ ակտիվիստների հետ օգոստոսի 29-ի հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կարծես, ի միջի այլոց, կասկածի տակ է առել Ղազախստանի պետականությունը։

Մի երիտասարդ կին նշել է, որ Ղազախստանում կան ազգայնական տրամադրություններ և հարցրել Ռուսաստանի կազմում Հյուսիսային Ղազախստանի հնարավոր ինտեգրման մասին։ Պուտինը գովեստով է խոսել Ղազախստանի մասին, այդ երկիրն անվանել է Ռուսաստանի դաշնակից, նախագահ Նուրսուլթան Նազարբաևին անվանել է հետխորհրդային տարածքի ամենակարող և հմուտ պետական այրերից մեկն, ով մեծ ներդրում ունի իր հայրենիքի բարգավաճման գործում։

«Նազարբաևը բացառիկ բան է արել, նա ստեղծել է պետություն մի տարածքում, որտեղ մինչ այդ ընդհանրապես պետություն չի եղել, ղազախները երբեք իրենց պետությունը չեն ունեցել, այդ իմաստով նա հետխորհրդային տարածքում բացառիկ անձավորություն է»,- ասել է Պուտինը։

Նա գովաբանել է Եվրասիական միության գաղափարը և նկատել տվել, թե «ղազախները դրան հավանություն են տալիս և ճիշտ են գնահատում «ընդարձակ ռուսաց աշխարհի» տարածքում գտնվելու օգուտները։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի փորձագետ Ռոբերտ Քոալսոնի, այդ մոտեցումն ակամա հիշեցնում է անվանի գրող Ալեքսանդր Սոլժենիցինի 1990 թվականի ծավալուն հրապարակումը, որում Նոբելյան մրցանակակիրը ներկայացրել է «Ընդարձակ Ռուսաստանի» մասին իր տեսլականը։

Պուտինը նրբանկատություն պահանջող այդ թեման արծարծել է մի չափազանց կարևոր ժամանակաշրջանում, քանի որ Ղազախստանի դիրքորոշումն առանձնահատուկ նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միության կայացման համար։

Նուրսուլթան Նազարբաևն ի պատասխան ասել է, թե Ղազախստանը չի վարանի լքել Եվրասիական միությունը, եթե անդամակցությունը վնաս հասցնի անկախությանը և ինքնիշխանությանը։

Ղազախստանի բնակչության ավելի քան 20 տոկոսը ռուսներ են, ովքեր մեծավ մասամբ ապրում են են երկրի հյուսիսային շրջաններում։

«Ինչպես վերակառուցել Ռուսաստանը» հրապարակախոսական հոդվածում Սոլժենիցինը, քննադատելով խորհրդային իշխանությունների վտանգավոր քաղաքականությունը ներքին սահմանները հաստատելու հարցում, գրել է, թե վարչակազմը Ռուսիայի ավանդական տարածքի մի մասը հանձնել է խորհրդային այլ հանրապետություններին։

Սոլժենիցինի համոզմամբ, հարկ է կազմել «Ռուսական միություն», որը կներառի Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանի հյուսիսը։ Ըստ գրողի, ռուսները, բելառուսները և ուկրաինացիները միացյալ ժողովուրդ են, արհեստական տարանջատումը մոնղոլական լծի և լեհերի կողմից գաղութացվելու հետևանք է։

«Մենք բոլորս ծնվել ենք Կիևյան Ռուսիայում, որտեղից սկիզբ են առել և տարածվել են ռուսական հողերը։ Լիտվայում և Լեհաստանում բելառուսները և ուկրաինացիներն իրենց ռուս են համարել և պայքարել են «լեհականացման» և կաթոլիկության դեմ։ Այդ հողերի վերադարձը Ռուսաստանին բոլորը համարել են «վերամիավորում»»,- հայտարարել է գրողը։

Սոլժենիցինի համոզմամբ, Ուկրաինայի անկախացման դեպքում Ղրիմին և արևելյան շրջաններին պետք էր տալ ինքնորոշվելու հնարավորություն։ Իր այդ հայտնի աշխատությունում Սոլժենիցինը գրել է, որ Ուկրաինայի անջատումը Ռուսաստանից ահավոր տառապանք և ցավ կբերի, ընդգծել է ռուս-ուկրաինական միության անհրաժեշտությունը՝ հավելելով, որ նույնն ամբողջությամբ վերաբերվում է ռուս-բելառուսական կապերին։

Սոլժենիցինը ժամանակին ողջունել է Պուտինի ընտրությունը երկրի ղեկավարի պաշտոնում և ասել է, որ նա վերականգնում է Ռուսաստանի ազգային արժանապատվությունը։

2007 թվականին Պուտինը այցելել էր արդեն հիվանդ Սոլժենիցինին և նրան պետական մրցանակ է շնորհել։

XS
SM
MD
LG