Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղը այսօր տոնում է անկախության հռչակման 23-րդ տարեդարձը։ Տոնական գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու մայրաքաղաք Ստեփանակերտում։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տոնին մասնակցելու համար Ղարաբաղում են աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ և սփյուռքի ներկայացուցիչներ։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այցելելու ենք Ստեփանակերտի հուշահամալիր, այնտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվելու զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին, այնուհետև լինելու է պարգևատրում, հետո՝ համերգային ծրագրեր»,- փոխանցեց Բաբայանը։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունեց։

Ամփոփելով անկախ Լեռնային Ղարաբաղի 23 տարիները՝ որպես ձեռքբերում Դավիթ Բաբայանը նշեց կայացած և անընդհատ կատարելագործվող պետական կառույցները, այստեղ հատկապես կարևոր է զինված ուժերը, որը անկախության պահպանման երաշխավորն է։

«Սա մեր մեծ ձեռքբերումներից է, քանի որ զրոյից ենք ստեղծում բանակ։ Հարևան պետությունը՝ Ադրբեջանը, զրոյից չի ստեղծել, քանի որ այնտեղ կային և ռուսական՝ սովետական ստորաբաժանումներ, և իրենք ունեին իրենց ազգային ոստիկանությունը, տարբեր այլ ուժեր, իսկ մենք զրոյից ստեղծեցինք։ Եվ բանակը մեր պարծանքն է։ Բացի դրանից կարողացանք պաշտպանել պետությունը, կարողացանք ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Սրանք կարևորագույն ձեռքբերումներ են, որոնք դարակազմիկ նշանակություն ունեցան ողջ հայության համար»,- ընդգծեց Բաբայանը։

Ինչ վերաբերում է անկախ Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած մարտահրավերներին, ապա դրանցից է, օրինակ, միջազգային ճանաչման հասնելը, սակայն այսօր առաջնայինը անվտանգության պահպանումն է.- «Հատկապես ունենալով այդպիսի հարևան-հակառակորդ, ինչպիսին է Ադրբեջանը, որը լրիվությամբ անցել է ֆաշիզմի ու նացիզմի գիրկը։ Բնական է, այսպիսի պետությունը, ամեն պահ, եթե հնարավորություն ունենա, կարող է ոչնչացնել, ուղղակի քարը քարին չթողնել ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Դա իրենց գերնպատակն է դարձել։ Հետևաբար մենք միշտ պետք է լինենք ուժեղ։ Ուժեղ լինելու համար պիտի լինենք համախմբված»,- ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG