Մատչելիության հղումներ

logo-print

Տավուշի մարզպետը և Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում են Հայաստանի քաղաքացու գերեվարման փաստը


Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանը, օրերս հատելով հայ-ադրբեջանական սահմանը, հայտնվել է ադրբեջանական գերության մեջ։

«Սարգիս Անանյանը վերջերս էր վերադարձել Ռուսաստանից։ Երկու որդիներն ապրում են Երևանում։ Երեկ լսեցինք, որ ադրբեջանական գերության մեջ հայտնվածը Սարգիս Անանյանն է։ Այդ հատվածում, որտեղից Անանյանը անցել է սահմանը, գտնվում է նրա այգին: Մտածում ենք, որ կարող է իր այգում է եղել, այնուհետև անցել է սահմանը»,- փոխանցեց մարզպետը։

Անանյանի հարևանը՝ Ռուբեն Փափախչյանը պատմում է, որ Սարգիսը հարևանների հետ գրեթե չէր շփվում, ճիշտ է, բանվորություն էր անում, բայց սոցիալապես անապահով էր։

«Ալկոհոլի նկատմամբ շատ անկայուն էր: Կարելի է ասել՝ ամեն օր օգտագործում էր: Եվ շատ հնարավոր է, որ այդ դեպքը, որ կատարվել է, ալկոհոլի ազդեցության տակ է եղել», - հավելեց Փափախչյանը:

Պաշտոնական Բաքուն ևս հաստատել է Հայաստանի քաղաքացու գերեվարման փաստը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ 53-ամյա Անանյանը, օգոստոսի 26-ին հատելով հայ-ադրբեջանական սահմանը՝ հայտնվել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի տարածքում։ Ընդ որում, ադրբեջանական կողմը պնդում է, թե Սարգիս Անանյանը դժգոհ է Հայաստանի ծանր սոցիալական վիճակից, այդ պատճառով էլ հատել է սահմանը։

Ըստ ադրբեջանական աղբյուրի, Անանյանը առողջական վիճակի պատճառով 10 տարեկանից կրթություն չի ստացել, պիտանի չի եղել զինվորական ծառայության համար և ստիպված է եղել վարձու աշխատանք կատարել։

Մարզպետ Հովիկ Աբովյանի տեղեկություններով, սակայն, ադրբեջանական գերության մեջ հայտնված Սարգիս Անանյանը ո՛չ առողջական խնդիրներ է ունեցել, ո՛չ էլ դժգոհել է սոցիալիական վիճակից։

«Ընդհանրապես որևէ դժգոհություն չի եղել նրա կողմից: Ինքը այստեղ չի էլ ապրել։ Ինքը պատահական իր այգուց երևի շփոթված անցել է ադրբեջանական սահմանը։ Ոչ մի անգամ չի դժգոհել, եթե դժգոհեր, ապա ես, բացի այն, որ մարզպետն եմ, որպես Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ, կիմանայի։ Քաղաքապետին ևս դժգոհություն չի հայտնել։ Այնպես որ դա Ադրբեջանի հերթական պրովոկացիան է», - ասաց Աբովյանը։

Ադրբեջանական ռազմական գերատեսչության կայքում նաև նշվում է, որ Հայաստանի գերեվարված քաղաքացին գտնվում է բժշկական հսկողության տակ ու նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան․ -

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հնարավոր չէ լիարժեքորեն վերահսկել ու բացառել, որ քաղաքացիական անձինք պատահաբար չհայտնվեն սահմանից այն կողմ:

Կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը ևս «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ օգոստոսի 25-ից Նոյեմբերյանում անհետացել է Սարգիս Անանյան անունով մի քաղաքացի, հիմա ստուգումներ են իրականացվում՝ ճշտելու արդյոք այդ անձը նույն այն քաղաքացին է, որը հայտնվել է ադրբեջանական գերության մեջ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ խնդրելով հնարավորություն տալ տեսակցել Հայաստանի քաղաքացուն։

Ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին գրել էին դեռ մեկ շաբաթ առաջ, սակայն լուրը պաշտոնապես չէր հաստատվել։

XS
SM
MD
LG