Մատչելիության հղումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց, որ Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի` սեպտեմբերի սկզբին Հայաստան նախատեսված այցը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների վարչապետների արտագնա նիստի շրջանակներում, չի կայանա:

Ավելի վաղ, հիշեցնենք, Աբրահամյանն ասել էր, թե նախնական պայմանավորվածություն կա, թե սեպտեմբերի 8-9-ին Մեդվեդևն այցելելու է Երևան։ Այժմ, սակայն, պարզվում է քննարկվելիք հարցերը տեղափոխվել են ավելի բարձր մակարդակ:

«Պայմանավորվածություն կար, որ վարչապետներն այցելեին Հայաստան և այդ գործառույթն իրականացնեինք: Հիմա տեղափոխվել է նախագահների դաշտ, և իրենք հոկտեմբերի 10-ին, ինչպես բոլորդ գիտեք, Նազարբաևը հայտարարել է, պատրաստվում են նախագահների նիստին», - այսօր ասաց Աբրահամյանը։

Նույն Նազարբաևը, մինչդեռ, ընդամենը երեկ սպառնացել էր, թե Ղազախստանը երբեք չի լինի այն միության կազմում, որտեղ կվտանգվի իրենց անկախությունը:

Հայտարարությունից ժամեր անց՝ այսօր արդեն, Ռուսաստանի նախագահը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել «Եվրասիական տնտեսական միության մասին» փաստաթուղթը , որն ամիսներ առաջ Աստանայում ստորագրել էին Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները։ Թե երբ այդ դաշինքին կանդամակցի Հայաստանը՝ մինչև օրս հստակ չէ։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անդրադարձել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որտեղ վերջինս բացասաբար էր խոսել տնտեսության վիճակի և հեռանկարների մասին։

«Տնտեսության իրավիճակի լավատեսական գնահատականի համար պատճառներ չեմ տեսնում», - ասել էր երկրորդ նախագահը։

Արձագանքելով այս քննադատությանը՝ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, թե իր կառավարությանը ժամանակ է պետք հաջողություններ գրանցելու համար»․ - «Ես տեսնում եմ և համոզված եմ ուղղակի, որ հաջողելու է Կառավարությունը։ Եվ ես տեսնում եմ մեր Կառավարության առաջիկա խնդիրը՝ զարգացնել տնտեսությունը, որից կածանցվի ժողովրդի բարեկեցությունը, ապահով կյանքը: Եվ դա ես տեսնում եմ, բոլորը հասկանում են, նաև երկրորդ նախագահը՝ առավել ևս: Ու դրա համար ժամանակ է պետք, որպեսզի մենք արձանագրենք հաջողություններ։ Նույն այդ ճանապարհը նաև անցել ենք մենք երկրորդ նախագահի հետ, և ես համոզված եմ, որ մենք ջանք չենք խնայելու, որպեսզի մեր տնտեսությունը զարգացնենք, և մեր հայ ժողովուրդը արժանի է ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու: Եվ դրա համար մենք, նորից եմ կրկնում՝ ջանք չենք խնայելու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հաջողությունն արձանագրենք»։

Հարցին, թե ի՞նչ է պետք անել գործազրկության աճի դադարեցման և աշխատունակ բնակչության արտագաղթը կանխելու համար, Քոչարյանը պատասխանել էր, որ պետք է առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելը:

Այս առնչությամբ Աբրահամյանը «չարիք» է որակել արտագաղթը՝ նշելով, թե դրա դեմ պայքարելու կամ այդ երևույթը նվազագույնի հասցնելու համար կարևոր է զարգացնել տնտեսությունը, որից կածանցվեն աշխատատեղեր․ - «Համոզված եմ, որ Կառավարության ամենակարևոր խնդիրներն են արտագաղթի նվազեցումը և աղքատության կրճատումը, և մենք դրա համար ենք կոչված և ամեն ինչ անելու ենք ապագայում, որպեսզի հասնենք այդ հաջողությանը»:

XS
SM
MD
LG