Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը վճարովի կայանատեղիների հարցով պատրաստվում է դիմել ՍԴ


ՄԻՊ-ը վճարովի կայանատեղիների հարցով պատրաստվում է դիմել ՍԴ
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղիների հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։

Օմբուդսմենը փաստում է՝ կայանատեղիից օգտվելու համար վճարվող տուրքի դիմաց քաղաքացուն պետք է ծառայություն մատուցվի, մինչդեռ, գործնականում, ոչ մի ծառայություն չի մատուցվում։

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեկ ամսից ավելի ուսումնասիրել են հարցը, արդեն դիմել են քաղաքային իշխանություններին՝ փորձելով պարզել, օրինակ՝ այդ ինչ ծառայության դիմաց քաղաքացին փողոցում մեքենան կայանելու համար պետք է վճարի:

«Թե Քաղաքապետարանը, թե «Փարկինգ Սիթի Սերվիս»ը չեն ապահովում անվտանգությունը, չեն փոխհատուցում որևէ նյութական վնաս կրելու դեպքում, ստացվում է, որ տուրքն իր նպատակին չի ծառայում»,- ասաց Խաչատրյանը։

Այս հարցերի պատասխանները ստանալուց հետո արդեն ՄԻՊ-ը կքննարկի Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

Տաթևիկ Խաչատրյանի խոսքով՝ այն, որ օրենքում վիճահարույց տարրեր կան՝ ակնհայտ է։ Օրինակ՝ սահմանված չէ, թե ինչ եղանակով պետք է քաղաքաքացին վճարի, հիմնավորված չէ նաև վճարման չափը։

ՄԻՊ գրասենյակին վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող օրենսդրության սահմանադրականությունը ուսումնասիրելու խնդրանքով դիմել էր վարորդների իրավունքների համար բողոքի ցույցեր իրականացնող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը։

«Ազատության» հետ զրույցում նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը բազմաթիվ օրինակներ հիշեց, երբ մեքենան վնասվել է, սակայն վարորդին չի հաջողվել ստանալ տեսանյութը. «Փարկինգ Սիթի Սերվիս»ից ասել են՝ այն տեխնիկական խնդիրների պատճառով բացակայում է։ Ակտիվիստը վստահ է, որ տեսախցիկների մեծ մասը պարզապես չի աշխատում և վճարելը անիմաստ է։

«Ես կասկածում եմ, որ եթե այդ հասցեատերը, տվյալ դեպքում տուգանվող անձը, դիմի դատարան, «Փարկինգ Սիթի»ն 16 րոպեանոց առանց մոնտաժ նկարահանված ժապավեն չի կարող տրմադրել»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ մայրաքաղաքի շատ հատվածներում էլ կարմիր գծանշումները կան, մինչդեռ տեսախցիկներ, գոնե ձևական, չկան, այդ դեպքում, ինչպես է ընկերությունը պահպանում մեքենաների անվտանգությունը։

Կայանատեղիները սպասարկող «Փարկինգ Սիթի Սերվիս»ում չեն թաքցնում, որ որոշ փողոցներում տեսախցիկները բացակայում են, այդ դեպքում, ըստ ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի, իրենք վարորդին չեն տուգանում։

Անդրադառնալով տեսանյութերի չտրամադրման մասին բողոքներին՝ Հարությունյանն ասաց, թե 90 տոկոսի դեպքում վարորդները սահմանված 14 օրյա ժամկետից ուշ են դիմում, որոշ դեպքերում էլ տեխնիկական խնդիրներ են լինում։

«250 կմ ցանցը՝ օպտիկամանրաթելային, որը ցանկացած պահի Երևան քաղաքում տարբեր վթարների հետ մեկտեղ մեր ցանցում էլ է վթարներ լինում. ինչ-որ ծառահատման ժամանկ օպտիկամանրաթելային մալուխ է կտրվում ու հարյուր նմանատիպ խնդիրներ»,- ասաց Հարությունյանը։

Այն, որ վճարովի ավտոկայանատեղիներին վերաբերող օրենքում բացթողումներ կան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբանները վստահ են, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ակնկալում են ստանալ Քաղաքապետարանի պատասխանները իրենց հուզող հարցերին, ինչից հետո էլ, հնարավոր է, կկազմեն հայցադիմումը Սահմանադրական դատարան դիմելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG