Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Այսօր դժվար է ասել, թե երբ Էրդողանը կարձագանքի Սարգսյանի հրավերին


Էդվարդ Նալբանդյանը չմանրամասնեց, սակայն, թե ի՞նչ ասաց Էրդողանը, երբ իրեն փոխանցվեց նախագահ Սարգսյանի հրավերը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե այսօր դժվար է ասել, թե ե՞րբ և ի՞նչ որոշում կկայացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը գալիք տարի ապրիլի 24-ին Երևան այցելելու կապակցությամբ:

Հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարը օգոստոսի 28-ին Անկարայում ներկա էր Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնը ստանձնելու արարողությանը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ գալ Հայաստան և ներկա գտնվել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի արարողությանը։

2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլա Գյուլը ժամանեց Երևան, և նախագահ Սարգսյանի հետ հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները «Հրազդան» մարզադաշտում ներկա գտնվեցին Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին:

Ավելի քան մեկ տարի անց՝ 2009-ի հոկտմբերի 14-ին, Թուրքիայի Բուրսա քաղաք պատասխան այցով մեկնեց Հայաստանի նախագահը՝ դարձյալ ներկա գտնվելու ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը: «Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքը եղան հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, որոնք ստորագրվեցին 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում և որոնք մինչև օրս էլ թուրքական կողմը հրաժարվում է վավերացնել:

Այս պահին պաշտոնական Երևանը դժվարանում է նշել՝ կընդունի՞ արդյոք նախագահ Էրդողանը Հայաստանի ղեկավարի հրավերը:

«Դեռ ժամանակ բավական կա: Դուք գիտեք, որ երբ որ ՀՀ նախագահի կողմից Թուրքիայի նախկին նախագահը հրավիրվել էր ֆուտբոլային խաղին, հրավերը ուղարկվել էր մայիսին, իսկ պատասխանը եկավ սեպտեմբերին, այսինքն՝ 4 ամիս անցել էր, և պատասխանը եկավ ֆուտբոլային խաղից երկու օր առաջ միայն: Թե որոշումը իրենց կողմից ե՞րբ կընդունվի, դժվար է ասել, և ինչ որոշում կլինի, դա թուրքերը պետք է ասեն», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Մեծ աղմուկ բարձրացրեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի օգոստոսի 24-ին արած հայտարարությունը այն մասին, որ եթե դրույթները, որոնք ավելի վաղ ամրագրվել էին [Եվրասիական տնտեսական միության] պայմանագրում, չեն կատարվում, Ղազախստանը իրավունք ունի հարաժարվել Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից:

«Աստանան երբեք չի լինի մի կազմակերպության անդամ, որը սպառնալիք է ներկայացնում Ղազախստանի անկախությանը», - ղազախական «Խաբար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մասնավորապես հայտարարել է Նազարբաևը:

Մյուս կողմից, անորոշ ժամկետով հետաձգվեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ սեպտեմբերի 8-9-ը նախատեսված այցը Երևան, որի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, պետք է քննարկվեր նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:

Հաշվի առնելով այս ամենը՝ այսօր Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավոր է, որ այս տարի չստորագրվի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

«Գործընթացը գնում է, և կարծում եմ համապատասխան արդյունքները շուտով կլինեն», - արձագանքեց Հայաստանի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG