Մատչելիության հղումներ

Մինչ Ուկրաինայի իշխանություններն ու Արևմուտքը մեղադրում են Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, իսկ Ռուսաստանի իշխանություններն էլ կտրականապես հերքում և հերյուրանք են համարում այդ մեղադրանքները, Ռուսաստանի ղեկավարը երեկ իր բավական ծավալուն հարցազրույցում ներկայացրել է ուկրաինական ճգնաժամը լուծելու իր տեսլականը՝ կազմած հիմնականում Մոսկվայի պահանջներից:

Ռուսաստանյան Առաջին ալիքով օգոստոսի 31-ին հեռարձակված հարցազրույցում նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը դադարեցնելու բանակցություններում պետք է քննարկվի այդ տարածաշրջանի պետականության հարցը:

«Անհրաժեշտ է ձգտել կյանքի կոչելու այն ծրագիրը, որի շուրջ մենք պայմանավորվել ենք: Անհրաժեշտ է անմիջապես հիմնավոր, բովանդակային բանակցություններ սկսել ոչ թե տեխնիկական հարցերի, այլ Ուկրաինայի հարավ-արևելքում հասարակության քաղաքական կազմակերպման և պետականության վերաբերյալ՝ նպատակ ունենալով պաշտպանել այնտեղ բնակվող մարդկանց օրինական շահերը», - մասնավորապես ասել է Պուտինը:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի հնարավոր կարգավորման մասին, Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կվերջանա այդ ճգնաժամը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունների հիմնական պատճառը հանդիսանում է Ուկրաինայի իշխանության զավթումը:

«Ինձ թվում է, որ սա շատ լավ դաս է բոլորիս համար, որպեսզի այս ողբերգությունը որքան հնարավոր է արագ, խաղաղ և բանակցությունների միջոցով լուծվի, որի մասին մենք արդեն պայմանավորվել ենք: Սա նաև դաս է, որ այլևս ոչ ոք չկրկնի նման սխալներ, որոնք եղան Ուկրաինայի իշխանությանը բռնի գրավելու ժամանակ, ինչն էլ այս ամենի գլխավոր պատճառն է հանդիսանում», - ասել է Պուտինը:

Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են: Անցած գիշեր հոսանքազրկվել են Դոնեցկի երկու շրջաններ: Քաղաքային խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ կրակոցներն ու պայթյունները չեն դադարում:

Իսկ այսօր վաղ առավոտյան Ռուսաստանից ստացված հաղորդագրության համաձայն, ռուսական և ուկրաինական կողմերը ռազմագերիներ են փոխանակել։ Ուկրաինան Ռուսաստան է ուղարկել գերեվարված 10 դեսանտայիններին, իսկ Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 63 ուկրաինացի զինծառայողների։

Ռուսները պնդում են, թե 10 դեսանտայինները «մոլորվելով են հայտնվել Ուկրաինայի տարածքում, որտեղ սահմանանշում չի եղել»։ Ուկրաինացիները հրապարակել են նյութեր, պնդելով, թե դրանք ապացուցում են, որ դեսանտայինները հատել են սահմանը ռուս անջատականներին աջակցելու նպատակով։

Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի կապակցությամբ Եվրամիությունը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, սակայն դրան զուգահեռ դիվանագիտական ուղիներ է փնտրելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով երեկ նշանակվել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար` տվյալ պաշտոնում փոխարինելով Քեթրին Էշթոնին:

«Մենք աշխատելու ենք պատժամիջոցների մակարդակի վրա, մենք նաև պետք է բաց պահենք դիվանագիտական կարգավորման ուղիները` հուսալով, որ այդ համադրումը կլինի արդյունավետ», - ասե է նա:

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում կընդունի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG