Մատչելիության հղումներ

Ազատամարտիկը եկել էր վարչապետին ասելու, որ «այսպես ապրել հնարավոր չէ»


Սամվել Գրիգորյանը կնոջ և երեք դուստրերի հետ Եղեգնաձորից Երևան էր հասել հազիվ շարժվող մեքենայով: Հովիկ Աբրահամյանին հանդիպել այսօր այդպես էլ չհաջողվեց:

Հազիվ շարժվող սովետական, իր դարն ապրած մեքենայով ղարաբաղյան պատերազմի վետերան Սամվել Գրիգորյանը կնոջ և երեք դուստրերի հետ Եղեգնաձրից եկել հասել էր Երևան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանդիպելու ու ասելու, որ այսպես այլևս ապրել հնարավոր չէ:

Գրիգորյանը 16 տարեկանից մասնակցել է արցախյան ազատամարտին: Մեդալների հավաստագրերն էր ցույց տալիս ու հպարտությամբ պատմում, որ Մոնթե Մելքոյանի հետ միասին է կռվել թշնամու դեմ:

«Երկրորդ անգամ վիրավորվելու ժամանակ Մոնթե Մելքոնյանը եկավ ճակատս համբուրեց ու ասաց՝ Ճուտո ջան, դո՞ւ էլ ես վիրավորվել, Հայրենիքը քեզ չի մոռանա», - պատմում է նա, - «Բայց փաստորեն այսօր վիճակն այնպիսին է, որ հայրենիքը մեզ ընդհանրապես կանգնեցրել է սոցիալապես ծանր իրավիճակների դեմ»:

Ազատամարտիկի ապրուստի միակ միջոցը զինվորական թոշակն է․ կինը չի աշխատում, երեխաների մեծանալուն զուգընթաց էլ ավելանում են հոգսերը: Հաջորդ տարի է մեծ դուստրը մտադիր է բուհ ընդունվել, սակայն, ինչպես Սամվել Գրիգորյանն է ասում, դա կլինի արդեն իր ընտանիքի սնանկացումն ու կործանումը:

«Երեխաները պարի էին գնում՝ պարից հանել եմ, ֆինանսական վիճակից ելնելով: Որ ընդամենը վարձը ամիսը մի հոգու համար 2000 դրամ էր», - պատմում է նա:

Հիշեցնենք՝ անցած տարի սոցիալական արդարությունը վերականգնելու պահանջով մի խումբ ազատամարտիկներ ոտքի էին ելել, բողոքի ցույցեր էին անցկացնում: Սամվել Գրիգորյանը ֆինանսական վատ վիճակի պատճառով չի եկել Երևան՝ մասնակցելու ցույցերին, սակայն, ինչպես ինքն էր ասում՝ հոգով-սրտով տղաների հետ էր, հույս ուներ, որ բողոքի ցույցերի միջոցով մի բան կփոխվի դեպի լավը: Հույսը դեռ չի մեռել՝ հիմա էլ հույս ունի, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կհանդիպի ու այդ հանդիպումից հետո մի լավ բան իր կյանքում տեղի կունենա: Վարչապետից օգնություն է խնդրում Եղեգնաձորում մի փոքրիկ խանութ ու դրան կից վարսավիրանոց բացելու հարցում, որպեսզի ինքն ու կինը աշխատանք ունենան ու կարողանան ընտանիքը պահել:

«Ինքը [վարչապետը] ցածրից է սկսել, բարձրացել վերև: Ու դրա համար այսօր ես հենց այնպես չէ, որ եկել, խնդրում եմ: Ես ուղղակի ուզում եմ հավատալ, որ ինքը ազնիվ, արդար վարչապետ է», - ասում է նա:

Սամվել Գրիգորյանը վարչապետին այսօր այդպես էլ չհանդիպեց, ու հազիվ աշխատող մեքենան գործի գցելով շարժվեց դեպի տուն՝ Եղեգնաձոր: Նա, այդուհանդերձ, չի հուսահատվում ու չի հրաժարվում վարչապետին տեսնելու մտքից․ մնում է մյուս անգամ էլ մեքենային համոզել՝ մինչև Երևան հասնի:

XS
SM
MD
LG