Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն կրկին հորդորեց ընդդիմախոսներին վերջնագրերով չխոսել


Հայաստան - Իշխող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը Երևանում, արխիվ
Հայաստան - Իշխող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը Երևանում, արխիվ

Ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները հայտարարում են, թե չնայած իշխող Հանրապետականը դեռևս չի կատարել 12 կետերից բաղկացած իրենց պահանջներից գոնե մեկը, իրենք, միևնույնն է՝ կսպասեն մինչև նախապես նշած վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30-ը։

ՀՀԿ-ն, մինչդեռ, չի շտապում կատարել ընդդիմության պահանջները։

Իշխող քաղաքական ուժի երեկ երեկոյան կայացած Գործադիր մարմնի նիստում դրանք նույնիսկ չեն քննարկվել։ Նիստից հետո այս մասին հայտարարեց կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Իշխող կուսակցությունը կրկին հորդորեց ընդդիմախոսներին վերջնագրերի լեզվով չխոսել և կառուցողական առաջարկներ ներկայացնել:

«Մենք այդպես հատուկ չենք քննարկել իրենց կետերը: Կարծում եմ՝ նախևառաջ իրենք պետք է քննարկեն իրենց կետերը: Կարծում եմ, որ անլուրջ է ժողովրդավարական երկրներում՝ խոսել վերջնաժամկետներով և ուլտիմատումներով», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը մեկ անգամ ևս ընդգծեց՝ չնայած ընդդիմության՝ հանրահավաքներ ու ցույցեր նախաձեռնելու մասին սպառնալիքներին, իրենք շարունակում են առաջնորդվել իրենց օրակարգով։

«Մենք ունենք ավելի ընդգրկուն օրակարգ, ավելի լայն օրակարգ, և Հանրապետականը առաջնորդվում է իր օրակարգով, որի մեջ ներառված են բարեփոխումներ, որպեսզի թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում հասնենք ավելի դրական արդյունքների», - ասաց իշխող կուսակցության խոսնակը։

Ընդդիմադիր քառյակի անդամ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, պնդում է՝ իրենք ոչ թե վերջնագրեր են ներկայացրել, այլ բարեփոխումներին ուղղված գրագետ օրակարգ։ Եթե ցանկություն ունենային, գոնե այս պահանջները կիրագործեին՝ ասում է ընդդիմադիր պատգամավորը:

«Երբեմն քննադատություն է հնչում, որ՝ մի՞թե սրանք են երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները, որ ձևակերպել է քառյակը 12 կետերում: Ոչ, իհարկե ոչ: Խնդիրները բազում են, խնդիրներ կան, որ շատ ավելի խորն են, բայց 12 կետերը այն կետերն էին, որոնց համար ռացիոնալ ժամկետ՝ սեպտեմբերի վերջ, նշված էր: Մենք էլ մեր օրակարգը ունենք և մենք էլ ունենք մեր հստակ մոտեցումները առ այն, որ նշյալ ժամանակահատվածում քաղաքական կամքի, ցանկության, ճիշտ և գրագետ քաղաքականություն վարելու դեպքում հնարվոր է իրականացնել այս կետերը», - ասում է նա:

Թեև ակնհայտ է, որ պահանջները կատարելու բուռն ցանկություն իշխանության շրջանում չկա, այդուամենայնիվ, ընդդիմադիրները չեն ուզում վերանայել իրենց օրակարգն ու խոստանում են սպասել մինչև նախապես հայտարարված ժամկետը՝ սեպտեմբերի 30-ը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, դրանից հետո միայն քառյակի գործընկերները կորոշեն իրենց հետագա քայլերը։

«Եթե ինքներս մեզ հարգում ենք, նշանակում է, որ այդ ժամկետը մենք պետք է պահենք: Այսինքն, տեսականորեն չի կարելի բացառել, որ վերջին օրերին իշխանությունները ինչ-որ քայլեր կձեռնարկեն այդ պահանջները կատարելու համար», - մեզ հետ զրույցում նշեց Զուրաբյանը: - «Դա լուրջ չէր լինի, եթե մենք, անգամ վստահ լինելով, որ այդ բանը նրանք չեն անի, ասենք, որ լավ, արդեն համարում ենք այդ պահանջները չկատարված: Այսպես, թե այնպես՝ մենք մինչև սեպտեմբերի 30-ը պետք է սպասենք, և բնական է, որ քառյակը արդեն սեպտեմբերի 30-ից հետո պետք է հավաքվի և նշանակի հանրահավաքի օր և որոշի այդ հանրահավաքի օրակարգը: Հիմա, թե այդ օրակարգը ինչպիսի՞նը կլինի, բնականաբար պետք է որոշեն քաղաքական ուժերը միասին», - հավելում է նա:

Իշխանության մերժողական պահվածքը գալիս է մեկ անգամ ևս հաստատելու Կոնգրեսի այն տեսակետը, թե իշխանությունները չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են․ - «Իշխանությունները իրականում չեն կարող անցկացնել որևէ ռեֆորմ, որը նշանակում է արմատական հարված տալ կոռուպցիային, որը նշանակում է կտրել այն ճյուղը, որի վրա իրենք նստած են: Այսինքն, դա մեզ համար ակնհայտ էր, պարզ էր, որ դրված 12 կետը իրականում իշխանության առաջ ձևավորված պահանջ էր, որը, եթե նրանք կատարում էին, նշանակում է՝ իրենց հանցագործ բնույթը փոխվում էր, իսկ որը ավելի հավանական էր և որը ապացուցվեց՝ այն էր, որ նրանք պահպանում են իրենց հանցագործ բնույթը և այդ պահանջները չեն կատարում»:

Ամիսներ առաջ 12 կետերի շուրջ միավորված չորս ուժերը շարունակում են պահպանել տարաձայնությունները պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ. առայժմ միայն Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունն» են պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Զուրաբյանը, այդուամենայնիվ, լիահույս է, որ գործընկերները՝ «հասկանալով, թե այս իշխանություններն իրենցից ինչ են ներկայացնում, տեսնելով, որ ամենաբանական պահանջները, որ ուղղված են ժողովրդի վիճակի թեթևացմանն ու երկրի զարգացմանը, չեն կատարվում» կհասկանան, որ իշխանափոխությունից բացի այլ ճանապարհ չի մնում։

«Հայ ազգային կոնգրեսը արդեն 6.5 տարի պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, պահանջում է արտահերթ ընտրություններով Հայաստանում լեգիտիմ նախագահական և խորհրդարանական իշխանության հաստատումը, այնպես որ սա ուժի մեջ է», - նշեց նա:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերից՝ Հայ հեղափոխական դաշնակցությունից, «Ժառանգությունից», «Բարգավաճ Հայաստանից» ու Հայ ազգային կոնգրեսից բաղկացած քառյակը երեք ամիս առաջ հրապարակեց իշխանություններին ուղղված 12 կետից բաղկացած պահանջները։ Դրանցում ո՛չ նախագահ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջ չի դրվում: Փոխարենը քառյակը պահանջում է բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում։

XS
SM
MD
LG