Մատչելիության հղումներ

logo-print

Մեր օրերում աշխարհի մեծաթիվ երկրներում երիտասարդների համեմատ տոկոսային հարաբերությամբ ավելի արագ է աճում տարեցների թիվը։ Ճապոնիայում տարեցների համար այսօր բացվում են խաղահրապարակներ, Իտալիայում տարածում են գտնում տարեցների համար նախատեսված պարի դասընթացները։ Գերմանիայում այսօր ավելի մեծ խնդիր է ոչ թե գործազրկությունը, այլ՝ թոշակի անցնող մարդկանց թիվը։ Սրանք աշխարհի այն երեք երկրներն են, որոնց անվանում են «սուպեր ծերացող»: Սրանք երկրներ են, որտեղ բնակչության առնվազն 2Օ տոկոսը 65-ն անց մարդիկ են։ Հինգ տարվա ընթացքում 6 այլ երկրներ կմիանան այս «սուպեր ծերացող» երկրներին։ 2Օ3Օ թվականին դրանց թիվը կհասնի 34-ի։

Փորձագետներից Ելենա Դուգարի խոսքերով, սա նշանակում է աշխատուժի կրճատում, կկրճատվեն նաև ընտանեկան խնայողությունները, ինչը բացասաբար կազդի ներդրումների ծավալների վրա։ Երկու այս գործոնները, ասում է նա, նշանակալիորեն կվնասեն համաշխարհային տնտեսության աճին։

Բիզնեսի զարգացման հետազոտություններով զբաղվող Conference Board կազմակերպության հաշվարկներով, առաջիկա տասը տարիների ընթացքում ծերացումը մեկ տոկոսով կկրճատի համաշխարհային տնտեսական աճը։ Սա մի փաստ է, որի անտեսումը, տնտեսական վերլուծաբան Ֆարիբորզ Ղադարի կարծիքով, կարող է մեծ վտանգ ներկայացնել։

Երիտասարդներից շատերի առջև, ասում է նա, կփակվեն աշխատանքային շուկայի դռները։ Իսկ դա կարող է սրել հակակրանքը ներգաղթյալների դեմ՝ իր մեջ պարունակելով չափազանց մեծ վտանգ։

ԱՄՆ-ում միջին ծնելությունը յուրաքանչյուր կնոջ հաշվարկով կազմում է 1.9 երեխա։ Այս թիվը շատ ավելի փոքր կլիներ, եթե Միացյալ Նահանգներում մեծ թիվ չկազմեին ներգաղթյալները։ Նշենք, որ լատինաամերիկյան ծագում ունեցող կանանց շրջանում ծնելությունը կազմում է 2.3 երեխա։

Պրոֆեսոր Քիշոր Քուլքարնին հավատացած է, սակայն, որ հատկապես նոր տեխնոլոգիական միջոցների արդյունավետ կիրառումը կարող է որոշ չափով կրճատել տնտեսական անկման արագությունը։ Սակայն որքան էլ ջանք թափվի այս ուղղությամբ, հստակ է, որ մոտ ապագայում երիտասարդները ստիպված են լինելու ամեն օր աշխատել ավելի երկար ու թոշակի անցնել շատ ավելի ուշ, քան այսօր իրենց ծնողները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG