Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին


Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի պաշտոնակալության արարողությունից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել Էրդողանի հետ: Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը, Նալբանդյանը Էրդողանին հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը 2015 թվականի ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Իշխող ՀՀԿ-ն ողջունում է պաշտոնական Երևանի այս քայլը։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ, որ Հայաստանը չի ցանկանում հայ-թուրքական գործընթացը տապալել և սառեցնել:

«Շատ տրամաբանական է, այո, ինչո՞ւ չէ, մենք ինչո՞ւ չպետք է հրավեր ուղարկենք Էրդողանին: Վատ չի լինի, որ նաև ինքն իր մասնակցությունն ունենա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և ինքը ծաղկեպսակ դնի Ծիծեռնակաբերդում։ Եթե մեր հարաբերությունները զրոյական են, մենք պետք է տանենք դեպի բացասականի՞, պետք է մարտատենչ կոչե՞ր անենք Թուրքիայի նկատմամբ», - նշեց Բաղդասարյանը: - «Նույն հաջողությամբ Գյուլը եկավ այստեղ և ֆուտբոլային միջոցառումներին մասնակցեց։ Մենք որևէ բարեկամության ձեռք չենք մեկնում, մենք այս սառը, պասսիվ դիվանագիտական հարաբերությունները չենք ցանկանում ընդհատել, որովհետև մեզ ձեռք է տալիս, որ բանակցային փուլում հասնենք այն ամենին, ինչին արդեն մեկ դար է ձգտում ենք հասնել՝ ճանաչման։ Սառեցնելով, հարաբերությունները վատացնելով, ինձ թվում է, մենք արդյունքի չենք կարող հասնել: Եվ այստեղ որևէ վտանգավոր բան չեմ տեսնում։ Եթե հանկարծ նման քայլ անեին թուրքերը, կասեին՝ այ տեսեք, թուրքական դիվանագիտություն է: Երբ որ պաշտոնական Երևանն է նմանատիպ նուրբ քայլեր կատարում, արդեն սկսում են քննադատություններ, հալածանքներ»։

Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, Հայաստանի հրավերին Էրդողանի արձագանքը արդեն ցույց կտա Թուրքիայի նոր ղեկավարության տրամադրվածությունը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։

Նա չբացառեց, որ Թուրքիայի նախագահը կընդունի հրավերը. - «Կարևորը մեր քայլն է, որը կատարվել է։ Ինձ թվում է, որ Էրդողանը բավականին խորամանկ քաղաքական գործիչ է: Չի բացառվում նաև նրա այցելությունը։ Ժամանակին ասում էին, որ Գյուլն էլ ընդհանրապես չի գա։ Ինձ թվում է, նա դեռ բավականին ժամանակ ունի մտածելու, զարգացումներին կհետևի: Նոր նախագահ է, նրա կատարած քայլը նաև արտահայտությունը կլինի նրա հետագա քաղաքական քայլերի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն այս սառը վիճակից շարժելու, թե չշարժելու»։

Հարցին, թե տեսնում է արդյոք սահմանի բացման հեռանկար՝ առանց հայ-թուրքական արձանագրությունների թեման վերաբացելու, Բաղդասարյանը պատասխանեց. - «Ոչինչ չեմ բացառում քաղաքականության մեջ: Չկան հավերժ թշնամիներ, չկան հավերժ բարեկամներ։ Նոր իրավիճակ է ստեղծվում, թուրքերի մոտ կա նոր ղեկավարություն, եթե թուրքերն իրենք կարողանան թուքը մաքրել իրենց երեսից և քայլեր կատարեն, ոչ միայն բավարարվեն ներողությունով: Եթե ճանաչում են, և միանգամից վերջակետ է դրվում այդ ամենին, ի՞նչ է խանգարում նաև սահմանների բացմանը, տնտեսական հետագա զարգացմանը»։

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը վերապահումներ ունեն այս առիթով։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի համար պարզ չէ․ Էրդողանին Երևան հրավիրելուց զատ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները ունեն գործողությունների հստակ ծրագիր: Եթե չկա այդ ծրագիրը, ապա, ըստ պատգամավորի, Էրդողանի այցը պարզապես կխոչընդոտի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչպես եղավ «ֆուտբոլային դիվանագիտության» և Աբդուլա Գյուլի Հայաստան այցի հետևանքով:

«Իրենք հո չե՞ն հրաժարվում, որ զոհեր են եղել։ Իրենք հայտարարում են, որ ցավում են այդ զոհերի համար: Նույնիսկ ընդունում են, որ տեղահանություններ են եղել, և ցավում են, որ այդ տեղահանությունների պատճառով մարդիկ են զոհվել։ Իրենք, բնականաբար, կազմակերպված սպանդը կամ կազմակերպված ցեղասպանությունը չեն ընդունում։ Իրենց ընդունածի շրջանակներում կարող են գալ, ասել՝ մենք այդ զոհերի հիշատակն ենք հարգում։ Եթե մենք չունենք դրանից սպասելիք ծրագրված, որևէ օգուտ ես չեմ տեսնում, որովհետև եթե դու չգիտես ինչ ես ստանալու, նա գալիս-գնում է, ինքը բարձրացնում է իր հեղինակությունը, որ եկավ: Միջազգային հանրության կողմից իր արարքը ընդունվում է բավականին լուրջ, գնահատվում է: Ո՞րն է մեր օգուտը դրանից։ Ես չգիտեմ, մենք ինչ ենք սպասում, ինչ ենք ուզում ստանալ», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ստեփան Մարգարյանը: - «Էրդողանին հրավիրելը դա հերթական համերգային ինչ-որ բան չի: Ցեղասպանության հարյուրամյակին հրավիրելը դա լուրջ քայլ է, որը չի կարող լինել առանց լուրջ սպասելիքների և ծրագրված քայլերի»։

ՀՀԿ-ն ի պատասխան վստահեցնում է. - «Պաշտոնական Երևանը պարզունակ քայլեր չի կատարում դիվանագիտության մեջ»։

ՀՅԴ-ն ևս չի ողջունում գործընթացը, հատկապես՝ եթե այն նպատակ է հետապնդում վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատության» հարցին ի պատասխան վերահաստատեց ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի՝ նախօրեին արտահայտած այս դիրքորոշումը։ Նույն դիրքորոշումն արտահայտել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը «շահարկումներ» է որակում նման մեկնաբանությունները. - «Պաշտոնական Երևանի կողմից որևէ արտահայտություն եղե՞լ է արձանագրությունների հետ կապված, որ մենք Էրդողանին հրավիրում ենք, որպեսզի կյանքի բերենք արձանագրությունները։ Դա պարզապես ենթադրություններ են։ Ի՞նչ են առաջարկում իրենք, գնանք զենքերը վերցնենք, պատերազմե՞նք Թուրքիայի հետ»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG