Մատչելիության հղումներ

logo-print

Ստամբուլի Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի տնօրեն Մենսուր Օգյունը չի բացառում, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանը ընդունի Հայաստանի նախագահի հրավերը ու եկող տարի ապրիլի 24-ին այցելի Երևան:

«Ես չեմ զարմանա, եթե նա գնա: Եթե ոչ նա, ապա գուցե վարչապետ Դավութօղլուն գնա»,- «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության բացառիկ հարցազրույցում ասաց թուրք փորձագետը:

Սակայն նա միաժամանակ նշեց, որ շատ բան կախված կլինի տվյալ պահի իրավիճակից:

«Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև նորից հակամարտություն լինի, ապա Թուրքիայի քաղաքական ղեկավարության համար դժվար կլինի ներկա գտնվել ապրիլքսանչորսյան իրադարձությանը»,- ասաց նա:

Մենսուր Օգյունի կարծիքով՝ ցեղասպանության հարցը աստիճանաբար կորցնում է իր քաղաքական կարևորությունը․- «Ինչպես տեսաք՝ ապրիլի 23-ին Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ճանաչելով պատմական իրողությունը, իհարկե, չընդունելով, որ դա ցեղասպանություն է: Բայց ես իսկապես չեմ զարմանա, եթե նա եկող տարի ապրիլի 24-ին այցելի Երևան»:

Ինչ վերաբերում է Էրդողանի նախագահության ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հեռանկարներին, ապա նրա խոսքերով՝ «առաջընթաց հնարավոր է»:

«Ես կարծում եմ՝ առաջընթացի հնարավորություններ կան, դա ցույց է տալիս նաև Նալբանդյանի այցելությունը և նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելը»,-ասաց թուրք վերլուծաբանը՝ նշելով՝ «ակնհայտորեն հայկական կողմը զգում է, որ հաշտության որոշ հեռանկարներ կան»:

Հարցին, թե արդյո՞ք կարելի է կոնկրետ քայլեր ակնկալել՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում կամ սահմանի բացում, կամ հայ-թուրքական արձանագրությունների վավերացում, Մենսուր Օգյունը պատասխանեց, որ Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական լիարժեք հարաբերություններ հաստատելու համար կպահանջվի, որ որոշ չափով նորմալանան հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների «ձեռքսեղմում կլինի» և նրանք կշարունակեն բանակցությունները մադրիդյան սկզբունքների վրա հիմնված բանակցությունները:

Թուրք փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները շարունակվելու դեպքում «Թուրքիան կարող է փորձել նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ»:

Հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին Մենսուր Օգյունը ասաց, թե «վաղ թե ուշ մենք ստիպված ենք լինելու բացել սահմանը, քանի որ Արևմուտքից ու Թուրքիայից առանձնացված մնալով Հայաստանը ավելի ու ավելի է մերձենում Ռուսաստանի Դաշնությանը»:

Պատասխանելով նաև 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացնելու հավանականության մասին հարցին, նա ասաց, թե դա հնարավոր է՝ Թուրքիայի քաղաքական գործիչները ասում են, որ արձանագրությունները դեռ սեղանի վրա են:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև որևէ առաջընթացը Թուրքիային հնարավորություն կտա վերադառնալ արձանագրություններին:

XS
SM
MD
LG