Մատչելիության հղումներ

Չնայած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարում է, թե չունի «Իսլամական պետություն» խմբավորմանը ոչնչացնելու համար մշակված ռազմավարություն, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների հետ միասին ԱՄՆ-ը քննարկում է ծայրահեղական այս խմբավորմանը ավելի լայնածավալ հարձակման ենթարկելու հարցը։

«Իսլամական պետություն» խմբավորումն իր գործողություններն իրականացնում է այնպիսի արագությամբ, որ նույնիսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որի հրաժարականն էր պահանջում Արևմուտքը, հայտարարում է, թե այդ նույն Արևմուտքի հետ ինքը պատրաստ է համագործակցել՝ հանուն այս խմբավորմանը ջախջախելու։ Այս երկրի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մոալլեմի խոսքերով, «եկող մի քանի օրերը կասեն, թե որքան լուրջ է միջազգային համայնքը վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարին»։

«Մինչ այժմ մենք լրջություն այս հարցում չենք նկատել»,- ասել է նա։

Սիրիան պատրաստ է համագործակցության, սակայն արդյո՞ք դրան պատրաստ է Արևմուտքը։ Կարծես թե ոչ, քանի որ, ինչպես քաղաքական վերլուծաբաններն են ասում, Սիրիայի հետ համագործակցությունը կամրապնդի Ասադի իշխանությունը։

Ամերիկյան համալսարանի իսլամական հարցերով ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Աքբար Ահմեդն ասում է, թե Սիրիայի հետ համագործակցության դեպքում Ասադը կարող է արդարացնել այստեղ շարունակվող արյունահեղությունը՝ պնդելով, որ իր պայքարն ուղղված է հենց այս ծայրահեղական ուժերի դեմ։

Նման տպավորություն չստեղծվելու համար է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին հայտարարում, թե «Իսլամական պետության» դիրքերին հարվածելու փաստը չի նշանակում, որ ԱՄՆ-ը փոխել է Ասադի վարչակարգի նկատմամբ իր դիրքորոշումը։ «Այն պարզապես ցույց է տալիս, որ այս խմբավորման դեմ պայքարի համար հարկավոր է աշխատել տարածաշրջանի երկրների հետ»,- ասել է նա։

Իսկ տարածաշրջանի երկրների ղեկավարները գիտեն, որ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու համար անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն, եթե նույնիսկ այդ համագործակցությունը նպաստի Սիրիայի կառավարության ամրապնդմանը։ Այս մասին է ասում ԱՄՆ-ի խաղաղության հաստատության վերլուծաբան Սթիվ Հեյդեմանը։

Ամերիկյան նոր անվտանգության կենտրոնի վերլուծաբան Նորա Բենսահելի խոսքերով, «Իսլամական պետության» նկատմամբ Վաշինգտոնում այսօր առկա է «շատ զգուշավոր մտածողություն»։ «ԱՄՆ-ը»,- ասում է նա,- չի ցանկանում թողնել Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված լինելու, հատկապես Ասադի կողմն անցնելու տպավորություն»։ Նրա կարծիքով, այդ պատճառով է այս օրերին զարկ տրվում հետախուզությանը, որպեսզի ավելի լավ պատկեր կազմվի հետագա որոշումներ կայացնելու համար։

Ամերիկան մինչ այժմ սահմանափակվել է Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին օդային սահմանափակ հարվածներ հասցնելու գործողություններով։ Սակայն չի բացառվում, որ այն իրապես սկսի ուղիղ ու ջախջախիչ գործողություններ, որոնք նախագահ Օբամայի խոսքերով, «ոչ հեշտ են, ոչ էլ հապշտապ»:

XS
SM
MD
LG