Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը խիստ քննադատեց Նալբանդյանի այցը Թուրքիա


Նոյեմբերի 5-ի գործով դատավարության ժամանակ Շանթ Հարությունյանն այսօր խիստ քննադատեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Թուրքիա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության կապակցությամբ։

«…էն դեպքում, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները, մասնավորապես, Միացյալ Նահանգները, այնտեղ ներկայացված է եղել ընդամենը դեսպանի ժամանակավոր հավատարմատարի կարգավիճակով»,- ասաց Հարությունյանը։

Նա իր հայտարարությամբ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Ռուսաստանն Էրդողանի երդմնակալությանը մասնակցում է Պետդումայի նախագահի մակարդակով: Ըստ Հարությունյանի, Հայաստանն Անկարայում արտգործնախարարի մակարդակով է ներկա եղել, քանի որ հետևել է Ռուսաստանի օրինակին։

«Եթե, իսկապես, Ռուսաստանը Թուրքիայի բարեկամը չլիներ, Հայաստանը կպատժվեր էդ բարձր կարգավիճակով ներկայանալու համար, ու նա եթե գնում է բարձր կարգավիճակով, Հայաստանը ստրկամտորեն գնում ներկայանում է։ Առաջարկում եմ Էդվարդ Նալբանդյանի անունը փոխել դնել Ասքանազ Մռավյան։ Չէ, վատ բան չի, ինքը ձեզ սիրելի մարդ է։ Գիտե՞ք՝ Ասքանազ Մռավյանն ով է եղել՝ սովետական բոլշևիկ, ստրկական «հանրապետության» արտաքին գործերի նախարար, որը հայ-թուրքական արձանագրությունները գնաց Կարսում վավերացնելու, Սերժի անունն էլ կարելի է Մյասնիկյան դնել, հիմա մի դժգոհեք, Մյասնիկյանի արձանին Սերժը չի էլ արժանանալու»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը։

Վերջինս նաև գնահատեց Էրդողան-Սարգսյան հակադարձումները։

«Էրդողանի քաղաքականությունն, ի վերջո, որ նրա համար վիրավորական էր հայ լինելը, այսինքն՝ Սերժը, երբ որ ասեց՝ «մեզ համար էլ է վիրավորական», դե թող Էրդողանը դրանից հետո գար Հայաստան, համ քֆուր ա տվել, համ էլ գա Հայաստանում պրիզնատ գա հային, ոչ թե էնի մեզ վիրավորում է, էսի անինքնասերի պես վազում է էնտեղ։ Էս էի ուզում ասել ժողովրդին. համառորեն փորձում են խեղաթյուրել, սա ամենամեծ վնասն է, որ հայ ժողովրդին երբևէ կարողացել են տալ մեր թշնամիներն ու ներքին դավաճանները՝ խեղաթյուրել, տրամադրությունից, շարքից գցել»,- ասաց Շանթ Հարությունյանը։

«Հեղափոխական անիվն արդեն սկսել է իր շարժումը»

Մինչ ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանի քաղաքական գնահատականները, դատավորն այսօր հայտարարեց, որ դատաքննությունն ավարտվում է:

«Դատավարությունն արդեն մտել է վիճաբանությունների փուլ»,- այսօր դատարանին դիմեց ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող պահեստազորի մայոր, հայկական բանակում 20 տարի ծառայած Արմեն Հովհաննիսյանը:

Նրա պաշտպանն անցյալ նիստին հիմնավորել էր, որ դատարանում այդպես էլ չապացուցվեց մեղադրանքը․ դատարանը, սակայն, հրաժարվել էր կալանքից ազատել Արմեն Հովհաննիսյանին:

«Դատարանը հերթական անգամ հաստատեց, որ մեր գործը ոչ թե քրեական հանցագործության համար կատարվող դատավարություն է, այլ պետական պարգև է, ու մեզ դատում են մեր սկզբունքների, մեր քաղաքական հայացքների համար։ Մենք ներկայացնում ենք ժողովուրդին և հանդես ենք գալիս ժողովրդի անունից, ու եթե պետական մեղադրողը մեզ պաշտպանելու փոխարեն մեղադրում է ու աշխատում է հիմնավորել մեղադրանքները, ապա ո՞ր պետությունն է նա ներկայացնում, կամ էլ ո՞ւմ շահերն է պաշտպանում: Պետական կառավարման մեքենան՝ իշխող էլիտան, Հայաստանը դարձրել է ոստիկանական բռնապետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու հալածում են, խոշտանգում են, բռնության են ենթարկում ներքաղաքական հայացքների համար»,- Հովհաննիսյանն այսպես գնահատեց իրավապահների գործելաոճը։

Նրա պնդմամբ՝ հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է։

«Հեղափոխական անիվն արդեն սկսել է իր շարժումը։ Էդ շարժումը սկսել ենք մենք, ու իր ամեն մի պտույտով ավելի է ուժեղանալու ընթացքը, ու եթե մենք, որ սկսել ենք այդ շարժումը, չկարողանանք հասցնել ավարտին, ապա մեզ նման հայրենասեր, հաստատակամ, արժանապատիվ ու ազնիվ հասարակությունը անպայման կհասցնի այն իր տրամաբանական ավարտին»,- ասաց Հովհաննիսյանը։

Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 8-ին, ճառով պետք է հանդես գա մեղադրողը:

XS
SM
MD
LG