Մատչելիության հղումներ

Երեկ ականի պայթյունից վիրավորվածների վիճակը «կայուն ծանր է»


Երեկ ականի պայթյունից վիրավորվածների վիճակը «կայուն ծանր է»
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Ինչպես «Ազատությանն» այսօր փոխանցեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, երեկ Տավուշի մարզի տարածքում ականի պայթյունից վիրավորված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Հովհաննիսյանի փոխանցմամբ` վիրավորները 4-ն են, երեք սպա և մեկ պայմանագրային զինծառայող։ Նրանք գտնվում են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փախանցմամբ՝ ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հովհաննիսյանը նշեց, որ վնասվել են զինվորների ոտքերը, այսօրվա ընթացքում նրանք վիրահատվել են։

Սա վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանի զինված ուժերում արձանագրված միակ ողբերգական միջադեպը չէ։ Երեկ երեկոյան Նախիջևանի հետ սահմանագծում շարքային զինծառայող Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը զոհվել է մեկ այլ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները։

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կանոնները խախտելու փաստով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Առայժմ որևէ մեկը չի ձերբակալվել, կատարվում է նախաքննություն։

Մինչդեռ իրավապաշտպաններն արդեն իսկ քննադատում են քննության ընթացքը՝ պնդելով, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հոդվածով: Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ փորձում է կոծկել կատարվածը, հետագայում էլ՝ մեղմ պատիժ նշանակել։

Սա, ըստ իրավապաշտպանների հաշվարկների, բանակում այս տարվա ընթացքում արձանագրված մահվան 34-րդ դեպքն է։ Այդ դեպքերից 20-ն արձանագրվել է հրադադարի խախտման հետևանքով, իսկ մնացած դեպքերը տեղի են ունեցել խաղաղ պայմաններում։

Ալեքսանյանը կոչ է անում պաշտոնյաներին սահմանային լարվածության ժամանակ դիրքեր այցելելու փոխարեն իրական մտահոգություն ցուցաբերել բանակի խնդիրները լուծելու հարցում։ Բանակում տիրող վիճակի պատճառը, ըստ նրա, անպատժելիությունն է, իրական մեղավորներին կոծկելը․ - «Իրական մտահոգությունը սա պետք է լիներ․ որ բանակի ներսում կանխեին և վերացնեին մահվան դեպքերը, սպանության դեպքերը: Երբ գլխավոր դատախազը գնում է մարտական դիրքեր՝ հետը տանելով զինվորական դատախազներ, հայտարարում են զինվորին, որ՝ մենք ձեզ հետ ենք այստեղ․․․ Բոլորովին կարիք չկա, որ զինվորական դատախազը գնա դիրքեր, նման հայտարարություններ անի: Նա հայտարարություններ պետք է անի այստեղ՝ իր աշխատանքից ելնելով, իր աշխատանքի բնույթից ելնելով, ինչը բացարձակապես չի արվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG