Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Միջազգային հանրությունն ուշի-ուշով հետևում է կայունությանը մեր տարածաշրջանում»


Արևելյան Ուկրաինայում լարվածության կտրուկ աճը և ռուս-ուկրաինական հարաբերությունների էլ ավելի վատթարացումը ուղղակի անդրադարձ չեն ունենա մեր տարածաշրջանի վրա տեսանելի ապագայում, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Տարածաշրջանում գլխավոր ապակառուցողական գործոնը մնում է Ռուսաստանը. Ռուսաստանն ուղղակի զբաղված կլինի այնտեղով, և ռուսներին ներկայիս «ստատուս քվոյի» որոշակի փոփոխություն և որոշ լարվածություն այս պահին գոնե պետք չէ»,- ասաց փորձագետը։

Իսկ Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ավելացնում է, թե օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանական կողմին ցույց տվեցին, որ հակամարտող կողմերի միջև անմիջական ռազմական բալանսը ռուսական և արևմտյան գործոնի հետ կապ չունի։

«Կոնկրետ ռազմաքաղաքական իրավիճակի վրա կարճաժամկետ փոփոխություններ չեն լինի, երկարաժամկետ, բնականաբար, կարող են լինել, բայց ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ ձևով, որովհետև մենք չենք կարող հասկանալ այս պահին, թե Ուկրաինայի շուրջ ընդհանրապես ինչ զարգացումներ տեղի կունենան»,-«Ազատության» հետ զրույցում նշեց Մինասյանը։

Եթե Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության սրումից, փորձի լարվածություն առաջացնել հայ-ադրբեջանական սահմանում, կարժանանա առնվազն քաղաքական հակահարվածի միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանն, այնուամենայնիվ, այս պահին դրան պատրաստ չէ, նկատում է Ռուբեն Մեհրաբյանը։

«Մենք, գոնե, վերջին սրացման ժամանակ տեսանք, որ միջազգային հանրությունն ուշի-ուշով հետևում է կայունությանը մեր տարածաշրջանում, որովհետև զբաղված է շատ ավելի կարևոր գործերով․ խոսքը վերաբերում է Միջին Արևեքում խալիֆաթին, և այս՝ հյուսիսային Սպիտակ խալիֆաթին՝ նկատի ունեմ Ռուսաստանին»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը։

XS
SM
MD
LG