Մատչելիության հղումներ

logo-print

Արցախի ժողովուրդը «շատ բարձր է գնահատում աջակցության և քաջալերման այդ բանաձևը»


ԼՂ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյան

ԼՂ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյան

Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Լեռնային Ղարաբաղի անկախության 23-րդ տարեդարձի նախաշեմին Կալիֆորնիայի սենատի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևի ընդունումը շատ կարևոր գնահատական է Արցախի ժողովրդի համար իր որդեգրած ժողովրդավարության ճանապարհին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Իհարկե, մեզ համար սպասելի էր, որովհետև Ղարաբաղին աջակցող բանաձևերը պետք է անպայման շարունակվեին: Եվ այն, ինչ որ կատարվել է անցյալ տարի՝ Կալիֆորնիայի նահանգի մի խումբ պատգամավորների և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի պատգամավորների այցելությունը Ղարաբաղ, նրանց հանդիպումները Արցախի իշխանությունների հետ․․․ Բնականաբար այս քայլերը հետևողականորեն մեզ տանում են այն նույն ճանապարհով, ինչ որ մենք տարիներ առաջ մեզ համար կարծես թե ընդգծված ձևով դարձրել ենք մի ուղենիշ, որը Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչելի պետք է դարձնի ամբողջ աշխարհի համար: Արցախում այս օրերին ժողովուրդը շատ բարձր է գնահատում այն աջակցության և քաջալերման բանաձևը, որը Կալիֆորնիայի խորհրդարանականներն ընդունել են ի օգուտ Արցախի», - հավելեց Ղուլյանը:

Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի հինգերորդ նահանգը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ամերիկահայ լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում Կալիֆորնիայի սենատի անդամ Մայք Գատոյի ներկայացրած բանաձևում ասվում է, որ Կալիֆորնիան աջակցում է Ղարաբաղի՝ անկախ և ժողովրդավար ապրելու ձգտմանը, կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Սենատին սատարել Արցախի ինքնորոշմանը և ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերած անկախությանը:

«Ե՛վ իմ անունից, և՛ Արցախի խորհրդարանի անունից ուզում եմ մեր շնորհակալությունը փոխանցել Կալիֆորնիայի սենատի և ներկայացուցիչների պալատի բոլոր այն պատգամավորներին, ովքեր հավատացել են այն վեհ ճանապարհին, որը այս 23 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը և նրա իշխանություններն անցնում են՝ նաև որպես օրինակ ունենալով աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրների ունեցած փորձը», - նշեց ԼՂ Ազգային ժողովի նախագահը:

Իր ելույթում Կալիֆորնիայի սենատի անդամ Թոմ Բերիհիլը հայտարարել է, որ ամերիկացիները պետք է հասկանան այն ազգերին, ովքեր ուզում են «անկախ, բռնապետությունից ազատ լինել»․ - «Դրանք լավագույնս արտացոլում են մեր արժեքները, և դա մեր սեփական պատմությունն է»:

Մեկ այլ պատգամավոր` Քևին Դելիոն հիշեցրել է․ - «Ղարաբաղում ապրող հայերը չափազանց շատ են տառապել և շարունակում են տառապել: Նրանք արժանի են ունենալու ազատ հայրենիք»:

Կալիֆորնիայի սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը ինչպես միշտ չուշացավ: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը հրավիրած ասուլիսում հայտարարել է, թե Կալիֆորնիայի սենատի ընդունած փաստաթուղթը «իրավական որևէ արժեք չունի», «ընդամենը թղթի կտոր է»:

Աշխարհում «խավիարային դիվանագիտությամբ» հայտնի պաշտոնական Բաքուն բանաձևին կողմ քվեարկած ամերիկացի սենատորներին մեղադրել է «ամերիկահայ համայնքի կողմից խոշոր ֆինանսական միջոցներ ստանալու մեջ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG