Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարեց Կյուրեղյանի պաշտպանի բողոքը


Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հայկ Կյուրեղյանի պաշտպանի բողոքը և վերացրեց հարազատների հետ տեսակցությունների արգելքը։

Դատավոր Արշակ Վարդանյանը նաև պարտավորեցրեց քննիչ Ստեփան Նավասարդյանին գործին վերաբերող փորձաքննությունների փաստաթղթերի պատճենները տրամադրել պաշտպանին։

Կյուրեղյանի պաշտպան Արա Զաքարյանի համար անակնկալ էր դատավորի որոշումը։ «Այս դեպքում հաղթեց արդարադատությունը», - ասում է Զաքարյանը` հավելելով. - «Եթե քննիչը գոնե ինչ-որ հիմնավորումներ բերեր, միգուցե դատարան չգնար գործը»:

Քննիչ Ստեփան Նավասարդյանը նախորդ դատական նիստում ասել էր, թե Կյուրեղյանի գործով այդ որոշումները կայացրել էր` ելնելով նախաքննության շահերից: Քննիչը որոշել էր արգելել Հայկին տեսակցություններ ունենալ հարազատների, լրագրողների հետ՝ պնդելով, թե դա կարող է վնասել նախաքննության ընթացքին: Նավասարդյանը նշել էր, թե որոշումն ընդունել է՝ «հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը»:

Քննիչը նաև նշել էր, թե պաշտպանը կարող է ծանոթանալ փաստաթղթերի բովանդակությանը, բայց վերցնել չի կարող։

«Քրեական դատավարության մասին օրենսգիրքն այս առումով բացեր ունի, ինչից էլ փորձել է օգտվել քննիչը», - նշում է պաշտպանը և պարզաբանում, որ օրենքը չի նշում, թե կոնկրետ որ դեպքերում կարելի է կալանավորվածին արգելել տեսակցել որևէ մեկի հետ: Եվ դա հնարավորություն է տալիս կամայական որոշումներ կայացնել հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերում։

Կյուրեղյանի պաշտպանն ասում է, որ ուժի մեջ մտնելու դեպքում այս որոշումը կարող է նախադեպային դառնալ այլ գործերի համար ևս. - «Տեսակցությունների մասով ևս կարող է նախադեպային լինեն, որովհետև դատարանը որոշման մեջ նշել է, որ քննիչի կողմից ակնհայտորեն չեն բերվել այնպիսի հիմնավորումներ, որ տվյալ դեպքում իրոք կա նման անհրաժեշտություն»:

30-ամյա Հայկի հայրը՝ Արմեն Կյուրեղյանն «Ազատությանն» ասաց, որ արդեն տեղյակ են որոշման մասին. - «Փաստաբանի հետ խոսել եմ։ Մոտակա օրերս արդեն կարող ենք տեսակցություն իրականացնել»:

«Իհարկե, որպես ծնող ուզում ենք մեր տղային տեսնել: Բայց մենք այն թույլ մարդկանցից չենք, որ ասենք` վայ, այսքան ժամանակ է չենք տեսել մեր տղային: Եթե մարդը դուրս է եկել պայքարի, բնական է, որ երկար ժամանակ հնարավոր է չտեսնենք: Ինձ համար կարևորն այն է, որ վերջնական մի դրական բան լինի, ինչի համար որ ինքը պայքարում է, օգուտ տա, լինի ինչ-որ դրական տեղաշարժ մեր կյանքում», - ասաց Արմեն Կյուրեղյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ սա թերևս քաղաքական հնչեղություն ունեցող գործերի դեպքում առաջին որոշումն է ի օգուտ կալանավորվածի և այն կարող է դառնալ նախադեպային. - «Դատարանը կայացրել է անկախ վճիռ: Եթե սա հանձնարարությամբ չէ, այլ դատարանի վճռով է կամ դատավորի կամքով, կարող է դառնալ նախադեպ: Իսկ եթե հանձնարարությամբ է, և բոլորը ներքին խոսակցություններով պետք է իմանան, որ դա եղավ զանգով, դա չի դառնա նախադեպ»:

Ոստիկանությունը դեռևս չի շտապում հաղորդել որոշումը բողոքարկելու մասին։ Բողոքարկման համար տասն օր ժամանակ կա։

Մինչև վերջերս դատարանի շենքի առջև իշխանությունների նկատմամբ իր բողոքն արտահայտող Հայկին մեղադրանք էր առաջադրվել՝ զենքի գործադրմամբ և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության մեջ։ Այս հոդվածով նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:

Անցած շաբաթ քննիչը ծանրացրեց նրա մեղադրանքը, ըստ որի նա ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն է գործադրել. մեղադրանքը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG