Մատչելիության հղումներ

Թուրքագետ․ «Նախագահի մակարդակով այցը, միանշանակ, սխալ կլիներ»


Հայաստան -- Արարատ լեռը հայկական կողմից, արխիվ
Հայաստան -- Արարատ լեռը հայկական կողմից, արխիվ

Քանի որ Թուրքիայի իշխանությունները Հայաստանին հղել էին պաշտոնական հրավեր նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու, Հայաստանի իշխանությունների կողմից ճիշտ էր այդ հրավերն ընդունելը, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Քանի որ Հայաստանին Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից հղվել էր պաշտոնական հրավեր, Հայաստանի մասնակցությունը լիովին տեղավորվում է այդ արարողակարգային ընդունված նորմերի մեջ, և նախարարի մակարդակով այցը, կարծում եմ, նորմալ է», - ասում է թուրքագետը, - «Համենայնդեպս՝ նախագահի մակարդակով այցը, միանշանակ, սխալ կլիներ, այնպես որ՝ այս տարբերակը նորմալ է»:

Հայաստանի արտգործնախարարից բացի Թուրքիայի իշխանությունների հրավերը ընդունել են ևս մոտ 7 տասնյակ երկրների ներկայացուցիչներ։ Մելքոնյանը նկատում է, որ այս շարքում թուրքական լրատվամիջոցներին հատկապես հետաքրքրել է Նալբանդյանի այցը։

ԶԼՄ-ների ուշադրությունը լավ հնարավորություն է արտգործնախարարի համար արդեն բանավոր հրապարակելու պաշտոնական Երևանի հրավերը Թուրքիայի նախագահին՝ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու, կարծում է թուրքագետը։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ժամանակ վիրավորական արտահայտություն էր թույլ տվել հայերի հասցեին՝ նշելով, որ իրեն վրացի են անվանել, և նույնիսկ ավելի վատ, իրեն հայ են անվանել, ինչին պատասխանել էր Հայաստանի նախագահը, ասելով, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է:

Մելքոնյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք հեռակա այսպիսի հարաբերությունների պարագայում էլ ճիշտ է, որ հայ նախարարը մասնակցում է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։

«Ես ձեզ կարող եմ [Թուրքիայի] բոլոր նախագահների հետ կապված շատ լուրջ, և Էրդողանից նույնիսկ ավելի լուրջ հայտարարություններ մեջբերել, բայց դա չի խանգարել, որպեսզի անկախ Հայաստանի տարբեր տարիների ղեկավարները պրոտոկոլային այդ հարաբերությունները պահպանեն»:

Էրդողանի նախագահ ընտրվելուց հետո Ռուբեն Մելքոնյանը չի կարծում, թե որևէ լուրջ փոփոխություն տեղի կունենա հայ-թուրքական հարաբերություններում անգամ այն պարագայում, որ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է իր ավելի մեղմ հայացքներով հայտնի գործիչ Ահմեդ Դավութօղլուն։

«Միգուցե լինեն մակերեսային փոփոխություններ, և այն էլ՝ պայմանավորված կլինեն ոչ թե թուրքական իշխանությունների բարյացակամությամբ, այլ միջազգային հանրության արձագանքով և հենց թուրքական հասարակության օրեցօր զարթնող ինքնաճանաչողության քայլերով», - մեկնաբանում է թուրքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG