Մատչելիության հղումներ

Հայաստանը միացել է «Սառցե դույլ» ֆլեշմոբին


Հայաստանը միացել է «Սառցե դույլ» ֆլեշմոբին
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00

Հայաստանը միացել է «Սառցե դույլ» ֆլեշմոբին

Հայաստանը ևս միացել է վերջին մեկ ամսվա ընթացկում ողջ աշխարհում սոցցանցերի միջոցով մեծ տարածում է ստացած «Սառցե դույլ» ֆլեշմոբին, սակայն, ըստ նյարդաբան Հովհաննես Մանվելյանի, մեզ մոտ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող մարդիկ որևէ օգուտ չեն ստանա:

«Մեզ մոտ սա ընդունվեց որպես խաղ, և շոու դարձնելու, սառույցը գլխին լցնելու փոխարեն ավելի լավ կլիներ այդ մարդկանց օգտակար լինել: Ցավոք սրտի, ֆլեշմոբը այսօր ավելի ձեռնտու է, որովհետև ինտերնետով տեսնում են, նայում են, և սա դա դառնում է սեփական անձը գովազդելու ևս մի եղանակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նյարդաբանը:

Հայաստանում անգամ հատուկ հիմնադրամ կամ հաշվեհամար գոյություն չունի այդ հիվանդությամբ տառապողներին օգնելու համար:

Այդ հիվանդությամբ տառապողների թիվը, այլ երկրների համեմատությամբ, զգալիորեն քիչ է․ տարեկան ցուցանիշը չի գերազանցում 40-ը:

Հիվանդությունն անբուժելի է, գրեթե չկա դեղորայք, որը կօգնի հիվանդներին: Որոշ մարդկանց մոտ այն ժառանգական ձև ունի, մի շարք այլ դեպքերում առաջացման պատճառները հայտնի չեն: Բժշկությունը դեռևս չգիտի թե ինչպես կանխել այդ հիվանդության ժամանակ առաջացող անշարժությունը:

Հայաստանում շատ օգտատերեր, միանալով այս ֆլեշմոբին, փոխեցին դրա սկզբնական ուղղվածությունը՝ առաջարկելով օգնել հիվանդ կամ սոցիալապես անապահով երեխաներին:

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ի տարբերություն այլոց, ջուր չի լզրել իր գլխին, փոխարենը օգնեց քաղցկեղով հիվանդ մի երեխայի:

Նրա խոսքով՝ բազմաթիվ երեխաներ այսօր Հայաստանում տարատեսակ՝ թանկարժեք բուժում պահանջող հիվանդություններ ունեն, բայց բուժվելու հնարավորություն չունեն․ - «Տեսնելով, թե ինչ աստղեր են մասնակցում և գումարներ են փոխանցում, պարզ է, որ այդ հիմնադրամը շատ մեծ գումարներ կհավաքի համաշխարհային աստղերից: Իսկ կան հայ բալիկներ, որոնց հաշվեհամարները որևէ մեկը չի իմանում, և շատ քիչ գումարներ են հավաքվում: Ես առաջարկեցի, որ մենք մասնակցենք և օգնենք փոքր վանաձորցի երեխային»:

Օրերս fլեշմոբին մասնակցեց և այդ նույն երեխային օգնելու համար գումար փոխանցեց նաև Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նույնպես միացել է ֆլեշմոբին, առաջարկեց օգնել անապահով ընտանիքներին՝ հայտարարելով, թե անձամբ օգնելու է նման մի ընտանիքի :

Մեր զրուցակիցներից մեկն էլ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ սոցիալական ծանր վիճակի մեջ գտնվելու պատճառով արդեն երկու տարի է, ինչ չեն կարողանում իրենց երեխային դպրոց ուղարկել: Նա ասաց, որ նման մեկանգամյա ակցիաներով հնարավոր չէ իրավիճակ փոխել, խնդիրը լիարժեքորեն լուծելու համար հարկ է, որ աշխատանքով ապահովվեն նման երեխաների ծնողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG