Մատչելիության հղումներ

ՄՀՀ-ի շենքը գնահատվել է բազմաբնակարան շենքի արժեքով


Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ըստ ԴԱՀԿ-ից ստացված գրավոր պարզաբանման, համալիրի շենքը գնահատվել է՝ հիմք ընդունելով Աջափնյակ վարչական շրջանում բազմաբնակարան շենքում մեկ քառակուսի մետրի արժեքը՝ 1200 դոլարին համարժեք դրամ:

Գրիգորյանի փոխանցմամբ՝ իրենց կոպիտ հաշվարկներով շենքը պիտի գնահատվեր շուրջ 120 մլն դոլար (գնահատված 28 մլնի փոխարեն):

<Գնահատողը եկել է շենք՝ լույսերը անջատած, դռները փակ վիճակում, պտտվել է կես ժամ, դուրս է եկել ու գին է որոշել: Ի լուր բոլորի հայտնեմ, որ այդպիսի մարդ գոյություն չունի, որ այդպիսի մարդ գոյություն չունի, որ կարողանա Մարզահամերգային համալիրում կես ժամում իսկապես պտտվի», - հայտարարեց նա:

Անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող գործակալները «Ազատության» հետ զրույցում ասացին, թե պատկերացնել անգամ չէին կարող, որ պատմամշակութային հուշարձանի քառակուսի մետրը հաշվարկվել է բնակելի շենքի արժեքով:

ԴԱՀԿ- մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ԴԱՀԿ-ն չի զբաղվում գույքի գնահատմամբ․ - «Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով: Անշարժ գույքի գնահատումն իրականացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, իսկ կատարողական վարույթով փորձագետին նշված անձանցից նշանակում է հարկադիր կատարողը»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ԴԱՀԿ ներկայացուցիչը պարտավոր էր նշել համալիրը գնահատած կազմակերպության անունը:

Համալիրի ներկայացուցիչը, մինչդեռ, ասաց, թե համալիրի գնահատումն իրականացրել է ԴԱՀԿ-ի ղեկավար Միհրան Պողոսյանի մտերիմ ընկերոջը՝ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանին (ՀՀԿ) պատկանող անշարժ գույքի գործակալությունը․ - «Եվ ստացվում է, որ մի ընկերը գնահատում է, մյուսն արդեն իրացնում է»:

Հիշեցնենք, որ Կառավարությանն ունեցած վարկային պարտքի դիմաց որոշվել է ՄՀՀ-ն հանձնել Պաշտպանության նախարարությանը:

Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չհստակեցրեց, թե ինչպես է պատրաստվում նախարարությունը շահագործել շենքը:

Նախկին սեփականատերերը, մինչդեռ, ամենևին պատահական չեն համարում, որ շենքը հանձնվել է հենց Պաշտպանության նախարարությանը:

«Պաշտպանության նախարարության հետ կապված բոլոր դատական պրոցեսները տեղի են ունենում փակ դռների հետևում», - իր պարզաբանումը հնչեցրեց Գրիգորյանը՝ հավելելով․ - «Բայց չենք հասկանում, թե ինչ կապ ունի Պաշտպանության նախարարության հետ»:

Նա հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան:

XS
SM
MD
LG