Մատչելիության հղումներ

logo-print

Նախաձեռնությունը սահմաններում լարվածության աճի հետ կապված դրանք դադարեցրել էր։

Արդեն սեպտեմբերի 7-ին վարորդները ավտոերթով կուղևորվեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր։ Նախաձեռնության գլխավոր պահանջը հուլիսի 26-ից ուժի մեջ մտած տուգանքների չափի իջեցման որոշումից առաջ տուգանված վարորդների նկատմամբ համաներում կիրառելն է։ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով շատ վարորդներ միլիոնավոր դրամների հասնող տուգանքներ ունեն և կառավարությունը պարտավոր է նրանց ընդառաջ գնալ։

Նախաձեռնությունը Երևանում մի քանի բողոքի երթեր անցկացնելուց հետո մեկնելու է մարզեր՝ այնտեղ էլ վարորդներին իրազեկելու համար, կոչ են անելու չվճարել տուգանքները, բողոքարկել դրանք դատարաններում և մասնակցել առաջիկայում Երևանում կայանալիք բողոքի ավտոերթին։

Այս ձևով նախաձեռնությունը ցանկանում է նաև ակտիվացնել մարզերի բնակիչներին, նրանց ինֆորմացիա հասցնել և բողոքի ցույցերը ավելի մասշտաբային դարձնել, ինչի շնորհիվ կարծում են կկարողանան կառավարության ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։

Երթի առաջին կանգառը լինելու է Աբովյան քաղաքում, այն ավարտվելու է Սևանում։ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանի խոսքով մարզերում մեկ այլ՝ հոգեբանական խնդիր էլ կա․ մարդիկ տուգանքներից խուսափելու համար պարզապես իրենց մեքենայով մայրաքաղաք չեն գալիս։

Առաջիկայում տուգանված վարորդների համաներման հարցը լուծելուց հետո նախաձեռնությունը բարձրացնելու է նաև ճանապարհային նշանների և երթևեկության կարգավորման հարցը, շատ դեպքերում նրանց խոսքով տեսախցիկները և արագաչափերը որպես ծուղակ են տեղադրված։ «Դուրս մեր գրպանից»-ը պատրաստվում է կառավարությանը ճանապարհային երթևեկության կանոնների նոր կանոնակարգ ներկայացնել կառավարությանը։

«Խնդիրներ շատ կան: Խնդիրները հիմնականում նրանում են, որ բացակայում են ճանապարհային նշանները: Դրված է արագաչափ, բայց դրված չէ՝ ի՞նչ առավելագույն արագությամբ կարելի է երթևեկել այդ փողոցով: Երևանի կենտրոնի ընդամենը մի քանի խաչմերուկներ կարելի է տեսնել, որ թելադրող նշաններ կան կապույտ գույնի ճանապարհի վերևում: Ընդհանրապես նշանները դրվում են ասֆալտի վրա, որը մեկ հատ է ու վերջում, և գալիս հասնում ես այդ խաչմերուկին՝ պարզվում է այդտեղից միայն ձախ կարող ես գնալ: Դիտավորյալ սարքված, պատրաստված ծուղակներ են: Դա գալիս է նրանից, որ մոտիվացիան փող աշխատելն է», - ասում է Եփրեմյանը:

Օրակարգում է մնում նաև կարմիր գծերով վճարովի ավտոկայանատեղիների հարցը։ Վարորդները պատմեցին, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տեսախցիկների մեծ մասը շարունակում են չաշխատել՝ այսինքն բացի կարմիր գծեր գծելուց այս ընկերությունը ոչինչ չի անում: Այդ դեպքում ինչի՞ համար են վարորդները վճարում ընկերությանը, հարցնում են նախաձեռնության անդամները։ Այս հարցով «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները աշխատանքներ են տանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, առաջիկայում պաշտպանի գրասենյակը դիմելու է Սահմանադրական դատարան։

XS
SM
MD
LG