Մատչելիության հղումներ

Ղազախստանն առարկություն չունի ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը


Հայաստանի ու Ղազախստանի նախագահները Աստանայի գագաթնաժողովում: 29-ը մայիսի 2014 թ․

Հայաստանի ու Ղազախստանի նախագահները Աստանայի գագաթնաժողովում: 29-ը մայիսի 2014 թ․

Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքում Ղազախստանի նախագահ Նազարբաևի երեկվա հայտարարությանը, թե Եվրասիական միությանը Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության հարցը որոշվելու հոկտեմբերի 10-ին Մինսկում, որտեղ կայանալու է միության անդամ երկրների ղեկավարների հավաքը:

Մինչ այդ Աստանան հայտարարում է, թե որևէ առարկություն չունի միությանը Հայաստանի միանալու հարցում:

«Ղազախստանը որևէ առարկություն չունի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում», - պատասխանելով «Ազատության» հարցին այսօր հայտարարեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը՝ ընդգծելով, որ գործընթացն ընդամենը տեխնիկական բնույթի է, և ոչ մի ձգձգում չկա:

«Ղազախստանում շատ բարեհաճ են վերաբերում են Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությունը: Ղազախստանի նախագահը ստորագրել է այդ անդամակցության ճանապարհային քարտեզը, այնպես որ որևէ հակասություն և հակազդեցություն չկա: Տեխնիկական գործընթացը ժամանակ է պահանջում: Նախ փաստաթղթերի համաձայնեցման փուլն էր, այժմ էլ Հայաստանի անդամակցության համաձայնագիրը պետք է քննարկեն միության հիմադիրների կառավարությունները», - մանրամասնեց դեսպանը:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում ընթերցեց Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի նամակը, որն առնչվում էր Լեռնային Ղարաբաղին՝ հայտարարելով, թե Աստանան կստորագրի Հայաստանի անդամակցության ճանապարհին քարտեզը կցելով դրան հատուկ կարծիք, Ղազախստանի դեսպանը շեշտեց, որ փաստաթուղթն այնուամենայնիվ ստորագրվել է առանց այդ կարծիքի․ - «Գագաթաժողովն անցկացվում էր Աստանայում, և համակարգողը, բնականաբար, Ղազախստանի նախագահն էր, դրա համար էլ նա էր ստացել նամակը: Ես չգիտեմ Սերժ Սարգսյանը գիտե՞ր այդ նամակի մասին, թե՞ ոչ»:

Ղազախստանի դեսպանը ընդամենը խոսքեր է որակում պնդումները, թե Աստանան Բաքվի շահերն է ներկայացնում, դիվանագետը դարձյալ վկայակոչեց արդեն ստորագրված ճանապարհային քարտեզը․ - «Դա փաստաթուղթ է»:

Արձագանքելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս հնչեցրած կարծիքին, թե բոլորը չէ, որ ուրախ են տեսնել Հայաստանը Եվրասիական միությունում, Այիմդոս Բոզժիգիտովն ասաց, թե դա ձեր նախագահի կարծիքն է․ - «Ղազախստանի նախագահն ասել է, որ Եվրասիական միությունը ձևավորվում է պրագմատիկ բազայի հիմքով՝ միայն տնտեսություն, քաղական որևէ նպատակ, խնդիր չի դրվում: Այնպես որ, եթե դա շահեկան է տնտեսապես, ուրեմն շահեկան է»:

Իսկ այդ օգուտները, ըստ դեսպանի ակներև են․ միության տարածքում 180 միլիոն մարդ է ապրում, առանց մաքսային սահմանների մեծ շուկա է՝ մարդկային ռեսուրսների ապրանքների, ֆինանսների ու ծառայությունների ազատ տեղաշարժով:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու հարցին, ապա ղազախ դիվանագետը շեշտեց, որ խոսքն այժմ Հայաստանի անդամակցության մասին է Եվրասիական միությանը․ - «Ձեր նախագահն է ասել, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:

Հստակեցնող հարցին, թե այդ դեպքում արդյոք Ռուսաստանը Ղրիմով է անդամակցում այս միությանը, Այիմդոս Բոզժիգիտովն արձագանքեց, թե Ռուսաստանը ևս միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունի, բացի այդ այս միությունը ձևավորվել է երեք տարի առաջ, երբ դեռ Ղրիմի մասին խոսք չկար:

Ղազախստանի դեսպանի խոսքով, ի տարբերություն Երևանի, իր հայրենիքում հակառուսական ցույցեր չեն լինում․ - «Չգիտեմ ում գլխում ինչ է, բայց ընդհանուր միտումն այն է, որ Հայաստանը շատ լավ է տրամադրված տեսնել Հայաստանը և Ղրղըզստանը Եվրասիական միության կազմում: Իսկ Ռուսաստանն այս հարցում մեր դաշնակիցն է, միության համահիմնադիրը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG