Մատչելիության հղումներ

Թուրքիայում կկայանա իշխող կուսակցության արտահերթ համագումարը


Ակնկալվում է, որ այսօրվա համագումարում կուսակցության ղեկավար կդառնա արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն

Այսօր Թուրքիայում կայանալու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարը: Քանի որ կուսակցության ղեկավար Ռեջեփ Էրդողանը նախագահ է ընտրվել, նա, ըստ Սահմանադրության պահանջի, պետք է հեռանա կուսակցությունից: Ակնկալվում է, որ այսօրվա համագումարում կուսակցության ղեկավար կդառնա արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, ինչպես նաև պաշտոնապես կհաստատվի երկրի վարչապետի պաշտոնում:

Փոխվարչապետ Բյուլենթ Առընջը ավելի վաղ ասել էր, որ Թուրքիայի նոր կառավարությունը հավանաբար կձևավորվի սեպտեմբերի 1-ին: Նա հայտնել է, որ Ռեջեփ Էրդողանը, օգոստոսի 28-ին ստանձնելով նախագահի պաշտոնը, չի ձգձգի նոր կառավարության ձևավորումը․ երդմնակալության հաջորդ օրը նա կհանձնարարի Դավութօղլուին նոր կառավարություն ձևավորել:

Թուրքական «Դեյլի Սաբահը» գրել է, որ Թուրքիայի թվով 62-րդ կառավարության ուշադրության կենտրոնում կլինի հինգ հիմնական հարց․ Թուրքիայի հզորության և հեղինակության բարձրացում՝ նոր կառավարությունը կփորձի ավելի ակտիվ մասնակցություն ունենալ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծման գործընթացներում, երկրի ներսում՝ քրդերի, ազգային և կրոնական փոքրամասնությունների հետ հաշտեցման գործընթացի շարունակում, սահմանադրական փոփոխությունների ընդունում՝ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության հասնելով 2015-ի առաջին կիսամյակում, քանի որ ամռանը խորհրդարանական հերթական ընտրություններ են լինելու, կշարունակի Ֆաթուլահ Գյուլենի շարժման ակտիվիստների, անդամների դեմ պայքարը և տնտեսության բարելավում, աշխատատեղերի ստեղծում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, այս առնչությամբ ադրբեջանցի փորձագետ Էլխան Շահինօղլուն, մասնավորապես, ասել է․ - «Ոմանք մեղադրում են Դավութօղլուին Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու մասին արձանագրությունները ստորագրելու համար, բայց մինչ Դավութօղլուն Հայաստանի հետ գաղտնի կապերը սկսել էր նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Դավութօղլուն, հավատարիմ մնալով նոր նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությանը, հայտարարել է՝ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարակից գրավյալ շրջանները չեն ազատվել՝ արձանագրությունները չեն վավերացվի»:

Ադրբեջանցի փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Դավութօղլուի նշանակումը Ադրբեջանի օգտին է:

XS
SM
MD
LG