Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ծախսերը հոգալու է Հայաստանը


Կառավարության որոշմամբ՝ համաձայնագիր կկնքվի Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ հիմնելու մասին։

Համաձայնագրի նախագիծը մշակել է հայկական կողմը։ Ըստ այդմ՝ Հայաստանը պարտավորվում է պետական բյուջեից հոգալ բացվելիք մասնաճյուղի գործունեության ծախսերի առյուծի բաժինը։ Ծախսերի մյուս մասի պարագայում Հայաստանը ցանկանում է ներգրավել ներդրողներ մասնավոր հատվածից և երաշխավորել այդ ֆինանսական պարտավորությունների կատարումը։

«Երբ Հայաստանում բացվում էր պետության աջակցությամբ Ամերիկյան համալսարանի անգլալեզու բակալավրիատը, մի հատ բացասական իմաստով ծպտուն չեղավ», - Կրթության նախարար Արմեն Աշոտյանն արդեն պաշտպանվում է դեռ չհնչած քննադատությունից։

Նախաձեռնության քննադատները նկատում են, որ և՛ Ամերիկյան, և՛ Ֆրանսիական համալսարանների պարագայում, պետությունը ֆինասավորում է՝ տրամադրելով միայն պետպատվերի տեղեր և չի վճարում դասախոսների աշխատավարձերը։ Օրինակ, Ամերիկյան համալսարանը ստանում է 35 պետպատվերով տեղ, և 35 ուսանողի համար Հայաստանի Հանրապետությունը վճարում է որոշակի գումար, բայց՝ ոչ նրանց ողջ ուսման վարձը. Հայաստանի Հանրապտությունը չի վճարում անգամ Հայաստանի պետական բուհերի դասախոսների աշխատավարձերը, ինչպես ծրագրվում է ռուսաստանյան բուհի պարագայում. Հայաստանի պետական բյուջեից կվճարվեն ոչ միայն աշխատավարձերը, այլև գործուղված մասնագետների ճանապարհածախսը, գործուղման ծախսերը և այլն։

«Լավագույն կրթական տեխնոլոգիաները պետք է ներմուծվեն: Շատ լավ է, որ բարձր ռեյտինգ ունեցող բուհերն այստեղ ունենան մասնաճյուղեր այստեղ, բայց մենք պետք է հասկանանք, թե մեզ որ մասնագիտություններն ու որ բուհերն են պետք, և, ամենակարևորը, պետք է հասկանանք՝ ինչը մենք կարող ենք մեզ թույլ տալ ֆինանսավորել և ինչ՝ ոչ։ Լոմոնոսովի անվան համալսարանը աշխարհի բուհերի ցանկում լավագույն 200-ի մեջ է, բայց դա այնքան լա՞վ է, որ մեր պետությունը դա մեր հաշվին պիտի ֆինասավորի», - ասաց կրթության ոլորտին վերաբերող հասարակական նախաձեռնությունների անդամ Արմեն Հովհաննիսյանը։

Մոսկվայի պետական համալսարանը, նրա կարծիքով, որոշ բնագիտական մասնագիտությունների գծով կարող է, վստահորեն, համարվել առաջատար. - «Բայց եթե խոսքը վերաբերում է հումանիտար մասնագիտություններին, դա մեզ պետք չէ` եթե այնտեղ սովորեցնում են պատմություն այնպես, ինչպես այսօր մենք տեսնում ենք ռուսական հեռուստաալիքներով»։

Կրթության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հանրահայտ բուհը Հայաստանում կհիմնի և՛ բնագիտական, և՛ հումանիտար ֆակուլտելտներ։

Ուշագրավ է, որ հայ ուսանողների շրջանում չկա բնագիտական նոր տեղերի պահանջարկ. Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Արա Իսպիրյանի տեղեկացմամբ՝ պետական բուհերում շատ տեղեր մնում են թափուր։

Պահպանողական կուսակցության նախագահ, Ճարտարագիտական համալսարանի դասախոս Միքայել Հայրապետյանի պնդմամբ՝ Մոսկվայի համալսարանին Հայաստան հրավիրելիս պահանջարկի վերլուծություններ չեն արվել ու այս նախաձեռնությունը իրականում քաղաքական է։

«Սեփական մշակութային արիալ տեղափոխել հայ հանրույթին՝ մատաղ սերնդին, բնականաբար ռուսները պիտի փորձեին դա անել, բայց արդյո՞ք մենք ունենք այնպիսի իմունային համակարգ, որ կարողանանք այդ համալսարանից միայն դրականը վերցնել, այդ համալսարանը միայն որպես մրցակցության օբյեկտ օգտագործել, և ոչ թե հերթական ռուսական ազդեցության գործակալներ պատրաստել Հայաստանում», - ասաց Հայրապետյանը։

Նախարար Աշոտյանը ընդունում է, որ նախաձեռնությունը քաղաքական երանգ ունի, իսկ նախագծի հիմնավորման տեքստում գրված է, որ բուհի գործունեությունը որակական նոր մակարդակի կհասցնի երկու ժողովուրդների պատմական բարեկամությունը։ Կրթության նախարարը միաժամանակ վստահ է, որ այդ բուհի շնորհիվ Հայաստանում կուժեղանա մրցակցությունը, և Երևանը ձեռք կբերի բրենդային բուհ։

Մոսկվայի պետական համալսարանը մասնաճյուղեր ունի միայն ԱՊՀ տարածքում՝ Ղազախստանում, Ուզբեկստանում, Ադբեջանում և Տաջիկստանում: Այս երկրներում նույնպես բուհի ֆինանսական ծախսերը հոգում է ընդունող երկիրը։

XS
SM
MD
LG