Մատչելիության հղումներ

Լրագրողների աշխատանքը խոչընդոտած ՀՀԿ-ականը նշանակվեց ՀՊՏՀ-ի պրոռեկտոր


Ամիսներ առաջ տարածված լուրերը, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանությունը լրագրողներից պաշտպանող Սևակ Խաչատրյանին պատրաստվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր նշանակել, փաստորեն, իրականություն դարձավ։

Սևակ Խաչատրյանի անունը շրջանառվում էր անցյալ տարի, երբ նրա գլխավորությամբ մի քանի տասնյակ ուսանողներ կենդանի պատ էին կազմել քաղաքապետի գիտական թեզի պաշտպանությունը լուսաբանել փորձող լրագրողների առջև՝ կոպտորեն խոչընդոտելով վերջիններիս աշխատանքը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնապով Խաչատրյանի նշանակմանը` հակադարձեց, ասելով, թե բազմաթիվ պատգամավորներ կան, ովքեր համաներմամբ ազատ են արձակվել:

Նախարարը չի կարողանում հասկանալ, թե ինչու է Սևակ Խաչատրյանի անունը դեռ շարունակվում այդ միջադեպի համատեքստում շրջանառվել. - «Այսօր շատ քաղաքական ակտիվիստներ իրենց ավելի վատ են դրսևորել, օրինակ, ոստիկանների հետ շփումներում, ինչո՞ւ նրանցից որևէ մեկը ոստիկանից մինչ օրս ներողություն չի խնդրել։ Բազմաթիվ տեսանյութեր կան յութուբում, որտեղ նույն սանձարձակ ձևով, շատ ավելի սանձարձակ ձևով, ինչ-որ ակտիվիստներ վիրավորում են ոստիկաններին։ Ներողություն խնդրե՞լ են այդ մարդիկ երբևէ ոստիկանից, հասարակությունից, ես չեմ հասկանում այս կրկնակի ստանդարտները»։

Աշոտյանի խոսքով՝ Տնտեսագիտական համալսարանի ուսանողներն իրենց տարածած հայտարարությամբ հետագայում ներողություն էին խնդրել լրագրողներից: Մինչդեռ, հիշեցնենք, այդ տեքստը շատ հեռու էր մեղայական գրություն լինելուց. դրանում հիմնական պնդումն այն էր, թե ուսանողները տրվել են լրագրողների սադրանքներին։

Ի դեպ, ուսանողության հետ աշխատանքների գծով պրոռեկտոր հաստիքը Սևակ Խաչատրյանի համար հատուկ է ստեղծվել, թեպետ, գրեթե նույն գործառույթն էր ենթադրում նաև նրա նախկին` ուսխորհրդի նախագահի պաշտոնը։

«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Գագիկ Աղբալյանը, ով ներկա է եղել Տնտեսագիտական համալսարանում ուսանողների և լրագրողների միջև տեղի ունեցած քաշքշուկին, չզարմացավ՝ իմանալով, որ Հանրապետական երիտասարդը նոր պաշտոն է ստացել։

Ըստ Աղբալյանի՝ սա Հանրապետականների պարգևն էր երիտասարդ կուսակցականին. - «Այդ իրադարձությունները խոսուն ապացույցն են այն բանի, թե ինչպես են ՀՀԿ-ականները վերաբերում ազատ խոսքին ու մարդու իրավունքներին»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դեռ ամիսներ առաջ «Ազատության» հետ զրույցում հույս էր հայտնել, որ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը, փորձելով բարձր պահել բուհի վարկանիշը, կհրաժարվի Սևակ Խաչատրյանին պրոռեկտորի պաշտոնում նշանակելու մտադրությունից, այնինչ եղավ հակառակը։

«Ստացվեց, որ քաղաքակիրթ նորմերից դուրս պահվածք ունեցող մարդը կարող է նշանակվել բարձր պաշտոնի, ու դժվար է ասել, թե ինչ կարող էր սովորեցնել նա ուսանողներին կամ առհասարակ երիտասարդ սերնդին», - ասաց Մելիքյանը։

Նշենք, որ ամիսներ առաջ, մեզ հետ հեռախոսազրույցում Սևակ Խաչատրյանը նախ նշել էր, որ իր նոր պաշտոնի հետ կապված տեղեկություն չունի և խնդրեց մեզ զանգահարել քիչ ուշ: Ռեկռտոր Կորյուն Աթոյանը նույնպես ասել էր, թե մեզանից է լսում այդ լուրը և նույնպես հորդորեց զանգահարել ավելի ուշ: Այսօր երկուսն էլ ողջ օրվա ընթացքում «Ազատության» հեռախոսազանգերին ընդհանրապես չարձագանքեցին։

Անպատասխան հեռախոսազանգերից հետո այցելեցինք Տնտեսագիտական համալսարան։ Բուհի անվտանգության աշխատակիցներից տեղեկացանք, որ բակում կայանված մեքենան ռեկտորի ծառայողական մեքենան է, այսինքն՝ վերջինս տեղում էր։ Ռեկտորի քարտուղարուհին, սական, տեղեկանալով, որ լրագրող է այցելել, նախ ասաց, որ ռեկտորը տեղում չէ, ապա մեր համառ պնդումներից հետո ասաց, թե ներսում խորհրդակցություն է, և ինքը չի կարող անգամ տեղեկացնել լրագրողի այցի մասին։

Ռեկտորի ընդունարանում տեղադրված տեսախցիկով, որով նա հավանաբար տեղեկանում է իր այցելուների մասին, մեզ նկատած Կորյուն Աթոյանը, շուրջ 20 րոպե սպասելուց հետո, այդպես էլ մեզ չընդունեց։ Խորհրդակցության ավարտից հետո քարտուղարուհին ասաց, որ հիմա էլ ընդմիջում է ու ռեկտորը դարձյալ չի կարող ընդունել։

Ընդամենը մի քանի քայլի վրա գտնվող ռեկտորն այդպես էլ չբարեհաճեց մեր միջոցով հանրությանը հիմնավորել նոր պրոռեկտորի նշանակման անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG