Մատչելիության հղումներ

Դոնեցկի «շքերթը» հարուցել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զայրույթը


Դոնեցկում երեկ ռուսամետ անջատականների կազմակերպած ուկրաինացի ռազմագերիների «շքերթը» հարուցել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զայրույթը:

Հիշեցնեմ, մինչ Ուկրաինան Կիևի կենտրոնում տոնում էր անկախության օրը, երկրի արևելքում անջատականները Դոնեցկի կենտրոնում ուկրաինացի ռազմագերիների շքերթ էին կազմակերպել:

Համացանցում առկա տեսագրության կադրերից երևում է, թե ինչպես են քաղաքի կենտրոնով անցնում ուկրաինացի մի քանի տասնյակ ռազմագերիներ՝ ձեռքները կապած և զինված անջատականների ուղեկցությամբ: Իսկ այս տեսարանին հետևող հարյուրավոր մարդիկ, որոնց ձեռքներին Ռուսաստանի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության դրոշներ էին, վանկարկում էին «ֆաշիստնե՛ր», ծաղրում ու նզովում էին նրանց:

Լրատվամիջոցների տվյալներով, այդ շարասյունը կազմված էր շուրջ հինգ տասնյակ ռազմագերիներից, այդ թվում՝ վիրավորներից: Գերիների շարասյանը հաջորդել են ջրցան մեքենաները, որոնք մաքրել են փողոցները՝ ճիշտ այնպես, ինչպես 1944 թվականին Մոսկվայում գերված նացիստների քայլերթի ժամանակ:

Այս զարհուրելի տեսարանը շատերին է ցնցել, այդ թվում իրավապաշտպաններին, որոնց համոզմամբ Դոնեցկում ռուսաստանամետ անջատականների կազմակերպած ակցիան խախտում է Ժնևի կոնվենցիան, որը պահանջում է մարդասիրական և հարգալից վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ:

Միջազգային իրավունքի մասնագետները, մասնավորապես, մատնանշում են կոմվենցիայի 3-րդ հոդվածը, որով կտրականապես արգելվում է «ոտնձգությունը մարդու արժանապատվության նկատմամբ, մասնավորապես՝ վիրավորական և ստորացուցիչ վերաբերմունքը»: Միջազգային իրավունքի փորձագետները համոզված են նաև, որ այդ բռնի երթը զինվորական հանցագործություն է ու ենթակա է դատական հետապնդման:

«Դոնեցկում տեղի ունեցած այսպես կոչված գերիների շքերթը նողկալի էր ոչ միայն մարդկային տեսանկյունից, այն նաև միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ խախտում էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Տատյանա Լոկշինան:

Դատապարտելով գերիների երթը՝ Human Rights Watch-ի տարածաշրջանային բաժանմունքի փոխտնօրեն ՌեյչելԴենբերը «Թվիթեր»-ի իր էջում գրել է․ - «Դոնեցկում ուկրաինացի ռազմագերիների երթը խախտում է Ժնևի կոնվենցիայի՝ ստորացուցիչ վերաբերմունքի արգելքը: Դա մարդու արժանապատվության ոտնահարում է»:

Միջազգային հանրությանը ցնցած այս իրադարձությանը, մինչդեռ, պաշտոնական Մոսկվան արձագանքում է բավական սառնասրտորեն:

«Ես դիտել եմ այդ շքերթի կադրերը, Ես ծաղրուծանակ մի փոքր հիշեցնող ոչինչչտեսա», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստան արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG