Մատչելիության հղումներ

Դատարանը սկսել է քննել Կյուրեղյանի պաշտպանի հայցը


Ոստիկանները կալանավորում են Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2014 թ․

Ոստիկանները կալանավորում են Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2014 թ․

Իրավապաշտպաններն ահազանգում են, որ իշխանությունները հարազատների հետ կալանավորված անձանց տեսակցությունների արգելքը կիրառում են բացառապես քաղաքական հնչեցություն ունեցող գործերում։ Սրանով նրանք վրեժխնդիր են լինում քաղաքական պայքարի ելած ու ճաղերի հետևում հայտնվածների նկատմամբ։

Նույն համոզմունքն ունի նաև Շանթ Հարությունյանի և «Նոյեմբերի 5»-ի գործով մյուս մեղադրյալների դատավարության մեկնարկին դատարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանի պաշտպանը։

31-ամյա Կյուրեղյանի գործով քննիչը որոշում է կայացրել արգելել նրա տեսակցությունները հարազատների, լրագրողների հետ։ Այսօր նրա պաշտպան Արա Զաքարյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում խնդրեց անվավեր ճանաչել քննիչի կայացրած միանգամից երկու որոշումները․ մեկը վերաբերում է տեսակցությունների արգելքին, մյուսը՝ գործով նյութերը փաստաբանին չտրամադրելուն:

Քննիչ Ստեփան Նավասարդյանը որոշել է արգելել Հայկին տեսակցություններ ունենալ հարազատների, լրագրողների հետ՝ պնդելով, թե դրանք կարող են վնասել նախաքննության ընթացքին:

Արա Զաքարյանը դատարանում պնդեց, որ Կյուրեղյանին տեսակցություններից զրկելը նրան հոգեբանական ճնշման ենթարկելու նպատակ ունի, այլ ոչ թե, ինչպես քննիչն է նշել որոշման մեջ՝ ելնում է նախաքննության բազմակողմանիությունից ու օբյեկտիվությունից․ - «Քննիչը չի բերել որևէ փաստարկված պատճառաբանություն այն մասին, թե ինչի հիման վրա են իր մոտ առաջացել հիմնավոր կասկածներ այն մասին, որ Հայկ Կյուրեղյանի տեսակցությունները կարող են բացասաբար անդրադառնալ գործի քննության որակի վրա»:

Ի պատասխան քննիչ Ստեփան Նավասարդյանը նշեց, թե որոշումն ընդունել է՝ «հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող արարքների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը»:

Պաշտպան Զաքարյանը հակադարձեց, որ ցանկացած հանցագործություն հասարակական վտանգ է ներկայացնում։ Նշեց, որ Կյուրեղյանի գործի ողջ պատմությունն ամփոփված է տեսագրությունում, որը կա գործի նյութերում, և եթե Հայկին այցելեն ընտանիքի անդամները կամ, օրինակ, լրագրողները, ապա այդ այցելությունները չեն կարող ինչ-որ ազդեցություն թողնել գործի ընթացքի վրա, ազդել տուժողի կամ վկաների վրա։

Կյուրեղյանի պաշտպանը նշում է, որ օրենքը տեսակցությունների մասով բացեր ունի, չի նշում, թե կոնկրետ որ դեպքերում կարելի է կալանավորվածին արգելել տեսակցել որևէ մեկի հետ, ինչն էլ քննիչներին հնարավորություն է տալիս կամայական որոշումներ կայացնել։

Փաստաբանի խոսքով՝ քննիչների շրջանում նման սովորույթ է ձևավորվել՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերում մեղադրյալին փորձում են էլ ավելի ճնշել` արգելելով որևէ շփում արտաքին աշխարհի հետ: Նա նշեց, որ շատ դեպքերում անգամ ծանր հանցագործությունների, ասենք, սպանությունների դեպքում տեսակցության սահմանափակումներ չեն դրվում, հեռախոսային խոսակցությունների սահմանափակումներ չեն դրվում․ - «Բայց հենց քիչ թե շատ քաղաքական հնչեղության գործի մասին է խոսքը, օրինակ, Շանթ Հարությունյանի գործը, այս գործը, եթե չեմ սխալվում՝ Մարտի 1-ով էլ նույն պատմությունն էր»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս ուշադրություն է հրավիրում քաղաքական հնչեղություն ունեցող տարբեր գործերի ժամանակ մեղադրյալների նկատմամբ ցուցաբերվող վրեժխնդրության վրա։ Նշում է, որ նման որոշումներ կայացնողները ոչ թե քննիչներն են, այլ հենց իշխանությունները․ - «Մարտի 1-ի գործերից սկսած մինչև հիմա բոլոր գործերը, որոնք ունեն քաղաքական հնչեցություն, նրանցով շատ առնչվել ենք այս փաստի հետ: Հայաստանի իշխանությունները, ոչ թե քննչական մարմինները, այլ իշխանությունները իրենց այդ խիստ, չարդարացված քայլերով նրա [Կյուրեղյանի] նկատմամբ փաստորեն շատ ավելի իմաստալից են դարձնում նրա քայլը»:

Իրավապաշտպանն ասում է, թե Կյուրեղյանի արարքն իրականում պետք է որակել որպես ինքնահրկզման փորձ՝ ընդդեմ իշխանությունների անարդար քաղաքականության․ - «Սկսած սպանություններից, վերջացրած ավազակային հարձակումներով, երբ որ նրանք ունենում են և՛ օրինական, և՛ անօրինական տեսակցություններ, և քննիչները աչք են փակում դրա վրա։ Երբ որ նրանք կալանավայրում կարողանում են ազատորեն շփվել և՛ներսի, և՛ դրսի մարդկանց հետ: Բոլորս դա գիտենք: Բայց այն գործերը, որոնք քաղաքականացված են, որոնց մեջ կա քաղաքականության տարր, այդ գործերով, չգիտես ինչու, քննիչները դառնում են չարդարացված խիստ և չարդարացված դաժան»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասում է, որ Հայկն իրականում այդ քայլին էր գնացել ինքնահրկիզման, նրա նպատակը դա էր, ինչը բողոքի ակցիա է։

Մինչև վերջերս դատարանի շենքի առջեւ իշխանությունների նկատմամբ իր բողոքն արտահայտող Հայկին մեղադրանք էր առաջադրվել՝ զենքի գործադրմամբ և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության մեջ։ Այս հոդվածով նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:

Անցած շաբաթ քննիչը ծանրացրեց նրա մեղադրանքը, ըստ որի նա ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն է գործադրել. մեղադրանքը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

Պաշտպան Զաքարյանն ասում է, որ իրականում այս ամենը արվել է Հայկի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար՝ նա չի ընդունում մեղադրանքները, համարում է, որ մեղադրանքը համաչափ չէ իր արարքին:

Տեսակցությունների մասով դատարանը ամենայն հավանականությամբ որոշում կկայացնի օգոստոսի 28-ին։

XS
SM
MD
LG