Մատչելիության հղումներ

logo-print

Աշոտյան․ Նախարարությունը պատրաստվում է հաստատել ուսման վարձավճարների վերին շեմ


Կրթության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձավ երիտասարդ դասախոսներին անհանգստացնող «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքին:

Խոսքը վերաբերում է այն դասախոսներին, ովքեր աշխատում են նաև մասնավոր հատվածում և, փաստորեն, ստիպված են լինելու պարտադիր վճարումներ կատարել ոչ միայն բուհի, այլև մասնավոր աշխատատեղի աշխատավարձից:

Նշենք, որ երիտասարդ դասախոսները «Ազատության» հետ զրույցում նշել էին, որ եթե օրենքը չվերափոխվի, իրենք նոր ուսումնական տարվա սկզբին չեն վերակնքի պայմանագրերը պետական բուհերի հետ, քանի որ այդպիսով իրենք ֆինանսական վնասներ են կրում:

Ավելի վաղ Գիտությունների ազգային ակադեմիայի տասը գիտնականներ խզել էին պայմանագրերը պետական այս կառույցի հետ՝ միայն մասնավոր հատվածում աշխատելու և սոցիալական պարտադիր վճարից խուսափելու նպատակով:

Արմեն Աշոտյանը նշեց, որ խնդիրն իրենց ևս անհանգստացնում է և իրենք որոշակի աշխատանքներ են սկսել խնդրի լուծման ուղիներ գտնելու համար:

«Մենք մտահոգված ենք, որ երիտասարդ դասախոսները, որոնք համատեղության կարգով են աշխատում բուհերում, այսօր նաև խնդիր ունեն մասնավոր հատվածում աշխատելով այդ սոցիալական վճարի վճարման, որովհետև ակնհայտ է, որ դա չի խթանում երիտասարդ լավ կադրերին համատեղության կարգով մտնել բուհ, աշխատել բուհում, երիտասարդացնել մեր դասախոսական կադրերը, անձնակազմը, և մասնավոր հատված ու բուհ կապը կարող է թուլանալ։ Այս հարցը մենք քննարկում ենք համապատասխան գերատեսչությունների հետ, հուսով եմ՝ մոտ ապագայում մենք լուծումներ կգտնեքն», - ասաց նախարարը։

Անդրադառնալով բուհական համակարգի մյուս խնդիրներին, մասնավորապես, այս տարի թափուր մնացած հարյուրավոր տեղերին՝ Աշոտյանը նշեց, որ պետական բուհերի թիվն այսօր բավական մեծ է, իսկ դիմորդների թիվը՝ փոքր, սակայն իրենք չեն միջամտի և չեն փորձի փակել կամ միացնել մի քանի պետական բուհեր, քանի որ մի քանի տարուց դրանք ինքնաբերաբար կփակվեն կամ կմիավորվեն: Այս գործընթացը, ըստ նախարարի, անխուսափելի է: Ակնկալվում է, որ թափուր տեղերի առկայության պատճառով, բուհերում, ինչպես անցած տարի, ֆինանսական պակասորդներ կառաջանան, սակայն ուսման վարձերի բարձրացումներից խուսափելու համար, նախարարությունը պատրաստվում է հաստատել ուսման վարձավճարների վերին շեմ:

Ըստ նախարարի՝ ուսման վարձը տարբերակվելու է ըստ կրթական աստիճանի՝ բակալավր, մագիստրանտ և ասպիրանտ - .«Ուսման վարձը տարբերակվելու է ըստ կրթության որակի, որը չափելու ենք հավատարմագրված լինելու կամ չլինելու փաստով. ամենաէժանը կլինի չհավատարմագրված կրթական ծառայությունը, ավելի թանկ կլինի ազգային հավատարմագրված ծառայությունը և ամենաթանկը՝ միջազգային հավատարմագրված ծառայությունը»։

Արմեն Աշոտյանը արձագանքեց նաև մասնավոր բուհերի ռեկտորների մտահոգություններին:

Հիշեցնենք՝ նրանք ահազանգում են, որ շատ մասնավոր բուհեր փակման վտանգի տակ են, քանի որ նախարարությունն ամեն ինչ անում է դրանցից ազատվելու համար: Քննությունների միասնական համակարգի ներդրման արդյուքնում այս տարի ոչ պետական բարձրագույն հաստատություններ է դիմել ընդամենը 20 դիմորդ:

«Բուհի գոյությունն ինձ համար ինքնանպատակ չէ, ինչպես նաև մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության համար։ Մենք տանում ենք միասնական քաղաքականություն բոլոր բուհերի հանդեպ. այո՛, անցան այն քաղցր մեղրատարիները, երբ որ մասնավոր բուհերը Հայաստանում ավելի շատ էին, քան քաղաքական կուսակցությունները, և այդ բուհերում սովորելու, ավարտելու, ընդունվելու համար, դուք ինձանից շատ լավ գիտեք՝ ինչպես էր պետք անել։ Ես կողմնակից եմ, որ դաշտում մնան բոլոր այն մասնավոր բուհերը, որոնք կկարողանան ապահովել հասարակության և պետության ակնկալիքներն ու պահանջները կրթության որակի հետ կապված», - հայտարարեց Աշոտյանը։

Նախարարն անդրադարձավ նաև հանրակրթությանը. Կառավարության այն օրինագիծը, որով առաջարկվում է 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնել, արդեն Ազգային ժողովում է, և Աշոտյանը հուսով է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այն կընդունվի:

«12-ամյա կրթության անցնելու հրամայականն ունի հետևյալ հիմնավորումները՝ յուրաքնաչյուր տարի մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ 9-րդ դասարանից հետո շուրջ չորս, չորսուկես, հինգ հազար՝ կախված տարուց, երիտասարդ չի շարունակում իր կրթությունը հաջորդ մակարդակում, խոսքը չի գնում միայն ավագ դպրոցների մասին, խոսքը գնում է նաև ուսումնարանների և քոլեջների մասին։ Ակնհայտ է այսօր, որ 9-ամյա բազային կրթությամբ, կրթական ցենզով ապագա քաղաքացին ավելի դժվար է գտնելու իր տեղն աշխատաշուկայում, ավելի վատ է ապրելու», - նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

XS
SM
MD
LG