Մատչելիության հղումներ

Եզդիները սպասում են Կառավարության կոնկրետ քայլերին


Իրաք – «Իսլամական պետության» զինյալների կողմից տեղահանված եզդի փախստականները շարժվում են դեպի Սիրիայի սահման, 11-ը օգոստոսի, 2014թ․

Իրաք – «Իսլամական պետության» զինյալների կողմից տեղահանված եզդի փախստականները շարժվում են դեպի Սիրիայի սահման, 11-ը օգոստոսի, 2014թ․

Հայաստանի կառավարությունից միայն մեկ սպասելիք ունեն՝ թույլ տալ Իրաքից եկող իրենց ազգակիցներին անարգել մուտք գործել Հայաստան։

«Սինջար» եզդիների ազգային միությունում չեն շտապում գնահատել անցած շաբաթ օրը իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքները․ սպասում են Կառավարության կոնկրետ գործողություններին։

Անցած շաբաթ օրը Հայաստանի եզդիները հանդիպել են իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ քննարկելու Իրաքի եզդիների հարցը։

Շարմազանովը կարևորել է միջազգային կառույցներում եզդիների հարցի բարձրաձայնումը, նշել, որ նրանց խնդիրը Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է, և Հայաստանը հնարավորությունների շրջանակում պատրաստ է «աջակցել ու սատարել բարեկամ եզդի ժողովրդին»։

Կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին «Ազատության» հետ զրույցում ասում է, որ սպասում են Հայաստանի կառավարության կոնկրետ քայլերին՝ ուղղված Իրաքում թեժ մարտերի մեջ ապրող ազգակիցներին Հայաստան բերելու խնդրի լուծմանը։

«Մենք առաջարկել ենք, որ մեր կազմակերպությունը ունի որոշակի գումար, նաև նաև այդ մարդկանց տեղափոխման հետ կապված խնդիրներ չեն լինի՝ մենք մարդկանց որոշակի քանակի հետ կապված ֆինանսական ծախսերը վերցնում ենք մեզ վրա: Բնակությունն էլ՝ կացարաններ կան եզդիաբնակ գյուղերում: Խնդիրների մեծ մասը մեր համայնքի կողմից լուծելի են: Այսինքն մենք են լուծելու, ուղղակի միայն մնում է, որ Հայաստանի Հանրապետությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ որպեսզի սահմանին որևէ խնդիր չառաջանա», - ասում է Մուրազին:

Հայաստանի եզդիների համար ամենակարևոր հարցը Հայաստանի իշխանության ներկայացուցչի առջև եղել է հենց Հայաստան մուտքի վիզայի տրամադրման դյուրացումը։ Մուրազին ասում է, որ վիզայի հետ կապված հարցերը լուծելու համար իշխանության ներկայացուցիչներն իրենց ժամկետ են տվել։

«Այդ հարցին պատասխանեց, որ ինքը ևս մեկ անգամ կկապվի ԱԳՆ և կփորձի հասկանալ, թե ինչն է պատճառը, որ չեն կարող փախստականներ ընդունել և երկուշաբթի պատասխան կունենանք», - ասում է նա:

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե Հայաստան գալ փորձող փախստականների տարերային հոսք այս պահին չկա։ Հայաստանի սահմանին հասնելու դեպքում Իրաքի քաղաքացիները, անկախ ազգությունից, չեն կարող առանց մուտքի արտոնագրի հատել սահմանը, քանի որ Հայաստան մուտք գործելու համար պարտադիր է դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսարաններում ստացած մուտքի արտոնագիրը։ Սա, թերևս, խնդիրներ կառաջացնի Իրաքի եզդիների համար։

Եզդիների միության ներկայացուցիչն ասում է, որ Շարմազանովից նաև հետաքրքրվել են, թե ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը եզդիների խնդրին անդրադարձավ միայն իրենց բողոքի ակցիաներից հետո, այն դեպքում, երբ հարևան Ադրբեջանն ավելի վաղ էր իր աջակցությունը հայտնել։

«Ուշ է արձագանքվել նրա համար, որպեսզի միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանում ինչպիսի ակտիվություն է ցուցաբերում եզդի համայնքը, որ բողոքում են: Այսինքն նաև, ինչ-որ իմաստով, իրենց դանդաղումը գործին օգնել է», - Շարմազանովի արձագանքը մեկնաբանեց Բորիս Մուրազին:

Եզդիները նաև իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին են դիմել՝ կոչ անելով հետևողականություն ցուցաբերել, որպեսզի Հայաստանի կառավարության կողմից հատկացված 100 հազար դոլար օգնությունը նպատակային օգտագործվի Իրաքում։

Բորիս Մուրազին ասում է, որ Հայաստանի 50 հազարանոց եզդիական համայնքը պատրաստ է ընդունել ազգակիցներին՝ նրանց տրամադրելով կացարաններ, ապրուստի միջոցներ։ Հայաստանի կառավարությունից միայն մեկ սպասելիք ունեն՝ թույլ տալ նրանց անարգել մուտք գործել Հայաստան։

XS
SM
MD
LG