Մատչելիության հղումներ

«Երևան Ջուրը» պնդում է, որ Պռոշյանում ջրի թունավորում չի եղել


Հայաստան - Պռոշյան գյուղի դիտահորը մեր նախորդ այցելության պահին, Պռոշյան, 15-ը օգոստոսի, 2014թ․

Հայաստան - Պռոշյան գյուղի դիտահորը մեր նախորդ այցելության պահին, Պռոշյան, 15-ը օգոստոսի, 2014թ․

Խմելու ջրից թունավորման մասին տեղեկությունները, «Երևան Ջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մուրադ Սարգսյանը հավաստմամբ, չեն համապատասխանում իրականությանը:

Մոտ 10 օր առաջ «Ազատությունը» ահազանգ էր ստացել Պռոշյան գյուղի բնակիչներից, որոնք կասկածներ ունեին, թե վերջին օրերին գյուղի երեխաների տկարությունը պայմանավորված է աղտոտված ջրով: Հենց դեպքի վայրում ականատես եղանք, որ դիտահորը, որտեղ տեղակայված է խմելու ջրի խողովակը, թաղված է կեղտաջրի մեջ: Նաև այդ պահին տեսանք, որ համաճարակաբանները նմուշներ էին վերցնում աղբյուրներից՝ ջրի բաղադրությունը ստուգելու համար:

«Փառք Աստծո, մեր գործունեության 8-րդ տարվա ընթացքում ընդհանրապես որևէ դեպք, երբ ջրի որակը չի համապատասխանել Հայաստանում գործող սանիտարական նորմերին, չի արձանագրվել», - մեզ հետ զրույցում ասաց Մուրադ Սարգսյանը, - «Ջրի նմուշառումներ իրականացվեց, լաբորատոր ստուգումները ցույց տվեցին, որ այնտեղ ընդհանրապես ջրի որակի խախտում չի արձանագրվել: Անցել է այդ դեպքից 8 օր՝ բավական ժամանակ է, ինկուբացիոն շրջանն էլ է անցել, բայց պարզվում է, որ իրոք ոչ ոք ոչինչից չի հիվանդացել և իրենց այդ կասկածները, որ ջրից ինչ-որ հոտ է գալիս, համ է գալիս, չեն համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ մենք գյուղում էինք, «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցները ազատում էին դիտահորը կեղտաջրերից՝ հասկանալու, թե ի՞նչ վիճակում է գտնվում խողովակը: Ավելի ուշ պարզ է դարձել, որ խողովակի փական իրոք վնասված է եղել: Սակայն «Երևան Ջուր» ՓԲԸ Մաշտոց շահագործման տեղամասի գլխավոր ինժեներ Էդգար Հայրապետյանը մեզ հետ զրույցում հերքեց բնակիչների այն տեսակետը, թե փականի անսարքության հետևանքով խմելու ջուրը խառնվել է կեղտաջրերին:

«Ես հերքում եմ, որովհետև ամբողջ Պռոշյան գյուղը սնվում է Ապարանի ջրատարից: Ապարանի ջրատարի ջուրը կտրվում է այն ժամանակ, երբ որ Ապարան ջրատարի կանգառ է, որը չի եղել: Հետևաբար թունավոր չի կարող լինել, քանի որ ճնշումային ջրագիծ է՝ չի կարող կեղտաջուրը կամ ինչ-որ մի բան ներթափանցել խողովակի մեջ ու անցնել բնակիչներին», - ասաց Հայրապետյանը:

Մեր հարցին՝ այսինքն անկախ այն բանից, որ գտնվում է կեղտաջրի մեջ, այն չի՞ կարող ներթափանցել, Հայրապետյանը կրկին պնդեց՝ «չէր կարող կեղտաջուրը ներթափանցել»:

Գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ասում էին, թե բազմիցս այս խնդրով դիմել են «Երևան Ջրին», սակայն ընկերության աշխատողները չեն ժամանել դեպքի վայր:

«Երևան Ջուր» ընկերությունը պնդում է, որ թեժ գիծը նմանատիպ բողոք չի ստացել և այստեղ առկա խնդրի մասին տեղեկացել են միայն «Ազատության» ռեպորտաժի միջոցով:

«Երևան Ջուր» ընկերությունն էլ ունի իր ենթադրությունները, թե ինչու գյուղացիները խնդրի մասին չեն ահազանգել:

«Իրենք մեզ չեն ահազանգել, հասկանալով, որ իրենց արածն է՝ երևի դրա համար», - ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մուրադ Սարգսյանը, - «Ըստ երևույթին իրենք փակել են փականը որոշակի աշխատանքներ անելու համար՝ երևի վթար է եղել ինչ-որ մեկի տանը, փակել է, հետո չեն կարողացել բացել: Բացել են այն տարբերակով, որ վնասվել է․ չեմ կարծում, թե ուզեցել են վնասեն, ուղղակի վնասվել է բացելու ընթացքում, ու հետո այդքան որ ջուր է եղել, իրենք չեն կարողացել կանխել այդ ջրի հոսքը, թողել են՝ մնացել էր»:

Տեղամասի գլխավոր ինժեներ Էդգար Հայրապետյանն էլ հավելում է․ - «Մեր համակարգում, բնականաբար, բոլորին չենք կարող վերահսկել, ինչպես են նրանք շահագործում, և այստեղ շատ բան գալիս է մեր բնակիչների մշակույթից, տարրական օրինապաշտ լինելուց և, իհարկե, տեղական իշխանության մարմինների զգոնությունից: Առաջին հերթին նրանք են մարդու համար պատասխանատու, և մեր համակարգը վթարելու, վնասելու դեպքում իրենք պետք է առաջին հերթին արձագանքեին, որ չհասնի այսպիսի խնդիրների և պարզենք՝ գյուղացին, բնակիչը ճի՞շտ էր, թե՞ ոչ»:

Գյուղում ջրի խնդիր չի եղել ոչ առաջ ոչ հիմա, պնդում էին «Երևան Ջրի» մասնագետները: Ինչ վերաբերում է վնասված փականին՝ ապա առաջիկայում՝ հստակ ժամանակ չի նշվում, «Երևան Ջուրը» խոստանում է վերացնել և այդ թերությունը, նոր դիտահոր կառուցել, որպեսզի հետագայում նման խնդիրներից խուսափեն:

Գյուղի բնակիչների հետ կապ հաստատել այսօր չստացվեց, սակայն նրանք ավելի վաղ մեզ ասել էին՝ եթե խնդիրը լուծում չստանա՝ կահազանգեն:

XS
SM
MD
LG