Մատչելիության հղումներ

logo-print

Գյուղնախարար. «Ռուսաստան արտահանման ծավալները մեծացնելու ենք»


Ըստ Սերգո Կարպետյանի սրոնով կբարելավվի նաև գյուղացու վիճակը։

Հատկապես հիմա, երբ, Ռուսաստանը արգելեց մի շարք երկրներից պարենային ապրանքների ներկրումը Ռուսաստան, Հայաստանի համար շատ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին արտահանվող բոլոր ապրանքների ծավալերը մեծացնելու համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Այո, ես ասում եմ և պնդում եմ, որ արտահանման ծավալները կրկնապատկելու ենք այս տարի, մենք դրա ռեալ հնարավորություններն ունենք, և շատերը թերահավատ են էդ տեսակետից, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ այդպես էլ լինելու է. մենք այս տարի ունենք շատ լավ բերք՝ ծիրանից բացի, մնացած բերքատեսակների առումով տարին առատ է»,- ասաց Կարապետյանը։

Մեր հարցին, թե այս բարենպաստ պայմանները կբարելավե՞ն արդյոք շարքային գյուղացու վիճակը, նախարարը պատասխանեց. - «Գյուղացին, եթե արտադրում է իր հողամասում ընդամենը, ենթադրենք, հինգ տոննա տեղձ, ինքը կարող է էդ հինգ տոննա դեղձը արտահանել, դրա համար կան կազմակերպություններ, կան անհատ ձեռներեցներ, որոնք զբաղվում են դրանով։ Այսօր ես ասեմ, որ դրանով զբաղվողների թվաքանակն ավելացել է։ Մենք մեր կայքում տեղադրել ենք նոր արտահանողների համար այն քայլերը, որ ինքը պետք է ձեռնարկի արտահանում կազմակերպելու համար»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համոզված է, որ նոր արտահանողները բազմաթիվ խնդիրների են հանդիպելու և, հետևաբար, շարքային գյուղացու վիճակը գրեթե չի փոխվելու: Փոխարենը խաշոր հողատերերը, որոնք Հայաստանում հիմնականում պաշտոնյաներն են, արդեն ունեն ձևավորված կապեր, նաև, ամենակարևորը, կարողանում են լավ բերք ստանալ՝ արտոնյալ պայմաններում իրենց հողերը մշակելու հաշվին:

«Այդ խոշոր հողատերերը առավել մեծ հնարավորություն ունեն ջրային ավազաններից, ջրամբարներից օգտվելու, գիտեմ նույնիսկ մարդիկ, որոնք ջրամբարից ուղիղ դեպի իրենց հողատարածք խողովակ ունեն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Խառատյանը։

Նրա խոսքով՝ գյուղացիներից շատերը պարզապես հրաժարվում են մշակել հողերը՝ նախապես համոզված լինելով, որ առանց ջրի բերք ստանալ չեն կարող։

«Բավական է գնաք Արարատյան դաշտավայր՝ հայկական գյուղատնտեսության շտեմարանի տարածք, և հեռու չեմ ասում` Էջմիածնից մինչև Արմավիր և մի քիչ ավելի խորը եթե գնաք, նույնիսկ այդ տարածքում դուք կտեսնեք բացարձակ բարձիթողի հողատարածքներ որոնք ուղղակի անապատացված են», - ասաց ազգագրագետը։

Դե իսկ գյուղ նախարարն այսօր բոլորովին այլ պատկեր ներկայացրեց: Սերգո Կարապետյանը դրական է գնահատում գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքները, և ասում, որ գրեթե բոլոր ճյուղերում ավելացել են բերքի ծավալները, վարելահողերը. առաջընթաց է գրանցվել գյուղատնտեսության բոլոր ճյուղերում:

«2010 թվականին, եթե մենք օգտագործում էինք մեր հողերի 62 տոկոսը, ապա, այս չորս տարիների ընթացքում, մենք կարողացանք հասնել այդ մակարդակին՝ 74.5 տոկոսի, եթե 2010 թվականին ցորենի առումով 33 տոկոս էր կազմում ինքնաբավության մակարդակն, ապա այս տարի այն հասնում է 51 տոկոսի», - ընդգծեց գյուղնախարարը։

Իսկ Խառատյանը խոսքով՝ գյուղացիները նախըտրում են ցորեն ցանել, քանի որ այն հաճախակի ոռոգում չի պահանջում:

Նախարարի կարծիքով՝ գյուղացիները թեև որոշ դժվարություններ ունենում են, բայց դժգոհելու առիթ չպետք է ունենան. պետությունը նրանց օգնելու բացմաթիվ ծրագրեր է իրականացնում։

Մեր հարցին, թե ինչու է, այնուամենայնիվ, գյուղացին դժգոհում և գյուղատնտեսությամբ զբաղվելը անարդյունավետ համարելով՝ թողնում գյուղն ու բռնում Ռուսաստանի ճանապարհը, գյուղնախարարն ասում է, որ եթե գյուղացիները միավորվեն և կոոպերատիվներ ստեղծեն, միայն այդ ժամանակ կարող են մեծ եկամուտներ ստանալ, բայց` «մենթալիտետն է պատճառը, որ մեր գյուղացիները չեն միավորվում»:

Հրանուշ Խատյանը, սակայն, համոզված է, որ գյուղացիները չեն միավորվում և կոոպերատիվներ չեն ստեղծում ոչ թե մենթալիտետի, այլ ստույգ պատճառներ հաշվի առնելով՝ քանի որ, եթե անգամ միանան 20 փոքր հողակտոր ունեցող գյուղացիներ, միևնույն է, նրանք չեն կարող մրցակցել խոշոր հողեր և տարատեսակ հնարավորություններ ունեցող պաշտոնյաների հետ:

Նա ընդգծում է, որ անգամ միավորված գյուղացիները շատ քիչ շանսեր ունեն հողը ոռոգելու, լավ բերք ստանալու, այն տեղափոխելու կամ իրացնելու:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG