Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահն ընդունել է Վրաստանի վարչապետին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող հարուստ օրակարգի տարբեր խնդիրներին: Հանրապետության նախագահը ցանկություն է հայտնել ավելի հաճախակիացնել այդպիսի այցելությունները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, և դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային խնդիրների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ Հայաստան է ժամանել ևս մեկ անգամ հավաստելու իր խորը հարգանքը Հայաստանի Հանրապետության, ՀՀ նախագահի և հայ ժողովրդի հանդեպ, ավելի ամրապնդելու և նոր որակ հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:

Իրակլի Ղարիբաշվիլին համակարծիք է եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ երկկողմ հարաբերությունները ներկայումս շատ բարձր մակարդակի վրա են, և նման հանդիպումներն ավելի կսերտացնեն երկու պետությունների միջև կապերը: Վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ մշտապես ասել է և այժմ էլ կրկնում է՝ Հայաստանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև բարեկամ պետություն: Նրա համոզմամբ, այդ բարեկամական հարաբերություններով երկու երկրների բարեկեցության համար պետք է օգտակար ու բարի շատ գործեր անել: Վարչապետը գոհունակությամբ է խոսել պաշտոնական այցի օրերին Հայաստանում իր և իր գլխավորած պատվիրակության նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի մասին, որը, նրա խոսքով, միայն բարեկամի կողմից կարող է դրսևորվել:

Իրակլի Ղարիբաշվիլին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում Երևանում ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքները, ձեռքբերված պայմանավորվածությունները:

Հանրապետության նախագահի հետ Վրաստանի վարչապետը քննարկել է հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերը, նաև՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են նշել ս.թ. հունիսի 18-ին ՀՀ նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր կամրջի շինարարության մասին, որը կողմերն անվանել են «Բարեկամության կամուրջ»: Երկուստեք վերահաստատվել է կամրջի շինարարությունն արագացնելու հանձնառությունը:

Հանդիպումից հետո, ի պատիվ Վրաստանի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության, ՀՀ նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ճաշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG