Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրվա երկրորդ կեսին ավարտեց երկօրյա պաշտոնական այցը Հայաստան: Վրացական պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում ճանապարհեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ:

Կեսօրին, Ղարիբաշվիլին հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները պատմականորեն ամենաբարձր մակարդակում են: Վրաստանի վարչապետն ու Հայաստանի նախագահը պայմանավորվել են արագացնել կամուրջի շինարարությունը հայ վրացական սահմանին՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում, երկու կառավարությունների ֆինանսավորմամբ: Այն ստացել է «Բարեկամության կամուրջ» անվանումը:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հանդիպման մասին ընդամենը մեկ պարբերությամբ կարճ լուր է տարածել՝ նշելով, թե քննարկման հիմնական թեման եղել է երկու երկրների միջև համագործակցությունը:

Կողմերը բարիդրացիական հարաբերությունների քաղաքականության հետագա ամրապնդման հույս են հայտնել:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ճաշի սեղանի շուրջ հյուրընկալել է վրացական պատվիրակությանը և շնորհակալություն հայտնել Ղարիբաշվիլիին Հայաստան այցելելու համար:

Խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի հետ հանդիպմանը, ըստ երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունների, երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու և այլ հարցեր:

Իրակլի Ղարիբաշվիլին մասնավորապես ասել է․««Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն: Հայաստանը և Վրաստանը հարյուրամյակների ընթացքում դժվար ճանապարհ են անցել, և մենք ապացուցեինք, որ ոչ միայն հարևաններ ենք, այլ նաև բարեկամներ: Իմ այցը դրա վկայությունն է, ես պատրաստ եմ խորացնել մեր հարաբերությունները», - դիմելով Գալուստ Սահակյանին ասել է Վրաստանին վարչապետը՝ ընդգծելով, որ հոկտեմբերին սպասում են պատասխան այցի:

Հայաստանի խորհրդարանի խոսնակն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ շեշտելով, թե Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության, վստահության մթնոլորտի հաստատման և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված նոր պայմանների ստեղծման հարցում:

Ազգային ժողովում կայացած հանդիպմանը մասնակցել են վրացական պատվիրակության անդամներ, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ և Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը:

Երեկ երեկոյան Վրաստանի վարչապետի պատվին կազմակերպվել է պաշտոնական ճաշկերույթ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ Ղարիբաշվիլին այցելել է Երևանի կոնյակի գործարան:

Դատելով պաշտոնական հանդիպումների մասին լրահոսից՝ հայ-վրացական բանակցությունների օրակարգից դուրս են մնացել վրացահայության խնդիրները:

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ջավախահայ Շիրակ Թորոսյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Երևանն ասելիք չուներ այս մասին, կարծիք հայտնեց, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։

«Վրաստանի նախկին կառավարության օրոք այդպիսի հարցերն իսկապես հրատապ էին, բայց Վրաստանի նոր իշխանությունները, ովքեր եկան իշխանության նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության դրոշը պարզած և հստակ խոստումներով, բնականաբար, հարցն ուղղվեց երկրորդ պլան և իր հրատապությունը կորցրեց»,-ասաց Թորոսյանը։

Պատգամավորն ասում է՝ Իվանիշվիլիի ու Ղարիբաշվիլիի կառավարությունները Ջավախքում ճանապարհներ կառուցեցին, տնտեսական կապն աշխուժացավ, հայաստանցիները հիմա Բավրայով են ծով գնում:

Նոր իշխանության օրոք երկու տարիները հույս են տվել տեղի հայերին, խոստում են ստացել, որ դպրոցներում վերականգնվելու են հայոց լեզվի և պատմության դասաժամերը։

«Նախորդ իշխանությունները ոչ միայն բացառում էին ավելացնել դասաժամերը, այլ հենց իրենք կրճատցին դրանք»,-նշեց Թորոսյանը։

Իրակլի Ղարիբաշվիլիի Երևանյան այցի ընթացքում չքննարկվեց նաև Վրաստանի կողմից սեպտեմբերի մեկից սահմանվող վիզային ռեժիմի հարցը: Ջավախահայ պատգամավորն այստեղ խնդիր տեսնում է։

«Բավական մեծաթիվ հայ գործարարներ Վրաստանում բիզնես են դրել , հասկանալի է, որ նրանք պետք է տարվա մեծ մասը գտնվեն Վրաստանում, հետևեն իրենց գործին, բիզնեսին արդյունք ստանան։ Սա հուզում է նաև Վրաստանի մյուս հարևաններին՝ Թուրքիայի և Ադրբեջանին։ Պետք է Վրաստանը որոշակի տարբերակված մետոցում ցուցաբերի իր հարևանների քաղաքացիների նկատմամաբ, մասնավորապես, օրինակ՝ պարզվեցված կարգով կացության կարգավիճակի տրամադրումը»,-ընդգծեց ջավախահայ պատգամավորը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ Վրաստանի վարչապետի պաշտոնական այցի մեկնարկին հայտարարվել էր, թե վիզային ռեժիմի հարցը ընդգրկված է բանակցությունների օրակարգում։

«Թերևս մնում է ենթադրել, որ հարցը քննարկվել է և վրացական կողմը Երևանին բացատրել է, որ կամ դա անհրաժեշտություն է, կամ դա անխուսափելի քայլ է, հետևաբար դրա արդյունքում այն վերանայելու որևէ հնարավորություն չկա, հետևաբար որպեսզի Երևանն իրեն շատ վատ չզգա ուղղակի հայտարարում է, ո ր այդպիսի հարց չի քննարկվել»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ թեև վիզային ռեժիմի սահմանումը պայմանավորված է Թբիլիսիի եվրաասոցացման հետ, այդուհանդերձ, եթե Երևանը չբռներ Եվրասիական միության ճանապարհը, Վրաստանի իշխանությունները կարող էին և բացառություններ անել մեզ համար։

«Հաշվի առնելով, որ երկարաժամկետ կտրվածքով ինքը և Հայաստանը հայտնվելու են միևնույն քաղաքակրթական տնտեսական տարածության մեջ, հետևաբար Վրաստանի այս քայլը ապացուցումէ նա, որ երկար ժամանակ կտրվածով նա Հայաստանին տեսնում է այլ տարածության մեջ»,-ասաց Սաֆարյանը։

Ինչ վերաբերում է ջավախահայության խնդիրներին չանդրադառնալուն, ապա Ստյոպա Սաֆարյանն առհասարակ խղճուկ և աղքատիկ գնահատեց հայ-վրացական կառավարական հանձնաժողովի օրակարգը:

XS
SM
MD
LG