Մատչելիության հղումներ

Շաբաթավերջը գուցե կտա ուկրաինական խնդիրը լուծելու հույս


Զոհված ռուս անջատականների շիրիմները Դոնեցկի գերեզմանոցում, 21 օգոստոսի, 2014թ.
Զոհված ռուս անջատականների շիրիմները Դոնեցկի գերեզմանոցում, 21 օգոստոսի, 2014թ.

Վաղը` օգոստոսի 23-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Կիև։

Մերկելը` Եվրամիության ամենաազդեցիկ դերակատար

«Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Դեյզի Սինդելարի կարծիքով, այս շաբաթավերջին կարող է ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման հնարավորություն ի հայտ գալ։

Դրա համար կա հինգ հուսադրող հանգամանք։ Առաջինը միջնորդի անձն է․ ապրիլին Ուկրաինայի արևելքում սկսված մարտերից հետո այդ երկիր են այցելել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, բայց վերլուծաբանները նշանակություն են տալիս հենց Գերմանիայի կանցլերի այցին, որովհետև նա է ղեկավարում Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկիրը, որը գերակայող դեր ունի Եվրոպական միության արտաքին քաղաքականության ասպարեզում։

Մերկելը խոսում է ռուսերեն, ավելի նպաստավոր, ոչ պաշտոնական և աշխատանքային մթնոլորտում է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մերկելի այցն ինքնին խթան է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի համար, քանի որ Եվրամիության ղեկավարները վերջին շրջանում, մի տեսակ, չէին շտապում Կիև։

Մերկելն արդեն ակնարկել է, թե ինչպիսին կարող է լինել փոխզիջման հնարավոր տարբերակը։

Բրիտանական պարբերականի ուշագրավ կանխատեսումը

Օգոստոսի 18-ին Ռիգայում Գերմանիայի կանցլերը ասել է, որ ՆԱՏՕ-ն կերաշխավորի Բալթյան երկրների և Լեհաստանի անվտանգությունը և դրա համար արդեն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, սակայն մշտական ռազմակայաններ տեղադրելու հարց օրակարգում չկա։

«Ինդեփենդենթ» պարբերականի փոխանցմամբ, իբրև թե, կա այսպիսի նախաձեռնություն` Ուկրաինան ճանաչում է Ղրիմը ռուսներին փոխանցելու իրողությունը, ռուսները դադարեցնում են Ուկրաինայի արևելքին ցուցաբերվող աջակցությունը, պարտավորվում են չխոչընդոտել Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը։ Կողմերը կնքում են երկարատև գազային պայմանագիր, որը ներառում է հատուցում Ղրիմի կորստի և սևծովյան նավատորմի կայանման վարձի համար, Ուկրաինան պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին։ Գուցե հենց այդ «ծրագիրը» կփորձի առաջարկել Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Վերլուծաբան Սինդելարը նշում է, որ պաշտոնական Մոսկվան, Բեռլինը և Կիևը որևէ մեկնաբանություն չեն տվել «Ինդեփենդենթի» բացահայտման վերաբերյալ։

Պատմական զուգադիպություններ

Երկրորդ հանգամանքը` պատմական զուգահեռների շարքից է։ Մերկելի այցը համընկնում է պատմական երկու իրադարձությունների հետ։ Ճիշտ 75 տարի առաջ` 1939 թվականի օգոստոսի 23-ին, Խորհրդային Միության և նացիստական Գերմանիայի արտգործնախարարները ստորագրել են «Չհարձակման պայմանագիրը», որը հայտնի է նաև որպես «Մոլոտովի և Ռիբենտրոպի պակտ»։ Այդ փաստաթղթով Գերմանիան և Խորհրդային Միությունը միմյանց միջև «բաժանել են» հին մայրցամաքում ազդեցության գոտիները։

«Պակտի» գաղտնի հավելվածները Խորհրդային Միությանն ընձեռել են Բալթյան երեք երկրները, ինչպես նաև Լեհաստանի, Ռումինիայի և Ֆինլանդիայի հատվածները զավթելու հնարավորություն։

Մեկ այլ պատմական հանգամանք է այն, որ օգոստոսի 23-ին Ուկրաինան անկախության օրն է նշում։ 2014-ի տոնական զորահանդեսը տեղի կունենա քաղաքական և պատմական յուրահատուկ համատեքստում։

«Ուրվագծվում է ճանապարհային քարտեզը»

Երրորդ հանգամանքը Պուտինի և Պորոշենկոյի հանդիպումն է։ Վերջին անգամ նրանք հանդիպել և հպանցիկ զրուցել են հունիսին` Ֆրանսիայում, Երկրորդ աշխարհամարտում Արևմտյան դաշնակիցների ափհանման (D-Day) հոբելյանի օրը։

Օգոստոսի 26-ին նրանք նորից կհանդիպեն` այս անգամ Մինսկում, որտեղ Պուտինին և Պորոշենկոյին կմիանան Քեթրին Էշթոնի ղեկավարած Եվրամիության պատվիրակությունը և Եվրասիական տնտեսական միության համահիմնադիրներ Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Պորոշենկոյի օգնական Վալերի Չալին ասել է, որ ուրվագծվում է «պատերազմից դեպի խաղաղություն քայլ անելու ճանապարհային քարտեզը»։

Ռազմի դաշտում Ուկրաինայի դիրքը հզորացել է

Չորրորդ գործոնը ռազմական է։ Պատերազմի նախնական փուլում ուկրաինական բանակը խղճուկ ամբոխի տպավորություն է թողել, բայց վերջին ժամանակաշրջանում լուրջ նվաճումներ է ապահովել, մինչդեռ Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուս անջատական մարտիկների հանդեպ տեղի բնակչության երբեմնի անվերապահ վստահությունը սկսել է նվազել։

Դրա պատճառներից մեկն այն է, որ գրանցվել են անջատականների կողմից ավազակության և տեղացիներին առևանգելու, թալանելու դեպքեր։ Ինքնահռչակ Դոնեցկի հանրապետությունը նույնիսկ ընդունել է գերագույն պատժաչափ` մահապատիժ կիրառելու օրենք, ինչը վկայում է այդ տարածքում հանցավորության լայն տարածման մասին։

Բացի այդ, անջատական մարտիկների համբավին մեծ վնաս է հասցրել մալայզիական «Բոինգի» կործանումը, որի հետևանքով սպանվել է 298 մարդ անմեղ մարդ։ Ու թեպետ առայսօր պաշտոնապես հայտնի չէ, թե կողմերից որ մեկն է վայր գցել օդանավը, այնուամենայնիվ ամբողջ աշխարհում գերակայող վարկածն այն է, որ այդ հանցագործության համար պատասխանատվությունը ռուսներն են կրում։

Կրեմլին ձեռնտու չէ այս ճգնաժամը

Հինգերորդ հանգամանքն էլ Ռուսաստանի դիրքորոշումն է։ Վերլուծաբան Սինդելարի կարծիքով, Ղրիմի զավթումից հետո ամբողջ Ռուսաստանում սկսված ցնծության և համատարած ուրախության ժամանակն ավարտվում է։ Կրեմլը լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնել, պատժամիջոցների ազդեցությունը օրըստօրե ավելի հստակ է զգացվում։

Վլադիմիր Պուտինի համար խիստ անցանկալի է ժողովրդի սոցիալական դժգոհությունը, և նա էլ կցանկանա ավարտել այս առճակատումը։

Եթե Պուտինը կարողանա որևէ միջոցով ամրացնել Ղրիմի գրավումը` թեկուզ մնացած Ուկրաինայի կորստի հաշվին, ապա միևնույն է ռուսաստանցիները նրան կհամարեն «հաղթող առաջնորդ», ինչը կտա նախագահությունը համեմատաբար հանգիստ շարունակելու հնարավորություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG