Մատչելիության հղումներ

Կառավարությունը իրաքահայերի համար դյուրացնում է ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը


Հայաստանը կրկնապատկում է Իրաքի եզդիներին ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները. համապատասխան որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ըստ նախագծի, նախատեսված 50 հազարի փոխարեն եզդիներին ուղարկվող օգնությունը կկազմի 100 հազար դոլար։ Նախագահ Սերժ Սարգսյանը երեք օր առաջ էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել օգնության ծավալներն ավելացնելու հարցը:

Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ նախատեսված գումարը Հայաստանը տեղ է հասցնելու ՄԱԿ-ի միջոցով.

«Քննարկումները, ի դեպ, որից տեղյակ են և նաև մասնակցել են Հայաստանում եզդիների համայնքի ներկայացուցիչները, ցույց տվեցին, որ նպատակային հասցնելը գործնականում գրեթե անհնարին է։ Էլ չենք խոսում այդ բաշխումն արդարացի, նպատակային իրականացնելը։ Այդ մեխանիզմերին տիրապետում է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Եվ մենք բանակցությունների մեջ մտանք ՄԱԿ-ի կառույցների հետ, և իրենք համաձայնություն տվեցին, որպեսզի իրենց միջոցով այդ բոլորն իրականացվի»,- հայտարարեց փոխարգրոծնախարարը։

Հայաստանի եզդիական համայնքն այս օրերին բազմիցս է զգուշացրել Հայաստանի իշխանություններին՝ մարդասիրական օգնությունը չուղարկել Իրաքի քրդական ինքնավարության միջոցով՝ մտավախություն հայտնելով, որ այդ պայմաններում օգնությունը գուցե չհասնի եզդիներին։ Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ Ժնևում համապատասխան գրասենյակի հետ կա պայմանավորվածություն, և գումարը ստանալուց անմիջապես հետո այն կուղարկվի։

Բացի օգնությունից, Հայաստանի կառավարությունը նաև որոշակի արտոնություններ է նախատեսում Իրաքից Հայաստան տեղափոխվել ցանկացող իրաքահայերի և Հայաստանի քաղաքացիություն ընդունողների համար: «Իրաքի իրավիճակի հետ կապված, նախագահի համաձայնությամբ և վարչապետի հանձնարարականով, տուրքի վճարից ազատվելու են վիզաների համար, կացության կարգավիճակ ստանալու համար, ինչպես նաև անձնագիրը ստանալու և փոխանակելու համար Իրաքի հայազգի քաղաքացիները»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները նրանց համար նաև դյուրացնում են Հայաստանի Հանրապետության անձնագրեր ստանալու կարգը։ Մասնավորապես, իրաքահայերը առաջիկայում անձնագրեր կարող են ստանալ ոչ միայն Հայաստանում, ինչը մինչև այժմ պարտադիր պահանջ էր, այլև օտարերկրյա պետություններում գտնվող դիվանագիտական ներկայացուցչություններում ու հյուպատոսարաններում։

Առանց մուտքի արտոնագրերի եզդի փախստականներին ապաստան տալու մասին առայժմ պաշտոնական Երևանը որևէ որոշում չի կայացրել։

Ազգային ժողովի ոչ իշխանական և ընդդիմադիր ուժերը միանշանակ դիրքորոշում չունեն այն հարցում, թե արդյոք ներկա քայլերն առավելագույնն են, որ Հայաստանը կարող է անել Իրաքի եզդիներին օգնելու համար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե արդյոք Հայաստանը կարող է եզդի փախստականների խմբեր ընդունել: Պատգամավորի կարծիքով՝ սա բավականին զգայուն հարց է, և բոլոր հնարավոր ռիսկերը պետք է հաշվարկել:

«Ի՞նչ կարող է անել Հայաստանը: Իհարկե, առաջին հերթին դա մարդասիրական օգնությունն է: Եվ առաջին հերթին այն միջազգային ատյաններում, որտեղ մենք ներկայացված ենք՝ ՄԱԿ, եվրոպական կառույցներ, խնդիրը բարձրաձայնելն է։ Այն կադրերը, այն տեսարանները, որ մենք այսօր տեսնում ենք 21-րդ դարում, դա ուղղակիորեն որևէ սթափ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Քաղաքակիրթ աշխարհը պիտի անի հնարավորը՝ ցեղասպանությունը, այդ արյունահեղությունը կանխելու, և մեղավորներին, այդ թվում մեղավոր երկրներին, ովքեր ֆինանսավորում են այդ խելագարների ահաբեկչական կազմակերպությունը, պատժելու և քրեական ռազմական դատարանի առջև պատասխանատվության կանչելու համար», - նշեց ԲՀԿ պատգամավորը։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, գոնե փախստական կանանց և երեխաներին պետք է հնարավորություն տալ ապաստանել Հայաստանում. - «Միանշանակ, եթե կա նման խնդիր, և նրանք ցանկություն ունեն այս պահին տեղափոխվելու Հայաստանի Հանրապետություն, հատկապես կանանց և երեխաներին մենք այդ հնարավորությունը պետք է տանք։ Ես խոսել եմ Հայաստանի եզդի համայնքի ղեկավարների հետ: Իհարկե նրանք ցանկություն ունեն, որպեսզի չլքեն իրենց բնօրրանը, իրենց պատմական հայրենիքը, որպես բնիկ ժողովուրդ: Որովհետև հասկանում են, որ, լքելով այդ տարածքը, հնարավոր է այլևս չվերադառնան: Բայց գոնե կանանց և երեխաներին այդպիսի հնարավորություն պետք է ընձեռվի»:

XS
SM
MD
LG