Մատչելիության հղումներ

Բախշյան. «Զբաղվածության կենտրոններին պետք է զրկել պետական ֆինանսավորումից»


«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն,արխիվ

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն,արխիվ

Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ դրանք գործում են անարդյունավետ և ոչ թափանցիկ։

Քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հղած նամակով խնդրել է ստուգել զբաղվածության տարածքային պետական գործակալությունների աշխատանքի արդյունավետությունը և բացառել կոռուպցիոն երևույթները:

Նույն գրության մեջ Բախշյանը նշել է, որ նամակներով իրեն են դիմել Մասիս քաղաքի բնակիչները, ովքեր պնդում են, թե զբաղվածության տարածքային կենտրոնները ոչ միայն անարդյունավետ են աշխատում, այլև դրանցում առկա են կոռուպցիոն երևույթներ. այդ կառույցներն աշխատանքի են տեղավորում միայն իրենց ծանոթ-բարեկամներին, բացի այդ, կյանքի չեն կոչվում գործազրկության նպաստներին փոխարինելու եկած ծրագրերը:

Բախշյանի խոսքով՝ կառույցները գործում են անարդյունավետ և ոչ թափանցիկ, հետևաբար դրանց պետք է, պարզապես, զրկել պետական ֆինանսավորումից․ - «Ինձ թվում է, որ այնքան անարդյունավետ ծախս են պետական բյուջեի վրա էդ զբաղվածության կենտրոններ պահելը, ավելի լավ է չպահեն էդ կենտրոններն ու ասեն՝ հայ ժողովուրդ, Հայաստանում մնացել ենք մի բուռ հայ, եկեք իրար օգնենք, իրար աշխատանքի տեղավորենք և էդ զբաղվածության կենտրոնները վերացնենք, պետական բյուջեի վրա էդ հսկայական ծախսը վերացրեք»։

Զբաղվածության պետական ծառայություն գործակալության պետ Արտակ Մանգասարյանը «Ազատության» հետ զրույցում տարօրինակ համարեց կոռուպցիայի մասին խոսակցությունները, իսկ անարդյունավետ աշխատանքի մասին, ըստ նրա, խոսք լինել չի կարող, քանի որ իրենք տարեկան հազարավոր մարդկանց են աշխատանքի տեղավորում:

«Չեմ գտնում ինչի մեջ կարող է կոռուպցիոն երևույթ տեսնեն զբաղվածության տարածքային կենտրոնում։ Դա բացառում եմ միանշանակ։ Զբաղվածության կենտրոններից մարդիկ կարող են դժգոհ լինել, եթե իրենց սպասված աշխատատեղը չեն գտնում, չգիտեմ, եթե տարեկան 12.5 հազար մարդ աշխատանքի տեղավորելը, 8-9 հազար ակտիվ ծրագիր իրականացնելը, դա աշխատանքի անարդյունավետություն է համարվում, ես դրա հետ համաձայն չեմ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մանգասարյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հունվարի 1-ից վերացրեց ամսական 18 հազար դրամ գործազրկության նպաստը: «Զբաղվածության մասին» օրենքով աշխատանք չունեցողներին առաջարկվում է նպաստի փոխարեն մասնագիտություն սովորել, վերապատրաստվել:

Բախշյանին նամակով դիմած գործազուրկները դժգոհում են, որ նպաստի փոխարեն այժմ չեն իրականացվում ծրագրեր, որոնք իսկապես ուղղված կլինեն մարդկանց զբաղվածության հարցը լուծելուն:

«Էդ զբաղվածության կենտրոնները պիտի էդ գործազուրկներին վերապատրաստեն, այլ մասնագիտություններ սովորեցնեն, որտեղ պահանջարկ կա, բայց, չգիտես ինչու, ես չեմ տեսել ու չեմ տեսնում. էդքան գործազուրկների հետ շփվում եմ, մեկը չասեց, որ ինձ առաջարկել են՝ արի հիմա դու էս գործը գիտես, արի ես տանեմ քեզ շլիֆովկա անել սովորեցնեմ, կամ եռակցող սովորեցնեմ, ինչ են անում, չեմ հասկանում», - ասաց Բախշյանը։

Զբաղվածության գործակալության պետը, սակայն, ասում է, թե իրենք այդ 18 հազարի փոխարեն տարեկան ութ հազար ակտիվ ծրագիր են իրականացնում:

«Էդ բոլոր գումարները մնացել են համակարգում, դա մնացել է զբաղվածության բյուջեում։ Դրանով էս տարի ութ հազար ակտիվ ծրագիր է իրականացվելու», - փոխանցեց Մանգասրյանը։

Նշենք, որ եթե անցյալ տարի գործազրկության նպաստ ստանում էր գրանցվածների 25-30 տոկոսը, ապա այս ակտիվ ծրագրերին մասնակցում է գրանցվածների 3 տոկոսը:

XS
SM
MD
LG