Մատչելիության հղումներ

Նոր մեղադրանք՝ Հայկ Կյուրեղյանի դեմ


Պաշտպանի փոխանցմամբ՝ Կյուրեղյանն անկոտրում է և շարունակելու է պայքարը:

Շանթ Հարությունյանի և ընկերների դատավարության մեկնարկին բողոքի ակցիա իրականացրած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ այսօր առաջադրվել է նոր՝ ավելի ծանր մեղադրանք:

Հունիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, ոչ մարտական ատրճանակով բողոքի ակցիա իրականացնելուց հետո, Հայկ Կյուրեղյանը մեղադրվում էր մեկ հոդվածով՝ զենքի գործադրմամբ և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով խուլիգանության մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Այսօր քննիչը 31-ամյա Հայկ Կյուրեղյանին առաջադրել է նաև երկրորդ մեղադրանքը, ըստ որի՝ նա ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն է գործադրել. մեղադրանքը նախատեսում է 5-ից 10-ը տարվա ազատազրկում:

«Ազատության» այս տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հայկ Կյուրեղյանի պաշտպան Արա Զաքարյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ ինչպես նախորդ դեպքում, այսօր էլ Հայկ Կյուրեղյանը չի ընդունել նոր մեղադրանքը։

«Ըստ մեղադրանքի, իբր, պաշտպանյալս ոստիկանության օրինական պահանջներին չի ենթարկվել, դիմադրություն է ցույց տվել և պատճառել է ոստիկանների առողջությունը քայքայող թեթև մարմնական վնասվածք»,-ասաց Զաքարյանը։

Հունիսի 12-ին Հայկ Գևորգյանի գործողությունները տեսագրվել էին և հրապարակվել։ Հարցին, թե արդյոք նրան առաջադրված մեղադրանքը համընկնում է նրա կատարած գործողություններին, Զաքարյանը պատասխանեց.«Ես չեմ կարծում, որ դա համաչափ է, որովհետև ասում եմ՝ 5-ից 10-ը տարի ազատազրկում է նախատեսում այդ հոդվածի սանկցիան՝ ինքն իրանով բավականին խիստ է»։

Պաշտպանը մեղադրանքի ծավալի ավելացման փաստը բացատրեց. - «Նախ 258 հոդվածը, երբ որ մեղադրանք առաջադրվեց, երևի թե իշխանությունը նպատակ էր դրել Հայկ Կյուրեղյանին հոգեբանորեն կոտրել. այսինքն, որ նա մեղավոր ճանաչի, զղջա արածի համար և այդ հոդվածով դատապարտվի։ Տեսնելով, որ այդ նպատակին հնարավոր չէ հասնել, ավելացվեց նաև երկրորդ հոդված, որով, որպես պատիժ, նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 10-ը տարի ժամանակով, որ, կրկին, Հայկ Կյուրեղյանին հոգեբանորեն ճնշեն, բայց, հավաստիացնում եմ ձեզ, որ Հայկ Կյուրեղյանի տրամադրությունը բարձր է, ընկճված չէ, նա իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց»։

Հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել Կյուրեղյանն այս նոր մեղադրանքին, Զաքարյանը պատասխանեց. - «Ասաց, որ ինձ համար կանխատեսելի է, որ իշխանությունները պատրաստ են ցանկացած ստորության գնալ, միևնույն է, ես իմ պայքարը շարունակելու եմ»։

Ինչպես Շանթ Հարությունյանի և նրա ընկերների, այնպես էլ Կյուրեղյանի դեպքում, փաստորեն, նույն հոդվածներն առաջդրվեցին՝ խուլիգանություն և ոստիկանի նկատմամաբ բռնություն։ Պաշտպան Արա Զաքարյանի խոսքով՝ այս երկու հոդվածները՝ 258 և 316, այն շաբլոնային հոդվածներն են, որոնք, որպես կանոն, իշխանությունները առաջադրում են այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանության գործողություններին։

Պաշտպանն ասաց, որ Կյուրեղյանին կալանավորելուց հետո, նախաքննական մարմինն, ըստ էության, քննչական գործողություններ չի կատարում: Այս կապակցությամբ, «Ազատության» հարցին ի պատասխան, ոստիկանությունում նախընտրեցին չմեկնաբանել փաստաբանի հայտարարությունը:

Հայկ Կյուրեղյանը ձերբակալվելուց հետո պնդել էր, որ հունիսի 12-ին ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս ու ոստիկանության շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ պնդումները հաստատել էին նաև նրան նախ մեկուսարանում, ապա նաև կալանավայրում տեսակցած, բռնությունների հետքերն արձանագրած դիտորդական խմբերը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ՝ Կյուրեղյանին ոստիկանությունում բռնության ենթարկելու փաստով: Սակայն, եթե իրավապահները Հայկ Կյուրեղյանին մեղադրանք առաջադրեցին անմիջապես, ապա մինչ օրս դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակը Հայկ Կյուրեղյանի նկատմամբ ոստիկանական բռնությունների վերաբերյալ քրեական գործին առնչվող «Ազատության» հարցերին ի պատասխան ասաց, որ այս փուլում՝ նախքննության գաղտնիությունից ելնելով, այլ տվյալներ չեն կարող հրապարակել։

Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործով ներգրավված փաստաբան Երվանդ Վարոսյանը դժգոհեց նախաքննությունից։

«Հայկ Կյուրեղյանը ճանաչվել է տուժող, հարցաքննվել է, մանրամասն ցուցմունք է տվել, դրանից հետո Հայկ Կյուրեղյանի հետ որևէ գործողություն չի կատարվել։ Սպասվում է, որ, Հայաստանում ձևավորված ավանդույթի համաձայն, կլինեն, երևի, մի քանի առերես հարցաքննություններ ոստիկանի հետ, որից հետո քրեական գործը կկարճվի»,- ասաց Վարոսյանը։

Նա ընգծեց, որ քաղաքական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ, հատկապես ում նկատմամաբ ոստիկանները բռնություն են գործադրել, հետապնդումը շատ ավելի սաստիկ է լինում։

«Ես կարծում եմ՝ դա մարդկանց լռեցնելու փորձ է, սակայն, ի սկզբանե ձախողված, որովհետև, եթե մարդ դուրս է եկել քաղաքական ակցիայի, պատրաստ է պայքարի՝ նրան այսպիսի բաներով չես վախեցնի»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Վարոսյանը։

Հիշեցնենք՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիայից հետո խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայկ Կյուրեղյանին ճանաչում է որպես իր պայքարի ընկեր:

XS
SM
MD
LG