Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլիի այցը` Վրաստանում ներիշխանական լարվածության ֆոնին


Վրաստնաի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արխիվ

Վրաստնաի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արխիվ

Վրաստանի վարչապետը Հայաստան է ժամանում ներիշխանական սրված հակասությունների ֆոնին. վերջին շաբաթներին վարչապետի և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հարաբերությունները կրկին լարվել են: Այս անգամ պատճառը Ազգային անվտանգության խորհրդի լիազորությունների շուրջ ծավալված բանավեճն է:

Այս թեման առաջին պլան մղվեց օգոստոսի սկզբին, երբ Մարգվելաշվիլին ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որին վարչապետ Ղարիբաշվիլին ցուցադրաբար չներկայացավ: Սակայն Վրաստանի նախագահը չի պատրաստվում հրաժարվել Անվտանգության խորհդրի դերակատրության մեծացման գաղափարից: Երեքշաբթի օրը Մարգվելաշվիլին Հավլաբարում գտնվող իր նստավայր էր հրավիրել իշխանական և ընդդիմադիր ուժերը ներկայացնող մի շարք պատգամավորների, ինչպես նաև փորձագետների ու Թբիլիսիում հավատարմագրված դիվանագետների` քննարկելու համար Անվտանգության խորհրդրդի լիազորությունների հարցը:

«Շատ կարևոր է, որպեսզի սահմանադրական այս մարմինը` Ազգային Անվտանգության խորհուրդը, արդյունավետ աշխատի և դառնա այն վայրը, որտեղ խորհրդարանում ներկայացված ուժերն ու գործադիր իշխանության ներկայացուցիչները կարողանան ընդհանուր հայտարարի գալ և կարևոր որոշումներ կայացնել», - նշել է Մարգվելաշվիլին:

Թբիլիսցի վերլուծաբանների կարծիքով Վրաստանի նախագահն այսպիսի քննարկումների միջոցով նախևառաջ փորձում է վերացնել այն վակուումը, որը ստեղծվել է իր անձի շուրջ վերջին մի քանի ամիսներին: Մարգվելաշվիլիի և իշխող «Վրացական երազանք» դաշինքի առանցքային անդամների հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, թե դժգոհ է Մարգվելաշվիլիի գործունեությունից, քանի որ նախագահը չի հետևում իր խորհուրդներին:

Քաղաքագետ Գիա Նոդիան այսպես է նկարագրում Վրաստանի նախագահի շուրջ ստեղծված կացությունը. - «Նախագահին մոտ կանգնած մարդկանց վկայությամբ, այն պահին, երբ հայտնի դարձավ Իվանիշվիլիի դժգոհության մասին, նախարարները դադարեցին պատասխանել նախագահի հեռախոսազանգերին: Մարգվելաշվիլիին արգելեցին ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը` թեև Սահմանադրության համաձայն դա հենց պետության ղեկավարի մենաշնորհն էր: Մարգվելաշվիլին նաև ընդդիմանում էր Միխաիլ Սաակաշվիլիի ծախսերի գաղտնազերծմանը: Այդ սկանդալի ժամանակ նախագահի հրապարակային հայտարություններին պատասխանում էին վարչապետի գրասենյակի կամ դատախազության մանր պաշտոնյաները»:

Վերլուծաբանը հավելում է, որ չնայած այս ամեինին` վարչապետի թիմը նախագահի դեմ սաբոտաժից բացի գործնական ազդեցության այլ լծակ չունի:

«Որոշակի զսպող մեխանիզմներ իհարկե կան: Դա, նախևառաջ, ուժեղ խորհրդարանական ընդդիմությունն է, որը թույլ չի տա, որպեսզի Սահմանադրություն փոխեն և նախագահին հեռացնեն աշխատանքից: Հասկանալով դա` նախագահին մի կերպ հանդուրժում են: Մարգվելաշվիլիին պատժելու համար, սակայն, նրա ընդդիմախոսները նվաստացնում են նախագահության ողջ ինստիտուտը», - նկատում է Նոդիան:

XS
SM
MD
LG