Մատչելիության հղումներ

Ջոն Հեֆերնն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն

Իրաքի եզդիները ցանկանում են ինքնավարություն ստեղծել և այս հարցում ակնկալում են ԱՄՆ աջակցությունը։ Այսօր այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հայտնել են Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները։

Դեսպանի հետ հանդիպման մասնակիցներից «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մինչ այդ հանդիպումը կապ են հաստատել Իրաքի եզդիների հետ և նրանցից ճշտել, թե ինչ կցանկանային փոխանցել ԱՄՆ-ի կառավարությանը։

«Բոլոր եզդիները տրամադրված են արդեն իսկ ինքնավարության ստեղծմանը, որովհետև եթե այս մարտերը ավարտվեցին և, Աստծո կամոք, հնարավոր եղավ խմբավորմանը դուրս հանել եզդիական տարածքներից, միանշանակ եզդիներն այլևս իրենց կյանքը չեն պատկերացնում նույն կարգավիճակով, նույն իշխանությունների ենթակայության ներքո: Այսինքն կարգավիճակը պետք է փոխվի միանշանակ, և պետք է ավելի լայն հնարավորություններ տրվեն, որպեսզի հենց եզդիներն իրենց պաշտպանությամբ զբաղվեն», - ասաց Մուրազին։

Երկրորդ կարևոր խնդրանքը, որը Հայաստանի եզդիների կողմից փոխանցվել է դեսպան Հեֆերնին, հումանիտար օգնությանն է վերաբերում. Բորիս Մուրազիի խոսքով՝ Իրաքի եզդիները Արևմուտքի կողմից տրամադրվող օգնության մի չնչին մասն են միայն ստանում: Պատճառը այն է, որ օգնությունը անմիջապես իրենց չի տրամադրվում, այլ փոխանցվում է միջնորդների միջոցով։

«Փախստականներին տրվող օգնության հիմնական մասը գնում է կրոնական ինքնավարություն, բայց այդ, այսօր էդ փախստականներն ապրում են տեղի եզդի մեծահարուստների ջանքերով, այսինքն՝ իրենց գումարներով, իրենց հայթայթած միջոցներով։ Սա խոսում է այն մասին, որ այդ աջակցությունները, օգնությունները, որ դրսից գալիս են, նաև Գերմանական կառավարության տրված 25 միլիոն եվրոն, չի հասնում իրական նպատակին», - ասաց Մուրազին։

Իրաքի եզդիները ինքնապաշտպանություն կազմակերպելու համար նաև զենք են խնդրել Միացյալ Նահանգներից։ Նրանք վստահ են, որ զինվելու դեպքում ցեղասպանությունը կկասեցնեն։

Ջոն Հեֆերնը եզդիական համայնքի ներկայացուցիչներին այս խնդրանքների հետ կապված ստույգ պատասխան չի տվել։ Բորիս Մուրազիի խոսքով՝ դեսպանն ասել է, որ եզդիների խնդրանքները կփոխանցի Վաշինգտոնին։

ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Ջոն Հեֆերնը հանդիպման ընթացքում ասել է, որ Իրաքի եզդիների ծանր դրությունը մեղմելու նպատակով Միացյալ Նահանգները շարունակելու է մարդասիրական ջանքերը։

Բորիս Մուրազին ասում է, որ Իրաքի եզդիների վիաճկը շարունակում է ծանր մնալ, իրավիճակի փոփոխության հույս էլ չկա, և միակ լուծումը նրանք տեսնում են միայն զենքով պայքարի մեջ։

Հիշեցնենք՝ օրերս Իրաքի եզդիների ծանր դրությանը անդրադարձել էր նաև Հայաստանի նախագահի գրասենյակը. Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ էր տվել ու նաև վարչապետին հանձնարարել՝ ավելացնել եզդիներին տրամադրող օգնության ծավալները։

Մուրազիին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հիշյալ հաղորդագրությունը տարածվեց եզդիների բողոքի ցույցերից հետո։

«Կար հասարակական ճնշում, դրանից հետո արդեն իսկ անհասկանալի իրավիճակ ստեղծվեց, երբ որ Ադրբեջանն անգամ օգնեց եզդիներին։ Այսինքն՝ էդ իրավիճակից դուրս գալու քայլ էր, բայց ոչինչ, տեղին արվեց հայտարարություն, բայց՝ ուշացած։ Կարծում եմ, եթե դրան հետևեն այն քայլերը, որ արվել են այդ հայտարարության մեջ, միանշանակ կարելի է ուշացած չհամարել», -փոխանցեց Մուրազին։

XS
SM
MD
LG