Մատչելիության հղումներ

Դատարանն ավարտեց Կանազի հոսպիտալի գործով տուժողների հարցաքննությունը


Դատարանում ցուցմունք տված բժիշկները՝ Երևանի կայազորային հոսպիտալի հրամանատարն ու բուժանձնակազմի 4 անդամները հայտարարեցին, թե հոգեբուժական բաժանմունքում բուժվող զինվորներին չեն ծեծել, այլ տարբեր «մարտական հնարքներով» փորձել են սաստել, որպեսզի, ինչպես բնորոշել էր հոսպիտալի հրամանատար Սահակ Օհանյանը՝ «խելագարված ամբոխը» դադարեցնի աղմուկ-աղաղակն ու ծեծկռտուքը։

Իսկ ամբաստանյալի աթոռին հայտնված զինվորներն ու նրանց պաշտպանները հակասություններ են տեսնում տուժողների ցուցմունքներում։

Այսօր ցուցմունք տված վերջին տուժողը հոսպիտալի ատամնաբուժական ծառայության պետ Արմեն Հովսեփյանն էր։ Նա նշեց, որ իրավիճակն այնքան էր լարվել, որ չէին կարող հավասարակշռությունից դուրս եկած զինվորներին դեղերով հանդարտեցնել։ Ուստի փորձել են նրանց հանդարտեցնել մարտական հնարքների միջոցով։

Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբերին Երևանի կայազորային հոսպիտալում մեծ աղմուկ հանած ծեծկռտուքի հետևանքով մեղադրանք է ներկայացվել հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժվող 3 ժամկետային զինծառայողների։ Նրանք մեղադրվում են հոսպիտալի բժիշկներին ծեծի ենթարկելու մեջ։ Գործով անցնող չորրորդ զինվորը մեղադրվում է ծեծկռտուքի ժամանակ ինքնախեղում կատարելու ու զինվորներից մեկին հարվածելու համար։

Այս գործով տուժող են ճանաչվել հոսպիտալի 5 բժիշկներ։ Ըստ պաշտոնական վարկածի, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը զանգահարելով հոսպիտալի պետին հայտնել է, որ զինվորներ Ռազմիկ Մանուկյանն ու Արշակ Թորոսյանը հիվանդասենյակում զբաղված են հարբեցողությամբ։ Օրը ոչ աշխատանքային էր, պետը շտապել է հոսպիտալ ու գործընկերների հետ փորձել կարգավորել արդեն սկանդալի վերածված իրավիճակը։ Այս ամենի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել նաև զինվորները։

Զինվորների պաշտպանները, մինչդեռ, հայտարարում են, թե իրականում հոսպիտալի անձնակազմն է բռնություն կիրառել իրենց պաշտպանյալների նկատմամբ։

Բժիշկ Հովսեփյանն այսօր հայտարարեց, թե ճիշտ է, Դավիթ Մարկոսյանին մարտական հնարքի միջոցով տապալել է գետնին, բայց հարվածներ չի հասցրել։ Մի քանի անգամ հարվածել է Ռազմիկ Մանուկյանին, ով փորձում էր պահարանը նետել հոսպիտալի հրամանատարի վրա։

«Ռազմիկը պառկեց գետնին և սկսել բղավել տարբեր բնույթի սեռական հայհոյանքներով, որ իրեն սպանում են, իրեն մորթում են․․․ Հայհոյանքներն ուղղված էին ընդհանուր՝ թե՛ ազգին, թե՛ երկրի նախագահին», - ասաց Հովսեփյանը:

Դավիթ Մարկոսյանի պաշտպան Մարինե Թովմասյանը միջնորդեց գործին կցել դեպքից հետո արված լուսանկարները, որտեղ երևում են Դավթի դեմքի, ականջի վնասվածքները։ Ի դեպ, այս դրվագով նախաքննական մարմինը կարճել է քրեական գործը՝ համարելով, որ Դավթի վնասվածքները իրավաչափ են։ Զինվորների պաշտպանները կարծում են, որ տուժողների ցուցմունքները իրարամերժ են ու հակասում են նրանց նախաքննական ցուցմունքներին։

Զինվոր Արշակ Թորոսյանի պաշտպան Գագիկ Նալբանդյանն ասում է, որ փակագծեր չի բացի, բայց ակնհայտ են այդ հակասությունները։

Հարցին, թե ինչու բժիշկները հակասական ցուցմունքեր տվեցին դատարանում, Նալբանդյանը պատասխանեց․ - «Եթե հնարվում է այն փաստական հանգամանքը, որը ներկայացվում է դատարանում կամ նախաքննության փուլում, մեկ անգամ մի ձևով կներկայացվի, մյուս անգամ այլ ձևով կներկայացվի: Իսկ եթե օբյեկտիվ իրականությունն է պատմվում, բնականաբար կպատմվի այն, ինչ որ իրականում եղել է»:

Մեղադրյալ Դավիթ Մարկոսյանի մայրն այսօր լսելով բժիշկ Հովսեփյանի ցուցմունքը որդու մասով՝ լրագրողներին ասաց, թե բժիշկը չպատմեց իրականությունը. - «Իրեն ծեծողը եղել է այդ ատամնաբույժը: Նա լրիվ հերքել է ճիշտը: Քանի որ մենք ունենք լավ ապացույց՝ լուսանկարները: Եթե Դավիթը այդ վիճակում չփախչեր, Դավիթին կարող է մահ սպառնար»:

Դավիթ Մարկոսյանն ազատվել է բանակից հոգեկան հիվանդության պատճառով այն դեպքում, երբ բանակ զորակոչվելիս նա առողջ էր։ Պատճառը, մոր համոզմամբ՝ բանակային պայմաններն են, «իրավիճակը, որտեղ ինքը հայտնվել է»:

Մեղադրյալների մայրերը կարծում են, թե հոսպիտալի բուժանձնակազմը կարող էր կանխել կատարվածը, և ոչ թե իրավիճակը հասցնել քաոսի։

Ռազմիկի մայրը՝ Աննա Կարապետյանը պատմում է, որ որդին միշտ էլ նյարդային խնդիրներ է ունեցել ու նրան չպետք է զորակոչեին:

Կանազի գործով հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 2-ին է։

XS
SM
MD
LG