Մատչելիության հղումներ

Զինյալները տեսանյութով ցուցադրել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի գլխատումը


Ֆոուլին սպանվում է որպես վրեժխնդրություն Իրաքի հյուսիսում իսլամիստների դիրքերին ամերիկյան օդուժի հարվածների դիմաց։

«Իսլամական պետություն» հռչակած զինյալները տեսանյութ են տարածել՝ ցուցադրելով, թե ինչպես են գլխատում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին։

Տեսանյութը, որը վերնագրված է «Ուղերձ Ամերիկային», տեղադրված է սոցցանցերում օգոստոսի 19-ին։ Հինգ րոպեանոց տեսանյութում դիմակավորված զինյալը, ով խոսում է բրիտանական առոգանությամբ, ասում է, որ Ֆոուլին սպանվում է որպես վրեժխնդրություն Իրաքի հյուսիսում իսլամիստների դիրքերին ամերիկյան օդուժի հարվածների դիմաց:

Գլխատելուց առաջ զինյալները նրան ստիպել են ամերիկյան օդուժի ռմբահարումները դատապարտող տեքստ կարդալ:

Սպանությունը իրականացնող գրոհայինը տեսանյութում ասում է․ - «Այսօր ձեր ռազմական օդուժը ամեն օր հարձակվում է մեզ վրա Իրաքում: Ձեր հարվածներից մահմեդականներ են զոհվում: Դուք այլևս ապստամբների դեմ չեք պայքարում։ Մենք մահմեդական բանակ ենք ու պետություն, որն աշխարհով մեկ մուսուլմանների կողմից ընդունվել է, այնպես որ «Իսլամական պետության» դեմ ցանկացած ագրեսիա հանդիսանում է ագրեսիա հասարակության տարբեր շերտերի մահմեդականների դեմ, որոնք իսլամական խալիֆաթն ընդունում են որպես առաջնորդ»:

Ջեյմս Ֆոուլին, ով թղթակցում էր ամերիկյան Global Post մեդիա խմբին, France-Presse-ին, առևանգվել էր Սիրիայում 2012 թվականի նոյեմբերին:

Տեսանյութում զինյալները ցույց են տալիս նաև երկրորդ գերուն՝ ասելով, թե նա ամերիկացի լրագրող Սթիվեն Սոլթլոֆթն է, ով Սիրիայում անհետացել էր 2013 թվականի ամռանը: Իսլամիստները հայտարարել են, թե նրա կյանքը ևս կախված է Ամերիկայից: Դիմակավորված իսլամիստը ասում է. - «Այս Ամերիկայի քաղաքացու կյանքը, Օբամա, կախված է քո հաջորդ որոշումից»։

Սպիտակ տունը հայտնել է, թե տեսանյութը ուսումնասիրվում է՝ պարզելու համար, թե որքանով է այն իրական: Ապացուցվելու դեպքում հնարավոր է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթը:

Բայց Ջեյս Ֆոուլիի ընտանիքը «Ֆեյսբուք»-ում արդեն գրել է. - «Մենք երբեք այնքան հպարտ չենք եղել մեր որդի Ջիմով, որքան հիմա: Նա զոհաբերեց իր կյանքը՝ աշխարհին ցույց տալու համար Սիրիայի ժողովրդի տառապանքները: Առևանգողներին մենք հորդորում ենք խնայել մյուս պատանդների կյանքը: Նրանք անմեղ են, ինչպես Ջիմը»:

Ջեյմս Ֆոուլին երկար տարիներ աշխատել է Մերձավոր Արևելքում: Լիբիայում նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի ուժերը նրան 6 շաբաթ պատանդ էին պահել: Այս ժամանակ՝ 2011 թվականի մայիսին, Ջեյմս Ֆոուլին բրիտանական Sky News-ի հարցազրույցում ասել էր. - «Մենք գնացինք մինչև ճակատային գիծը, և մեզ ասացին, որ Քադաֆիի զորքերը շատ մոտ են: Մենք որոշեցինք դուրս գալ ճանապարհից՝ մտածելով, որ այդպես ավելի անվտանգ կլինի, քանի որ ճանապարհը գնդակոծվում էր: Դժբախտաբար Քադաֆիի զորքերը եկան բլրի վրայով, և վայրկյաններ անց մենք հայտնվեցինք ծանր կրակի տակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG