Մատչելիության հղումներ

logo-print

Նախկին դեսպանը Իրաքից փախստականների Հայաստան գալն իրատեսական է համարում


Իրաք - Տեղահանված եզդիները Սինջար լեռան ստորոտին՝ դեպի Սիրիայի սահման ճանապարհին, 11-ը օգոստոսի, 2014թ.

Իրաք - Տեղահանված եզդիները Սինջար լեռան ստորոտին՝ դեպի Սիրիայի սահման ճանապարհին, 11-ը օգոստոսի, 2014թ.

Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ Հայաստանը պետք է բոլոր միջոցներն օգտագործի Իրաքի քրիստոնյաների և եզդիների վիճակը թեթևացնելու համար:

Միջազգային հանրությունը պետք է, նախ և առաջ, խիստ պատժի «Իսլամական պետության» զինյալներին, և Իրաքում հարվածի տակ գտնվող փոքրամասնություններին՝ ազգային և կրոնական, պետք է ցուցադրվի առավելագույն օժանդակություն: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ՝ պետք է բոլոր պաշտպանական հնարավորությունները օգտագործվեն, որ այս մարդկանց նման ծայրահեղ վիճակից հանեն։

Հիշեցնենք՝ գերտերություններին առայժմ չի հաջողվում դադարեցնել եզդիների սպանդը Իրաքի հյուսիսում։ Իրաքի եզդիների պնդմամբ՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալները իրենց երկընտրանքի առաջ են կանգնեցրել՝ կամ ընդունել մահմեդականություն, կամ՝ մեռնել: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հարյուրավոր մարդիկ են սպանվել։

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ բացի ֆինանսական աջակցությունից, Հայաստանը պետք է բոլոր մյուս միջոցները ևս օգտագործի՝ դիվանագիտական, քաղաքական, որպեսզի քրիստոնյաների և եզդիների վիճակը այդ տարածաշրջանում թեթևացվի։

Այսօր ակտիվորեն քննարկվում է եզդիների՝ Հայաստան գալու հարցը, նշվում է նաև, որ Հայաստանը նրանց ընդունել չի կարողանում։ Հարցին, թե Հայաստանն այսօր հնարավորություն ունի՞ ընդունել փախստականներին, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Եթե մարդ իրոք ուզում է ինչ-որ բարի գործ անել, դա ոչ թե իր ավելորդից պիտի անի, այլ իր հնարավորից պետք է անի, նույնը վերաբերում է պետությանը՝ և եզդիներին, կամ քրիստոնյաներին օթևան տալ, օգնելը, իհարկե, դա մեր խղճի պարտքն է, իմ կարծիքով»։

Հարցին, թե փախստականների տարերային հոսք կարո՞ղ է Հայաստանն այսօր ընդունել, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպանը պատասխանեց. - «Ա՛յ այդտեղ արդեն մեր պետական մեխանիզմները պետք է աշխատեն, որ տարերային հոսքը վերածեն կազմակերպված գործողությունների, որպեսզի այդ մարդիկ կազմակերպված ձևով, ով որ կարողանա, կամ ում հնարավոր լինի՝ տեղափոխեն, նրանց ապահովեն սկզբնական գոնե վիճակը, որը թույլ տա իրենց մարդ զգալ, ապահով զգալ, փրկվել, էլի՝ մահից փրկվելու խնդիր է չէ էստեղ, մարդկանց մի կերպ պետք է օգնել»։

Դավիթ Հովհաննիսյանը նշեց, որ փախստականների Հայաստան գալը իրատեսական է: «Ավելին ասեմ՝ արտակարգ իրավիճակում արտակարգ միջոցներ են օգտագործվում, հազար ու մի միջոց կա դրա համար վաղուց հնարած, էստեղ ինչ-որ բաներ պետք չէ հնարել, գործողությունները պետք է իրականացնել ոչ թե միայնակ՝ միայն Հայաստանը, այլ կազմակերպված ձևով՝ ՄԱԿ-ի միջոցով, մեծ տերությունների հետ համաձայնությամբ, պետք է ակտիվ լինել ուղղակի և իմանալ՝ ինչ ես ուզում անես», - շեշտեց նախկին դեսպանը:

XS
SM
MD
LG