Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովից՝ ցեղասպանության ուրացող


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Վաշինգտոնը շատ է տեսել անբարո քաղաքական գործիչներ, սակայն Հայկական հարցի առնչությամբ երկերեսանիության առաջին մրցանակը պետք է տալ նախկին կոնգրեսական Ռիչարդ Գեբարդին, որը 1989-1995 թվականներին եղել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության, իսկ 1995-2003 թվականներին՝ փոքրամասնության ղեկավար:

Ավելի քան երկու տասնամյակ պայքարելով ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման, Գեբարդը 2005 թվականին պաշտոնաթող լինելուց անմիջապես հետո սկսեց մեծ գումարներ վաստակել լոբբինգ անելով հենց այն հարցի դեմ, որի ջատագովն էր եղել Կոնգրեսում…

Օգտվելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին թուրքական խուճապից, «Գեբարդ գրուփ կառավարական կապեր» ընկերությունը տարվա սկզբին ընդլայնեց իր վաղեմի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: 1.4 միլիոն դոլար արժողությամբ նոր պայմանագիրը ներառում է ենթակապալառուներ Դիքշթայն Շափիրոյին (տարեկան 531 հազ. դոլար), Գրինբերգ Թրորիգին (տարեկան 314 հազ. դոլար), Լիդիա Բորլենդին (տարեկան 180 հազ. դոլար) և Բրայան Ֆորնիին (տարեկան 78 հազ. դոլար): «Գեբարդ գրուփ»-ը և նրա գործընկերները համաձայնել են Թուրքիային տրամադրել հետևյալ ծառայությունները.

«ա) Առաջարկել և հետապնդել օրենքների ու ԱՄՆ-ի կառավարության այլ որոշումների ընդունումը, որոնք կնպաստեն Թուրքիայի շահերին և կապահովեն բարձր վարկանիշ թուրքերի, Թուրքիայի և Միացյալ Նահանգներ - Թուրքիա հարաբերությունների համար,

բ) Պահպանել և ընդլայնել Թուրքիայի և թուրք ամերիկացիների հարցերով կոնգրեսական հանձնախումբը,

գ) Իրազեկել Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ-ի վարչակազմին Թուրքիայի համար կարևորություն ներկայացնող հարցերի մասին,

դ) Անհապաղ տեղեկացնել Թուրքիային նրա համար կարևորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ Կոնգրեսի կամ գործադիր իշխանության ցանկացած որոշման մասին,

ե) Հակիրճ վերլուծություն պատրաստել՝ Կոնգրեսում և գործադիր իշխանությունում Թուրքիային հուզող հարցերի զարգացումների մասին,

զ) Մատնանշել այն պաշտոնական հավաքույթները և հանրային միջոցառումները, որոնց, «Գեբարդ գրուփ»-ի կարծիքով, պետք է մասնակցի [Թուրքիայի] դեսպանատան անձնակազմը, այդ թվում՝ հնարավորության դեպքում ձեռք բերել անհրաժեշտ հրավերներ,

է) Մատնանշել և կազմակերպել տեղական և ամբողջ երկրի մակարդակով ելույթներ՝ [Թուրքիայի] դեսպանատան աշխատակիցների կամ նրանց նշանակած կամ առաջարկած անձանց համար համաժողովներում՝ Թուրքիայի վարկը բարձրացնելու և նրա շահերը Կոնգրեսում առաջ մղելու համար: Համաձայն Թուրքիայի ցուցումների՝ սա պետք է համակարգվի Թուրքիայի հանրային կապերի ծառայությունների մատակարար(ներ)ի հետ, և

ը) Պահպանել ու ստեղծել դաշինքներ այլ շահագրգիռ խմբերի հետ, որոնց նպատակները նման են կամ ընդունվում են Թուրքիայի կողմից»:

Հատկանշական է, որ գործընկեր Գրինբերգ Թրորիգի պարտականությունների մեջ մտնում են. «կապերի մշակումը և օգտագործումը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում, Պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության խորհրդում՝ նրանց փոխանցելու համար ցեղասպանության հարցի ծանրակշռությունը և հնարավոր սպառնալիքը Միացյալ Նահանգներ - Թուրքիա հարաբերություններին»:

Չնայած Վաշինգտոնում բազմաթիվ անբարո լոբբիստներ կան, սակայն ոչ ոք չի կարող մրցել Գեբարդի վրդովեցուցիչ կերպարանափոխության հետ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովից վերածվելով ցեղասպանության ժխտողի … Այս խիստ կարևոր բարոյական հարցի վերաբերյալ Գեբարդի ամոթալի կտրուկ շրջադարձը առաջին անգամ բացահայտել էր The New Republic-ը՝ 2007 թվականի հուլիսի 23-ին իր հրապարակած՝ «K Street-ը [լոբբիստական ընկերությունների փողոց] փող է աշխատում 1915-ի Հայոց ցեղասպանությունից» խորագրով հոդվածով: Կոնգրեսում 26 տարիների ծառայության ընթացքում Գեբարդը համահեղինակել է մի քանի բանաձևեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ և բազմիցս խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին: 2000 թվականին Գեբարդը և Ներկայացուցիչների պալատի այլ երկու դեմոկրատ կոնգրեսականներ համատեղ նամակ էին ստորագրել ուղղված այն ժամանակվա խոսնակ Դենիս Հասթերթին՝ հորդորելով նրան Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի անհապաղ քվեարկություն նշանակել:

2005 թվականի հունվարին, Ներկայացուցիչների պալատի իր աթոռը լքելուց ընդամենը մի քանի օր անց, Գեբարդը Վաշինգտոնում բացեց իր խորհրդատվական և լոբբիստական ընկերությունը: 2005-2009 թվականներին նա դարձավ կառավարության հետ կապերի հաստատման գծով ռազմավարական խորհրդատու DLA Piper միջազգային իրավաբանական ընկերության համար, որն ամսական 100 հազ. դոլար է ստացել Թուրքիայի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ լոբբինգ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ Ներկայացուցիչների պալատում… The New Republic-ը հաղորդել էր, որ Գեբարդը հանդիպումներ է կազմակերպել Թուրքիայի խորհրդարանի անդամների և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ղեկավարների միջև, օգնել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանին հանդիպում ունենալ «թերահավատ Նենսի Փելոսիի» հետ և շրջանառության մեջ դրել Հայոց ցեղասպանությունը ժխտող՝ «Կոչ իմաստության» վերնագրով գրքույկը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG