Մատչելիության հղումներ

Դեռևս որևէ եզդի փախստական Հայաստան չի տեղափոխվել


Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ զանգվածային բռնությունների այս օրերին դեռևս որևէ եզդի փախստական Հայաստան չի տեղափոխվել։

Ինչպես տեղեկացանք արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանից, Հայաստան գալ փորձող փախստականների տարերային հոսք էլ այս պահին չկա։ Հայաստանի սահմանին հասնելու դեպքում Իրաքի քաղաքացիները, անկախ ազգությունից, չեն կարող առանց մուտքի արտոնագրի հատել սահմանը, քանի որ Հայաստան մուտք գործելու համար պարտադիր է դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսարաններում ստացած մուտքի արտոնագիրը։

Տիգրան Բալայանը փոխանցեց, որ եթե նախկինում վիզա ստանալու համար նաև հրավեր էր անհրաժեշտ, ապա այժմ այդ պահանջը Իրաքի քաղաքացիների համար հանված է։

Ինչ վերաբերում է փախստականներին, ապա նրանց Հայաստան հասնելու և ապաստան հայցելու ուղիներն էլ դեռևս անորոշ են, քանի որ Հայաստան գալու համար նրանք նախ պետք է հատեն Իրանի կամ Վրաստանի սահմանը, ինչը ևս որոշակի ընթացակարգեր է նախատեսում։

Տեղեկացանք, որ այս բոլոր հարցերը քննարկումների փուլում են, որոնց արդյունքներով առավել կհստակեցվեն Հայաստանի հետագա անելիքները։

Իսկ այս պահին, մուտքի արտոնագրերով սահմանը հատելու և բնակություն հաստատելու ցանկության դեպքում, եզդիները կարող են ապաստանել ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։ ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ղարաբաղը պատրաստ է իր հնարավորության չափով եզդիներին օժանդակել. - «Արցախը, գիտեք, ունի բազմաթիվ խնդիրներ․․․ Բայց որպես մարդասիրական սկզբունք, որպես պետություն, որը որդեգրել է ժողովրդագրական սկզբունքները, մենք, եթե նման դիմում լինի, նման հայտ լինի, կփորձենք ինչքան հնարավոր է սատարել այդ մարդկանց: Առայսօր նման դիմում չի եղել»:

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը պատրաստ է ավելացնել Իրաքի հյուսիսում եզդի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության նախապես ծրագրված ծավալները։

Ինչպես հայտնի դարձավ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանի հաղորդագրությունից, Սերժ Սարգսյանը վարչապետի հետ քննարկել է այդ հարցը, և Կառավարությունը խնդրին լուծում կտա առաջիկա օրերին։ Բացի այդ, խորը անհանգստություն հայտնելով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների կապակցությամբ, նախագահը հանձնարարել է Արտգործնախարարությանն ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին կրկնապատկել ջանքերը միջազգային ասպարեզում խնդրին հետամուտ լինելու ուղղությամբ։

Հայաստանի եզդիների «Սինջար» ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին «Ազատության» հետ զրույցում ողջունեց պաշտոնական Երևանի այս դիրքորոշումը՝ միաժամանակ արձանագրելով, որ արձագանքը փոքր-ինչ ուշացած է. - «Բայց ամեն դեպքում՝ լավ է ուշ, քան երբեք: Այդ հայտարարության կոնտեքստում եթե շարունակություն լինի, և կատարվեն այն քայլերը, որոնք նշվել էին նախագահի խոսնակի կողմից, կարծում եմ, շատ լավ կլինի»:

Նա նշեց, որ եթե բռնությունների առաջին օրերին ավելի մեծ թվով եզդիներ էին ցանկանում տեղափոխվել Հայաստան, ապա Հայաստանի արձագանքի ուշացման պատճառով այժմ ցանկացողների թիվը նվազել է, մեծ մասը արդեն իսկ ապաստան են գտել այլ երկրներում.

Միաժամանակ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում էջ է բացվել և դրամահավաք է սկսվել՝ եզդիներին օժանդակելու նպատակով։ Նախաձեռնողներից արձակագիր Բայանդուր Պողոսյանը «Ազատության» հետ այսպես ներկայացրեց իրենց նախաձեռնությունը. - «Պահանջը միանշանակ է, որ Հայաստանը պետք է սահմանները բացի եզդի փախստականների համար ու հնարավորինս շատ փախստականներ ընդունի՝ նույնիսկ մշտական կացության իրավունք տրամադրելով: Նպատակ ունենք մինչև հոկտեմբերը գոնե 20 հազար դոլարի չափ հանգանակություններ ստանալ, գոնե կարողանանք մի քանի ընտանիքի ծախսերը հոգալ այստեղ: Դա արդեն բավականին մեծ ձեռքբերում կլինի»:

«Օգնիր եզդի եղբորդ» ֆեյսբուքյան էջին արդեն միացել են 600-ից ավելի օգտատերեր։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG