Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյան. «Պատերազմի դեպքում օլիգարխների որդիներին անձամբ ես եմ մարտադաշտ տանելու»


Գրիգորյանի խոսքով՝ թշնամին ակտիվանում է, երբ «ներսում կռվում, իրար վարկաբեկում ենք»։

Այսօր համագործակցելու պայմանավորվածություն ձեռք բերեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ)։ Առաջիկայում ԵԿՄ-ն նախարարության աշխատակիցների համար դասընթացներ կանցկացնեն։

Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի խոսքով՝ թշնամուն պետք է ցույց տալ, որ մենք միասնական ենք։

«Երբ որ մենք ստեղ սկսում ենք կռվել, իրար վարկաբեկել, նոր թուրքը ժրում ա: Եթե մենք միասնական, ուժեղ ապրենք, նրանք խելոք նստելու են տեղը, ոչ էլ նման հարց են բարձրացնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նաև պարգևատրումներ եղան. Մանվել Գրիգորյանը պարգևատրեց նախարար Արմեն Երիցյանին, նա էլ պարտք չմնաց և մեդալներ հանձնեց Մանվել Գրիգորյանին և մի շար այլ երկրապահների։ Առանց մեդալի չմնաց նաև գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը։

Գեներալի համար նաև կարճատև շրջայց կազմակերպվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունում, ինչից հետ Գրիգորյանն անկեղծացավ՝ ասելով, թե այն, ինչ տեսավ, իր համար կարծես ֆիլմ լիներ։

Լրագրողների խնդրանքով Մանվել Գրիգորյանը անդրադարձավ նաև սահմանային վերջին միջադեպերին։ Նրա խոսքով՝ իրավիճակը լարված է եղել նաև նախկինում, վտանգ ինքը միշտ է զգում, քանի որ հարևանությամբ թշնամին է․ - «Ես դա 25 տարի առաջ եմ տեսել, էն ժամանակ նոր սկսել էին խառնել՝ դե իրա մխտառությունը, գեշությունը, իրա վատությունը ցույց ա տալիս»։

Վերջին շաբաթներին սահմանին տիրող լարվածության ընթացքում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնվում էին մամուլի ուշադրության կենտրոնում՝ բոլորը առաջնագիծ էին մեկնում: «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ երկրապահները չգնացին դիրքեր, Գրիգորյանը պատասխանեց․ - «Երկրապահները 25 տարի առաջ գնացել են դիրքեր ու մինչև հիմա մնացել են: Էս բանակը երկրապահն ա, տղա ջան, էդ վատ ա, որ դու չգիտես, երկարապահը մի անգամ ա գնացել դիրք ու էնտեղից դուրս չի եկել»։

Նա նաև հավելեց, որ իրենք մարտական են տրամադրված, և եթե մեկը ցանկանա վնասել Հայաստանին, ինքը նրան ասելու բան կունենա։

Մարտական էր տրամադրված նաև Սյունիքի նախկին մարզպետ, երկրապահ Սուրիկ Խաչատրյանը։ «Պատերազմի վերսկսման դեպքում, մտածելու բան չունենք», - ասաց նա։ - «Բայց թող իրանք մտածեն պատերազմի արդյունքի մասին, որովհետև, եթե մի բան եղավ, յոթը ռայոն էլ ենք տանելու»։

Մանվել Գրիգորյանը նաև խոստացավ, որ պատերազմի դեպքում օլիգարխների որդիներին անձամբ ինքն է մարտադաշտ տանելու: Նա վստահ է, որ նոր սերունդը իրենցից լավ կկռվի։

«Ես հիշում եմ, մեզ էն վախտ, պուճուր էինք, մեր պապերն ասում էին՝ դուք պիտի պահեք էս երկիրը, փաստորեն պահեցինք, բայց ես վախում եմ, տենց բան թույլ չեմ տալիս ասեմ, ասում եմ՝ դուք եք պահողը, չեմ ասում դուք պիտի պահեք, ասում եմ՝ դո՛ւք եք պահողը, դո՛ւք եք ես երկրի տերը, նոր սերնդի», - ասաց Մանվիել Գրիգորյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG